Thursday, April 25, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Վիրահատարանում՝ ինչպես մարտի դաշտում

Նվիրվում է Պավել Պետրոսի Անանիկյանի հիշատակին

Արվեստի, բժշկագիտության, երաժշտության, շատ այլ բնագավառներում կան մարդիկ, որոնց կյանքն ու մասնագիտական գործունեությունն անմիջականորեն խորհրդանշում են տվյալ դարաշրջանը։ Այպիսին էր նաև ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի վիրաբույժների միության նախագահության պատվավոր անդամ, բազմաթիվ այլ կոչումներ ունեցող վիրաբույժ Պավել Անանիկյանը։
«Բժշկի ուղին» շարքի տարեվերջյան թողակումը նվիրվում է շուրջ քառորդ դար Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնը ղեկավարած բժիշկ-գիտնականի հիշատակին։

Կենսագրական տվյալներ

Պավել Անանիկյանը (մայիսի 7, 1930թ.- դեկտեմբերի 3, 2018թ.) բժշկական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր։ Հայաստանի նկարիչների, գրողների միության անդամ։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ Եղել է Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ։ 1955թ․ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժա-պրոֆիլակտիկայի ֆակուլտետը։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Կենտրոնական հանրապետական հիվանդանոցում, եղել է վիրաբուժական բաժնի վարիչ: 1963 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, իսկ 1976-2000թթ․ղեկավարել է նույն ամբիոնը։ 1976-1998թթ Երևանի գլխավոր վիրաբույժն էր, «Երկիր Նաիրի» հասարակական բարեգործական ասոցացիայի նախագահը: 1988 թվականից անդամակցում էր Կրծքասրտային վիրաբույժների եվրոպական ընկերակցությանը։ 1968 թվականից ԽՍՀՄ ԲՈՀ Վիրաբույժների մասնագիտացված խորհրդի անդամ էր, Ռուսական բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, Էկոլոգիայի և անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ:

Կյանքի նպատակը՝ պայքար յուրաքանչյուր կյանքի համար

Պավել Անանիկյանը ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից է: Տարբեր տարիների ընթացում նա աշխատել, նաև ղեկավարել է հայաստանյան առաջատար բժշկական հաստատություններ: 1978 թվականից մինչև կյանքի վերջին տարիները աշխատել է Երևանի 3-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում, որի գլխավոր վիրաբույժն էր: Դեռևս մի քանի տարի առաջ՝ պատկառելի տարիքում, ամեն օր վաղ առավոտյան հիվանդանոցում էր։ Կոկիկ, ճերմակ խալաթը հագին՝ Անանիկյանը հետաքրքրվում էր հետվիրահատական փուլում գտնվող հիվանդների առողջական վիճակով, հետևում էր հիվանդանոցի անցուդարձին, շտապում վիրահատարան: Կրտսեր գործընկերները վկայում են, որ յուրաքանչյուր բարդ վիրահատության ընթացքում Պավել Անանիկյանի խորհուրդն իրենց համար արժեքավոր էր ու ծանրակշիռ: Եղել են տարիներ, երբ նրա կողմից կատարվող վիրահատությունների թիվը հասել է տարեկան 800-ի։ Բժշկությանը զուգահեռ հմուտ մասնագետը նաև գիտամանկավարժական գործունեությամբ էր զբաղվում։ Անանիկյանի աշակերտներն այսօր վաղուց կայացած մասնագետներ են, ովքեր հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում Հայաստանում և հայրենիքի սահմաններից հեռու։
«Այնպես ստացվեց, որ ես, ընտանիքում ձևավորված ավանդույթի համաձայն, դարձա բժիշկ-վիրաբույժ: Շատ եմ սիրել իմ մասնագիտությունը»,- հարցազրույցներից մեկում ասել է Անանիկյանը։ Իր հեղինակած ստեղծագործություններից մեկում նշել է, որ վիրահատարանը նման է մարտի դաշտի, ուր բժիշկները հաճախ ստիպված են լինում պայքար մղել յուրաքանչյուրի համար: Մասնագիտական գործունեության ընթացքում վիրաբույժին մշտապես ուղեկցել են հանդիպումները նշանավոր մարդկանց հետ: Վիրաբույժը մամուլում հրատարակված պատմվածքների, ակնարկների հեղինակ էր, Հայաստանի գրողների և նկարիչների միությունների անդամ: Վիրաբույժ աշխատելու երկարամյա փորձի արդյունքում նա հավաքագրել էր արժեքավոր հուշեր հիվանդների, նրանց հարազատների և գործընկերների մասին, որոնք իրեն բնորոշ հումորի յուրահատուկ զգացումով ամփոփել էր «Բեկորներ», «Կուրիոզներ վիրաբույժի պրակտիկայից» գեղարվեստական, «Վիրաբույժի զրույցներ» գիտահանրամատչելի և այլ գրքերում: 1999թ. տպագրված «Բեկորներ» գիրքը Անանիկյանը նվիրել էր իրեն մայրություն արած քույրերին` Օվսաննային, Մարգարիտային և Արուսյակին, ովքեր մեծ դերակատարում են ունեցել նրա կյանքում:
«Նրանք հսկայական դեր են խաղացել իմ անհատականության կայացման գործում և մշտապես սրտումս մնացին որպես երեք սիրելի մայրեր»,- գրում է պրոֆեսոր- ակադեմիկոսը:

Որպես վիրաբույժ կայացման ճանապարհին Անանիկյանը կատարել է տարատեսակ վիրահատություններ: Բացի որովայնի, կույրաղիքի, ճողվածքի, լեղապարկի ընդհանուր վիրահատություններից, նա վարպետորեն կատարել է նաև էնդոկրինոլոգիական, գինոկելոգիական, ուրոլոգիական, ուռուցքաբանական վիրահատություններ: Փորձել է ձեռք մեկնել բոլորին` թե սոցիալապես անապահով, թե պաշտոնատար անձանց:
Բժիշկ-գիտնականի աշխատանքները վերաբերում են սիրտանոթային վիրաբուժությանը։ Մշակել է ստամոքս-տասներկումատնյա աղիքային արյունահոսությունների բուժման եղանակներ, ինչպես նաև պարբերական հիվանդության, լեղապարկի բորբոքման ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժության մեթոդներ։ Առաջարկել է լեղապարկի սուր և քրոնիկ բորբոքման բուժման միասնական եղանակ։ Հեղինակ է շուրջ 500 հրատարակումների, 13 մենագրության և 3 դասագրքի։

Նկարչի սրտով բժիշկը

Պատահական չէ, որ Անանիկյանին հաճախ բնորոշել են որպես բժիշկ-նկարիչ:
Եթե երբևէ առիթ եք ունեցել լինել Պավել Անանիկյանի աշխատասենյակում, ապա վստահաբար զգացած կլինեիք առաջին հայացքից սովորական թվացող աշխատասենյակում տիրող արվեստի շունչը։ Անվանի բժիշկը տոհմիկ մտավորականների` բժիշկների, նկարիչների, գրողների մի քանի սերունդների արժանի հետնորդն է: «Նկարչի սրտով բժիշկ»,- այսպես է բնորոշվել վիրաբույժը տարիներ առաջ գրված հոդվածներից մեկում։
Կոչումով բժիշկը նկարել է փոքր հասակից, ավելի լրջորեն նկարչությանը մոտեցել է 50 տարեկանում։ Ինքնուս նկարչի կտավները ցուցադրվել են Տաշքենդում՝ ԱՊՀ երկրների նկարիչների, ինչպես նաև այլ ցուցահանդեսներում։
«Նկարել եմ փոքր հասակից, սակայն երբեք նկարչություն չեմ սովորել ու երբեք էլ չեմ երազել նկարիչ դառնալու մասին: Փոխարենը երազել եմ վիրաբուժության մասին ու կարող եմ ասել, որ իմ ամենամեծ երազանքն իրականացրել եմ: Քիչ մարդիկ կան, որ կարող են այսպես արտահայտվել իրենց մասին, բայց ես, կարծում եմ, դրա իրավունքն ունեմ, որովհետև ոչ բոլոր վիրաբույժներին է բախտ վիճակվում իրենց կատարած վիրահատությունների թիվը հասցնելու տասնյակ հազարների»,- նշել է բժիշկ-նկարիչը։ Նշենք, որ Անանիկյանը անմասն չի մնացել նաև հանրապետության քաղաքական կյանքի վճռորոշ խնդիրների շուրջ հրապարակումներից և ելույթներից:

Մասնագիտությունը չեն ընտրում միայն լսելով. պետք է սիրել այն, լինել պարտաճանաչ և նվիրված

«Մխիթար Հերացի» մեդալակիրն առանձնակի խանդավառությամբ ու սիրով էր խոսում կյանքի ուղեկցի` ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Էլմիրա Գևորգյանի մասին, ում հետ հանդիպումը կայացել է հենց բժշկական ինստիտուտում դեռևս ուսանողական տարիներին: ՀՀ վաստակավոր բժիշկ Էլմիրա Գևորգյանը մշտապես ոգևորել է ամուսնուն և հնարավորություն ստեղծել, որպեսզի կյանքի ամենօրյա հոգսերից շեղվելով՝ ժամանակ հատկացնի նաև ստեղծագործական գաղափարների իրականացմանը:
Պավել Անանիկյանի և Էլմիրա Գևորգյանի ընտանիքի բժշկական գիծն այսօր հաջողությամբ շարունակում են երեխաներն ու թոռները: Նրանց դուստրը հոգեբույժ Անահիտ Գևորգյանն է, որդին` վիրաբույժ Պետրոս Անանիկյանը: Բժշկի ուղին են ընտրել նաև նրանց երեխաները: Անահիտի դուստրը՝ Աննան, նույնպես հոգեբույժ է, Պետրոսի որդին` Պավել Անանիկյան կրտսերը, ևս բժշկական կրթություն է ստացել, բայց այժմ բնակվում է Ավստրալիայում և որպես երկրորդ մասնագիտություն ընտրել է իրավագիտությունը:
«Բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանկանում են բժիշկ դառնալ, չպետք է մոռանան, որ այս մասնագիտությունը չեն ընտրում միայն լսելով. պետք է սիրել այն, լինել պարտաճանաչ և նվիրված», – պատգամել է վիրաբույժը ապագա սերունդներին։
Անանիկյանի գնահատմամբ` բժիշկը պետք է լինի քաջ, ուժեղ և պատրաստ լինի դիամակայել ցանկացած փորձության: 88-ամյա պրոֆեսոր Անանիկյանը հենց այսպիսին էր..:

 

Հեղինակ՝ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նյութի աղբյուրը՝  http://ysmu.am/hy/content/virahataranum_inchpes_marti_dashtum_/?fbclid=IwAR0rZrHPIgnvPEP7f9LYuF-s3I_VGRwCSDRmM4H_nf1cZIc1IK5v3rYMQOg#sthash.ZtID21lw.oBBPI3hJ.dpbs

Leave a Reply

x Close

Like Us On Facebook