Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ստամոքս-աղիքային, ճիճվային հիվանդություններ և դրանց կանխումը

Անորակ սնունդը սովորաբար ունենում է անդուր տեսք, գույն, հոտ, նեխման կամ խմորման նշաններ։ Սակայն որոշ դեպքերում հիվանդածին մանրէներով սննդի վարակվածությունը արտաքինից չի երևում։ Այդպսի սննդի օգտագործումն առաջացնում է սննդային թունավորում, որն արտահայտվում է ինքնազգացման վատացմամբ, գունատությամբ, թուլությամբ, սրտի աշխատանքի, շնչառության խանգարմամբ, որովայնի ցավով, փսխումով։ Առաջին օգնություն ցուցյ տալու համար անհրաժեշտ է առաջացնել փսխում և ստամոքսից արագ հեռացնել անորակ սնունդը։ Դրա համար տուժածին տալիս են խմել 2-3 բաժակ գոլ սոդայաջուր և փսխում առաջացնելու նպատակով թեյի գդալով գրգռում լեզվի արմատը կամ ըմպանի հետին պատը։

Սննդի հետ հաճախ մարսողական խողովակ կարող են անցնել ախտածին մանրէներ։ Դրանց մի մասը ոչնչանում է բերանի խոռոչում թքի, մյուսները՝ ստամոքսում աղաթթվի ներգործությամբ։ Բայց կան մանրէներ, որոնք կայուն են և չեն ոչնչանում։ Աղիներում նրանք բազմանում են, առաջացնելով վարակիչ հիվանդություններ՝ որովայնային տիֆ, դիզենտերիա, խոլերան։ Այդ հիվանդություններն ուղեկցվում են սովորաբար ջերմության բարձրացմամբ, աղիների աշխատանքի խանգարմամբ։ Նման դեպքերում պետք է շուտափույտ դիմել բժշկի օգնության։

Խոլերայի հարուցիչ բակտերիան ունի ստորակետի ձև։ Այն բավական կայուն է, հատկապես ջրային միջավայրում, սակայն հեշտությամբ մահանում է քլորակրի ազդեցությունից։ Այդ պատճառով խոլերայի համաճարակների ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործվող ջուրը,կաթը եռացնել, ուտելուց առաջ ձեռքերը մշակել քլորակրի լուծույթով և ապա լավ լվանալ մաքուր ջրով։ Խոլերան հաճախ դրսևորվում է վարակից 2-3 օր հետո։ Խոլերայի հարուցիչները, ընկնելով բարակ աղի, արագորեն բազմանում են, արտազատում են թույն, որն առաջացնում է լուծ, երբեմն արյունախառն արտաթորանքով։ Այդ ընթացքում օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր և հանքային աղեր։ Հիվանդին կարելի է փրկել միայն հակաբիոտիներ օգտագործելու միջոցով։

Աղեստամոքսային հիվանդություններից հաճախ հանդիպում է դիզենտերիան,որով մարդը վարակվում է հիվանդության հարուցիչներով վարակված սննդանյութեր օգտագործելիս։ Հարուցիչը ախտահարում է հաստ աղին.դրա փոխանցողները ճանճերն են։ Վարակից 2-3 օր հետո հիվանդի ջերմությունը բարձրանում է,մկաններում և հոդերում առաջանում են ցավեր, խանգարվում է աղիների գործառույթը։

Մարդու համար չափազանց վտանգավոր են բոտուլիզմի հարուցիչները, որոնք ապրում են խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, ձիերի, կրծողների աղիներում, սակայն նարանց մոտ որևէ հիվանդության ախտանիշ չի հայտնաբերվում։Հողի մեջ ընկնելիս տարածվում են մրգերի, բանջարեղենի վրա և դրանցից օգտվող մարդուն վարակում բոտուլիզմով։ Այդ հիվանդության մանրէները կարող են արագ բազմանալ։ Դրանց սպորները չափազանց կայուն են, կարող են ոչնչանալ միայն մի քանի ժամ եռացնելուց հետո։ Այդ է պատճառը, որ հիվանդությամբ ավելի հաճախ վարակվում է պահածոյացված մթերք, սնկեր, ձկնեղեն օգտագործողները։ Բոտուլիզմ հիվանդությունը սովորաբար զարգանում է վարակված սնունդ ընդունելուց 12-24 ժամ հետո։ Դիտվում է գլխացավ, սրտխառնոց, փսխում, ավելի ուշ՝ 1-2 օր հետո, խանգարվում է տեսողությունը։

Ստամոքսաղիքային հիվանդությունների փոխանցողները համարվում են ճանճերը և այն միջատները, որոնք սնվում են սննդի մնացորդներով։ Միջատները բավականին արագ են բազմանում։ Այդ պատճառով հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է սննդամթերքը պահել սառնարանում, խնամքով լվանալ։

Աղիքային վարակների դեմ պայքարելու համար օգտագործվում են հակաբիոտիկներ, որոնք ախտահարույց մանրէների հետ սպանում են նաև օգտակար բակտերիաներին։ Բակտերիաների կենսունակությունը վերականգնելու նպատակով հիվանդներին խորհուրդ է տրվում սննդի օրաբաժնում օգտագործել կաթնաթթվային մթերք, բանջարեղեն։ Կաթնամթերքները միաժամանակ հաստ աղիքում ստեղծում են թթվային միջավայր և ճնշում նեխման բակտերիաների գործունեությունը։ Ուստի բոլորին խորհուրդ է տրվում երեկոյան օգտագործել կաթնամթերք։

Ճիճվային հիվանդությունների հարուցիչները հաճախ տեղակայվում են մարդու և կենդանիների աղիներում, իսկ երբեմն էլ այլ օրգաններում։ Նրանք չափազանց բեղուն են, արտազատում են հսկայական քանակությամբ ձվեր, որոնք, ընկնելով սննդամթերքների վրա, կարող են դառնալ վարակի աղբյուր։

Մակաբույծ որդերով վարակված հիվանդների մոտ դիտվում է արագ հոգնածություն, հաճախակի գլխացավեր, սրտխառնոց, փսխումներ, կարող է զարգանալ սակավարյունություն՝ անեմիա։ Վարակն այդ որդերով տեղի է ունենում ոչ մաքուր, ոչ լավ լվացված մրգերի, բանջարեղենի, ինչպես նաև ընտանի կենդանիների հետ շփման միջոցով։ Որոշ մակաբույծ որդերով (երիզորդ) մարդը կարող է վարակվել վատ եփած մսամթերք, ձկնեղեն օգտագործելիս։ Ամենից հաճախ մարդը վարակվում է սրատուտով, ասկարիդով, երիզորդով, որոնք չափազանց բեղուն են, արագ բազմանում են։

Ստամոքսաղիքային հիվանդությունները հաճախ կոչվում են ոչ մաքուր, կեղտոտ ձեռքերի հիվանդություններ։ Նրանց հարուցիչներն ընկնում են սննդամթերքների, որտեղից էլ՝ ձեռքերի վրա և ապա բերանի խոռոչ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook