Tuesday, April 23, 2024
Նորություններ

Սուր շնչառական վարակների իրավիճակը հանրապետությունում կայունանում է

Օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված իրավիճակը կայունանում է՝ թե՛ պոլիկլինիկական դիմելիության, թե՛ շտապօգնության կանչերում և թե՛ ստացիոնարում:

Հունվարի 17-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններում գրանցվել է 1251 դիմելիություն, հունվարի 15-ին՝ 2065: Հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 775 հիվանդ, հունվարի 15-ին՝ 837: Դեպքերի 95%-ն արձանագրվել է երեխաների շրջանում (հատկապես՝ 0-2 տարեկան): Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերին, ապա արձանագրվել է 107 կանչ, հունվարի 15-ի՝ 121-ի դիմաց:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 17-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 507 երեխա (Երևան՝ 141, մարզեր՝ 366): Բոլորը տուն են ուղարկվել:

Շարունակվում է ջերմային ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում: Շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին:

Հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաև գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.

– մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի նշանակման, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, խուսափե´ք  գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

– եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի: Եթե հիվանդ է ձեր երեխան, մի´ թույլ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,

– եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրե´ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

– հագնվե´ք  և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,

– պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,

– օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

– հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

– հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով,

– 0-5 տարեկան երեխաներին, հղիներին, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, տարեցներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook