Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Վահանաձեւ գեղձի հիվանդություններ. առաջացման պատճառները, ախտորոշումն ու բուժումը

Վահանաձեւ գեղձի հիվանդությունները բավականին տարածված են Հայաստանում: Դրանց առաջացման պատճառների, տեսակների եւ բուժման վերաբերյալ Doctors.am-ը զրուցել է էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանիհետ:

Վահանաձեւ գեղձը մեր օրգանիզմի ամենակարեւոր գեղձերից մեկն է: Այն կշռում է 20-30 գրամ, որը էնդոկրին գեղձերի համար բավականին մեծ է համարվում: Տեղակայումը՝ պարանոցի առաջային պատին՝ շնչափողից առաջ: Այն շատ նման է թիթեռի, եւ եթե պացիենտի մոտ գեղձը մեծանում է, պարանոցի վրա վիզուալ տեսնում ենք այն:
Վահանաձեւ գեղձը մեր օրգանիզմին անհրաժեշտ յոդի պաշարն է հավաքում եւ նրանից սինթեզում հորմոններ: Հիմնական հորմոններն են  թիրոքսինը (T4), տրիյոդթիրոնինը (T3), կալցիտոնինը:

Այս հորմոններն անհրաժեշտ են մարդուն բեղմնավորման օրվանից սկսած մինչեւ կյանքի վերջին օրը: Վահանագեղձի հորմոնները պատասխանատու են երեխայի աճի, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, հետագայում ձվազատման, լիբիդոյի, կալցիումի փոխանակության համար:

Հատկանշական է, որ վահանաձեւ գեղձի խնդիրներ ունեցող մարդիկ շատ հաճախ դիմում են այլ մասնագետների, օրինակ՝ փորկապության դեպքում՝ գաստրոէնտերոլոգի, անպտղության դեպքում՝ գինեկոլոգի, էմոցիոնալ լաբիլ վիճակներով՝ նյարդաբանի, լիբիդոյի խնդրով՝ ուռոլոգի եւ սեքսապաթոլոգի: Իհարկե, բժիշկների թիմային աշխատանքի արդյունքում հիվանդը ուղորդվում է նեղ մասնագետի, նշանակվում է համապատասխան բուժում, որի արդյունքում գանգատները արագ շտկվում են:
Վահանաձեւ գեղձի հիվանդությունները բազմազան են:

Տարբերակում ենք ՎԳ դիֆուզ եւ օջախային փոփոխություններ՝ դիֆուզ եւ հանգուցավոր խպիպներ: Բացի դրանից, տարանջատվում ենք վահանաձև գեղձի մեծացման աստիճաններ՝ 0, 1-ին, 2-րդ, 3-րդ:

0 աստիճանի դեպքում ՎԳ պալպացիայի չի ենթարկվում, չի շոշափվում, 1-ինի դեպքում կարելի է շոշափել, բայց վիզուալ չենք տեսնում, իսկ 2-րդ, 3-րդ աստիճանի դեպքում անգամ ոչ մասնագետը կարող է տեսնել պարանոցի մեծացում:

Վահանաձեւ գեղձի խնդիրներից են հորմոնալ ֆունկցիայի խանգարմամբ պայմանավորված հիվանդությունները: Դրանք են՝ հիպոթիրեոզը եւ հիպերթիրեոզը:

Հիպոթիրեոզ

Հիպոթիրեոզն առաջանում է, երբ վահանաձեւ գեղձի ֆունկցիան թերի է լինում, այսինքն՝ այն արտադրում է T4 եւ T3 հորմոններն ավելի քիչ քանակությամբ, քան օրգանիզմի պահանջն է:
Հիպոթիրեոզը լինում է առաջնային եւ երկրորդային: Առաջնային հիպոթիրեոզի ժամանակ ախտահարվում է վահանաձեւ գեղձը, ինչի արդյունքում այն թերի է աշխատում, իսկ երկրորդային հիպոթիրեոզի ժամանակ քիչ է արտադրվում թիրեոտրոպ հորմոնը հիպոֆիզում: Ուզում եմ նշել, որ Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգը կարգավորում է վահանաձեւ գեղձի եւ մնացած բոլոր գեղձերի աշխատանքը, այսինքն՝ եթե հիպոֆիզը թերի է աշխատում, բնականաբար, վահանաձև գեղձը քիչ ազդակ է ստանում նրանից՝համապատասխանաբար քիչ արտադրելով T3, T4:

Որպես կանոն, հիպոթիրեոզն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ՝ 18-45 տարեկանում:

Ախտանիշներն են՝

  • ապատիա
  • ադինամիա
  • մաշկի թեփոտում, կրունկների, արմունկների չորություն
  • արմունկների մաշկի մգացում
  • մազաթափություն
  • դաշտանային ցիկլի խանգարում
  • մաստոպաթիա
  • լիբիդոյի եւ պոտենցիայի հետ կապված խնդիրներ
  • ձվարանների կիստաներ, պոլիկիստոզ
  • քաշի ավելացում
  • անքնություն
  • փորկապություն
  • էմոցիոնալ լաբիլ նյարդային վիճակ

Հիպերթիրեոզ

Հիպերթիրեոզի դեպքում վահանաձեւ գեղձը T4 եւ T3 հորմոններն արտադրում է ավելին, քան օրգանիզմի պահանջն է:

Ախտանիշներն են՝

  • ձեռքերի դող
  • ափերի քրտնարտադրություն
  • էմոցիոնալ լաբիլ վիճակ, լացկանություն
  • քաշի իջեցում
  • տեսողության խանգարում
  • դաշտանային ցիկլի խանգարում
  • արագասրտություն
  • երբեմն՝ սուբֆեբրիլ ջերմություն:

Աուտոիմուն թիրեոիդիտ (Հաշիմոտոյի թիրեոիդիտ)

Աուտոիմուն թիրեոիդիտը վահանաձեւ գեղձի հյուսվածքի աուտոիմուն գենեզի քրոնիկական բորբոքումն է, երբ առաջանում են հակամարմիններ վահանաձեւ գեղձի բջիջների նկատմամբ, որոնք վնասում են իր իսկ գեղձը։ Այս հիվանդությունը վերջին տարիներին ավելի հաճախ է հանդիպում:

Պացիենտը առհասարակ կարող է որեւէ գանգատ չնշել: Ժամանակի ընթացքում գեղձը կարող է չափերով մեծանալ՝ ձեւավորելով ոչ ցավոտ խպիպ: Այս դեպքում ուզում եմ նշել, որ միայն բարձր հակամարմինները դեռ ցուցում չեն հանդիսանում հորմոնալ թերապիայի նշանակման: Միայն այն դեպքում, երբ խախտված է TSH, T4, T3 հարաբերությունը, նշանակվում է փոխարինող հորմոնալ թերապիա:

Վահանաձեւ գեղձի հիվանդությունների առաջացման պատճառներն են ՝ յոդի պակաս, ժառանգականություն, սթրես, ռադիացիոն ֆոն, ոչ լիարժեք սնունդ:

Ինչպես արդեն նշեցինք, վահանաձեւ գեղձի բնականոն գործունեության համար յոդը անհրաժեշտություն է, եւ նրա պակասը կամ ավելցուկը կարող են հանգեցնել մի շարք հիվանդությունների առաջացման։ Քանի որ ՀՀ -ը տարիներ շարունակ յոդի պակաս է ունեցել, ՎԳ հիվանդությունները մեզ մոտ տարածված են։ Սակայն ուզում եմ նշել, որ  վերջերս իրականացված հետազոտության արդյունքներով՝ ներկայում Հայաստանում յոդի դեֆիցիտ չկա:

Հաջորդ գործոնը ժառանգականությունն է: Ինչպես ուռուցքների, այնպես էլ վահանագեղձի այլ հիվանդությունների գենետիկ նախահակումը նույնպես մեծ նշանակություն ունի։ Եթե ընտանեկան պատմության մեջ կան բարեկամներ, ովքեր ունեցել են խպիպ կամ ՎԳ ուռուցք, ապա պետք է կրկնակի զգոն լինել։

Եվ, վերջապես, վահանաձեւ գեղձի հիվանդություններ կարող են առաջանալ հոգեկան ապրումներից: Ներկայում շատ արագ զարգանում է մի գիտություն, որը կոչվում է փսիխոսոմատիկա: Այն  գալիս է ապացուցելու, որ ցանկացած հիվանդության հիմքում ընկած է մարդու հոգեկան վիճակը: Ըստ այդմ՝ երբեմն վահանաձեւ գեղձի հիվանդությունների հիմքում կարող են լինել մարդու՝ հոգեկան խնդիրները լուծելու փորձերը:

Շրջապատում հաճախ լսում ենք «նեւրոզ ունեմ» արտահայտությունը: «Նեւրոզը» ժամանակակից կյանքի ամենատարածված հիվանդություններից է, որն անվանում են քաղաքակրթության թերություն: Նեւրոզը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումն է, որը զարգանում է ոչ թե գերհոգնածությունից, այլ առաջանում է մարդու մեջ տեւական ժամանակ առկա իրարամերժ ցանկությունների գոյության արդյունքում՝ «ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ»: Երբեմն հիվանդությունը զարգանում է այն ժամանակ, երբ պետք է ընտրություն կատարել երկու անցանկալի կամ ցանկալի երեւույթների միջեւ: Նման դեպքերում շատ ենք առնչվում նեւրոզի դիմակի տակ թաքնված վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումների հետ: Հիվանդությունների իրական պատճառը շատ դեպքերում մարդու ներքին աշխարհում է. ճնշված զգացմունքները խախտում են ներքին էներգետիկ հավասարակշռությունը, ինչն իր հերթին արտացոլում է իրեն արտաքին տեսքով՝ հիվանդությունների ձեւով:

Վահանաձեւ գեղձի հիվանդությունների բուժումը

Հիպոթիրեոզի բուժումն ամբողջ աշխարհում իրականացվում է մեկ դեղամիջոցով՝ լեւոթիրոքսինով:

Այն հիվանդները, որոնք չունեն հիպոթիրեոզ, այլ պարզապես հանգուցավոր խպիպ, նրանք բացարձակ կարիք չունեն լեւոթիրոքսին ընդունելու: Իհարկե, լինում են դեպքեր, երբ գեղձի թերի աշխատանքը վերականգնելու կամ ծավալը կարգավորելու նպատակով նշանակում ենք  փոխարինող հորմոնալ թերապիա երկարատեւ, բայց դա չի նշանակում, որ այդ դեղամիջոցը հանգույցներ եւ կիստաներ է բուժում:

Շատ կարեւոր եմ համարում նաեւ բոլոր հղիներին եւ նորածիններին հետազոտելը՝ հետագա բարդություններից խուսափելու նպատակով:

Նշեմ նաեւ, որ վիրահատված հիվանդները (տոտալ եւ սուբտոտալ թիրեոիդէկտոմիա), կարիք ունեն ամբողջ կյանքի ընթացքում լեւոթիրոքսին ստանալու:

Պետք է նշել նաեւ, որ թիրեոտոքսիկոզի բուժման համար նշանակվում են թիրեոստատիկներ, ռադիոյոդթերապիա:

Անհրաժեշտ հետազոտությունները 

Վահանաձեւ գեղձի հիվանդությունների հետազոտությունն սկսում ենք պալպացիայից՝ շոշափումից, որից հետո ցուցվում է ուլտրաձայնային հետազոտություն, կարիք լինելու դեպքում նաեւ ԿՏ կամ ՄՌՏ:  Համադրելով կլինիկական եւ ՈՒՁՀ տվյալները, նշանակվում են լաբորատոր քննություններ: Հանգուցավոր խպիպների դեպքում, ըստ ցուցման, կատարվում է բարակասեղային բիոպսիա, որից հետո որոշվում է հետագա բուժումը՝ վիրահատական կամ կոնսերվատիվ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook