Friday, April 19, 2024
Նորություններ

Վերջին տարիներին մեծ ծրագրեր է իրականացվել մայրաքաղաքի առողջապահության ոլորտում.ԱԿՄ

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը 2017 թվականի մայիսի 14-ին  կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին սատարելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ներկայացված ավագանու թեկնածուներին՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այս մասին  որոշումն ընդունվել է  «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի խորհրդի նիստում:

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցած նիստին մասնակցել են միավորման համանախագահներ Արա Բաբլոյանը, Արա Մինասյանը, Արմեն Չարչյանը, ինչպես նաև անվանի բժիշկներ Արա Ասոյանը,  Վաչագան Այվազյանը և այլոք: Բժիշկները նշել են, որ վերջին տարիներին մեծ ծրագրեր է իրականացվել մայրաքաղաքի առողջապահության ոլորտում՝ ուղղված համակարգի առաջընթացին ու բնակչության առողջության բարելավմանը։

Համանախագահողները փաստել են, որ իրենց գլխավոր խնդիրը ազգաբնակչության առողջության պահպանումն ու ոլորտում առկա խնդիրների լուծումն է, ուստի իրենք ՀՀԿ-ին սատարելու որոշում են կայացրել:

«Հասարակական կազմակերպությունը ակտիվ մասնակիցն է եղել մեր առողջապահության ոլորտում իրականացվող գործընթացներին, հասարակական կյանքին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր առաքելությանը և նպատակներին, այն է՝ աջակցել առողջապահութան ոլորտի զարգացմանը, նպաստել Հայաստանում ազգաբնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանը և նպաստել առողջապահական ծառայությունների մատչելիությանը, առավել ակտիվ մասնակցել Հայաստանում առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, մասնագիտական չափորոշիչների մշակմանն ու ներդրմանը: Բոլոր ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք,  շարունակական են և միտված են մեր ազգաբնակչության առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, մենք մշտապես աջակցում ենք մեր կառավարության բոլոր ազգանվեր ծրագրերի իրականացմանը»,- նշված է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի հայտարարությունում:

Նշենք, որ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ում ներգրավված են անվանի բժիշկներ, ոլորտի կազմակերպիչներ, գիտնականներ, ինչպես նաև երիտասարդ բուժաշխատողներ:

Աղբյուր` Panorama.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook