Friday, April 19, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Վեց բան, որ պետք է իմանալ, եթե ունեք ՊԱՊԻԼՈՄԱ վիրուս

Մարդու պապիլոմա վիրուսը (HPV) սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վիրուսներից է: Նրա որոշ տեսակներ համարվում են քաղցկեղածին: Հատկապես կանանց մոտ պապիլոմա վիրուսի առկայության դեպքում մեծ է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Doctors.am-ի խնդրանքով գինեկոլոգ-լապարասկոպիստ Զարուհի Գրիգորյանը ներկայացնում է փաստեր, որոնք պետք է իմանալ, եթե արդեն ունեք պապիլոմա վիրուս:

1. Մարդու պապիլոմա վիրուսը չի կարող լինել բնածին, քանի որ այն փոխանցվում է միայն սեռական ճանապարհով:

Կինը պետք է ունենա սեռական կոնտակտ, որի ընթացքում իրեն վիրուսը փոխանցվի: Պապիլոմա վիրուսը չի կարող կենցաղային ճանապարհով փոխանցվել: Երբեմն կանայք են գալիս, որոնք ասում են, թե պապիլոմա վիրուս ունեն, բայց երբեք սեռական կյանքով չեն ապրել, դա հեքիաթ է:

2. Պապիլոմա վիրուսի որոշ շտամներ ունեն բարձր օնկոգենություն եւ կարող են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացնել:

Բարձր օնկոգենություն ունեն HPV 16-ը եւ HPV 18-ը, բայց կան նաեւ HPV 31 եւ HPV 33, որոնք նույնպես հավանականություն ունեն արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման: Սակայն եթե կինն ունի պապիլոմա վիրուս, դա դեռ չի նշանակում, որ նրա մոտ անպայման արգանդի վզիկի քաղցկեղ կառաջանա:

3. Պապիլոմա վիրուսը հնարավոր չէ բուժել:

Եթե օրգանիզմում կա պապիլոմա վիրուս, այն մնում է ամբողջ կյանքի ընթացքում: Սակայն հնարավոր է՝ կինը մեկ օր գնա հետազոտման, եւ վիրուսն ուղղակի չլինի:
Եթե պապիլոմա վիրուսն արդեն կա, ապա պետք է ուշադրություն դարձվի արգանդի վզիկի դիսպլազիային, որը լինում է երեք տիպի: Առանձնացնում ենք CIN1, CIN2, CIN3 դիսպլազիաներ:
CIN1-ի դեպքում ոչինչ անել պետք չէ, պարզապես սահմանվում է հսկողություն, CIN2 եւ CIN3 դիսպլազիայի ժամանակ կարիք կա բժշկական միջամտության:

Եթե երկու կանայք, ենթադրենք, ունեն CIN2 դիսպլազիա, սակայն նրանցից միայն մեկի մոտ է առկա պապիլոմա վիրուս, ապա արգանդի վզիկի քաղցկեղի հավանականությունն ավելի մեծ է այն կնոջ մոտ, որն ունի HPV, քանի որ գիտականորեն, եթե կինը չունի պապիլոմա վիրուս, իր մոտ արգանդի վզիկի քաղցկեղ չի կարող առաջանալ:
CIN2 եւ CIN3 տիպի դիսպլազիա ունեցող շատ կանայք ցանկանում են հեռացնել արգանդը՝ պատճառաբանելով, թե արդեն ունեն երեխաներ, ավարտել են իրենց ռեպրոդուկտիվ ֆունկցիան, սակայն բժիշկն իրականում անգրագետ կլինի, եթե CIN2 եւ CIN3 դիսպլազիայի ժամանակ հեռացնի կնոջ արգանդը: Գոյություն ունի փոքրիկ միջամտություն, որը կոչվում է արգանդի վզիկի էլեկտրոկոնիզացիա, որի ժամանակ արգանդի վզիկը կոնաձեւ հեռացվում է, դրա մակերեսն ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության, եւ դրանից հետո կինը ապահով է լինում բավական երկար ժամանակ:

4. Արգանդի վզիկի քաղցկեղը միակ քաղցկեղն է, որը կինը կարող է վերահսկել:

Տարին մեկ անգամ պետք է հանձնել ՊԱՊ քսուկ, որն այլ կերպ կոչվում է արգանդի վզիկի ցիտոլոգիական հետազոտություն, հասկանալու համար՝ արգանդի վզիկում նախաքաղցկեղային փոփոխություններ կա՞ն, թե՞ ոչ:

5. Հնարավոր չէ «զգալ» պապիլոմա վիրուսը:

Պարզապես կինը կարող է ունենալ նախնական գանգատներ, որոնք առաջանում են պապիլոմա վիրուսի բարդություններից, օրինակ՝ դիսպլազիաների արդյունքում որոշ կլինիկական փոփոխություններ կարող են լինել, բայց կան կանայք, որոնք ունենում են քաղցկեղի զրոյական աստիճան, եւ նրանց մոտ որեւէ կլինիկական փոփոխություն չի նկատվում: Կինը չպետք է սպասի իր առաջին գանգատին, որպեսզի այցելի բժիշկի, այլ տարին մեկ անգամ պետք է պրոֆիլակտիկ հետազոտվի:

6. Արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխել պատվաստումների միջոցով:

Գոյություն ունի վակցինացիայի երկու տեսակ՝ գարդասիլ եւ ցերվարիկս: Մեր երկրում ներկայում տարածված է գարդասիլը, որը պետք է ստանան 13 տարեկանից բարձր աղջիկները: Պատվաստումը պետք է արվի մինչեւ առաջին սեռական հարաբերությունը, քանի որ դրանից հետո անիմաստ է:

Ես, որպես բժիշկ, կողմ եմ պատվաստմանը, որովհետեւ երբ բանը հասնում է քաղցկեղին, կանայք սարսափելի տառապում են: Եթե կարելի է կատարել պրոֆիլակտիկ միջոցառումներ, որոնք կօգնեն խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից, ապա դա միանշանակ պետք է արվի:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook