Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սրտի ո՞ր հիվանդություններ դեպքում չի կարելի շատ ջուր խմել

Բազմաթիվ մասնագետներ խորհուրդ են տալիս շոգ եղանակին ավելի շատ ջուր խմել՝ միաժամանակ նշելով, որ կան հիվանդություններ, որոնց դեպքում դա ցանկալի չէ: Խոսքն առաջին հերթին երիկամների հիվանդությունների մասին է: Բայց կան նաեւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, որոնց դեպքում նույնպես խորհուրդ չի տրվում շատ ջուր խմել: Դրանց մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է սրտաբան Գայանե Աղաբաբյանը:

Ծանր սրտային անբավարարություն

Սրտային անբավարարությունը սրտի աշխատանքի սուր կամ քրոնիկական խանգարում է, որի հետեւանքով խախտվում է դեպի օրգաններ եւ հյուսվածքներ արյան մատակարարումը:

Սրտաբանի խոսքով՝ սրտային անբավարարության ծանր ձեւերի պարագայում արյան շրջանառությունը խախտվում է, ինչը հանգեցնում է նրան, որ հեղուկը մնում է օրգանիզմում եւ այտուցներ են առաջանում: Այդ պատճառով ծանր սրտային անբավարարության դեպքում խորհուրդ չի տրվում շատ ջուր խմել. դա կարող է վատացնել հիվանդի վիճակը:

Հիպերտոնիա

Բարձր զարկերակային ճնշման պարագայում հեղուկի ավելցուկը մեծացնում է արյան ծավալը, ինչը կարող է հանգեցնել ճնշման է՛լ ավելի բարձրացման: Մյուս կողմից՝ ջուրն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ աղը, ջրիկացնում է արյունը, ինչի արդյունքում այն ավելի դյուրին է հոսում անոթներով: Այդ պատճառով ամբողջությամբ ջրից հրաժարվելը ճիշտ չէ:

Ե՛վ ծանր սրտային անբավարարության, ե՛ւ հիպերտոնիայի դեպքում միայն մասնագետը կարող է խորհուրդ տալ, թե կոնկրետ հիվանդն օրական որքան ջուր կարող է եւ պետք է խմի՝ կախված նրա վիճակից:

Սակայն կա կանոն, որը տարածվում է բոլորի վրա. հարկավոր է առանց աղի ջուր խմել, քանի որ աղը նպաստում է, որ հեղուկը մնա օրգանիզմում, այտուցների առաջացման պատճառ է դառնում, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ ե՛ւ սրտային անբավարարությամբ, ե՛ւ հիպերտոնիայով տառապող հիվանդների վրա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook