Thursday, April 25, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա

Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ: Այդպիսի պահերին ինքն իրեն հարցեր է տալիս. «ի՞նչու ինձ հետ այդպես վարվեցին, ի՞նչի համար»: Եվ շատ հաճախ այն մարդը, ով վիրավորել է, տեղյակ չէ, որ իր վարքով կամ խոսքով նեղացրել է դիմացինին: Արդյունքում մարդն իրեն տանջում է` ընկնելով դեպրեսիայի մեջ և գործելով չարդարացված արարքներ: Այսպիսի հոգեվիճակը չի կարող բացասական ազդեցություն չունենալ օրգանիզմի վրա:

Բժշկության մեջ «հոգեմարմնական» կոչվող ուղղությունն ուսումնասիրում է հոգեբանական պատճառների ազդեցությունը մարմնական հիվանդությունների զարգացման վրա: Շատ հաճախ վիրավորանքի զգացումը և դրա հետ կապված հույզերը իրական պատճառ են դառնում տարբեր հիվանդությունների առաջացման համար: Ստորև ներկայացնենք մի քանի օրինակ:

  1. Ճարպակալում.: Վիրավորված մարդը տառապում է դրական հույզերի պակասից և այդ ժամանակ նրա հաճույքի հիմնական աղբյուրը դառնում է կերակուրը: Հոգեկան տառապանքը նա կուլ է տալիս ինչ-որ համեղ պատառով: Այս գործընթացը նա կրկնում է շատ հաճախ, որն բերում է քաշի ավելացման:
  2. Կոկորդի հիվանդություն: Երկար ժամանակ չբուժվող և քրոնիկ բնույթ կրող լարինգոզները և ֆարինգիտներն առաջանում են «կուլ տված» վիրավորանքի և ժամանակին չարտահայտված հույզերի պատճառով: Այդպիսի հիվանդություններ ունենում են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում պատասխանել վիրավորանք հասցնողին և ստիպված են լինում լուռ տանել:
  3. Սրտի հիվանդություններ: Սիրտն իսկական թիրախ է վիրավորանքի համար: Այն ծանր բեռի նման դրվում է նրա վրա` ճնշելով և առաջացնելով սուր ծակոցներ:

Ի՞նչպես խուսափել այս ամենից: Ներումը հզոր ուժ է` հաղթահարելու վիրավորանքը: Անգամ, եթե մարդն ամեն կերպ փորձում է մոռանալ իրեն հասցված վիրավորանքները, միևնույն է, նրանք մնում են ենթագիտակցականի խորքում ու աստիճանաբար քայքայում օրգանիզմը` առաջացնելով նոր հիվանդություններ: Վիրավորանքից և նրա հետևանքներց ազատվելու միակ ելքն անկեղծ ներումն է: Ներել նրանց, ովքեր երբևէ վիրավորել են: Այս մասին խոսում է նաև քրիստոնեությունը: Սակայն վիրավորանքը հաղթահարելը բավականին դժվար է:

Ի՞նչը կարող է օգնել մարդուն այդ դժվարին հոգևոր աշխատանքում

  1. Վիրավորանքի խոստովանությունը: Մարդը պետք է ազնվորեն խոստովանի ինքն իրեն և գիտակցի, որ վիրավորված է:
  2. Աղոթքները: Արտաբերելով աղոթքների խոսքերը` մարդու հոգեկանում առաջանում է ներդաշնակություն: Աղոթքներում կան այնպիսի խոսքեր, որոնք օգնում են «փափկացնել» սիրտը և թողնել վիրավորանքը:
  3. Անկեղծ խոսակցությունը: Դա շատերի համար թվում է դժվար և հարց է առաջանում. «Ի՞նչու ես պետք է սկսեմ խոսել այն մարդու հետ, ով ինձ վիրավորել է»: Սակայն, եթե անկեղծ լինենք, ապա կհասկանանք, որ դա բխում է մեր շահերից: Չէ՞ որ վիրավորված մարդն է ցանկանում ազատվել այդ կործանարար զգացումից, որը պահում է նրան գերության մեջ և գցում է կյանքի որակը: Ուստի անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ լուծել այդ ցավոտ խնդիրը: Եվ միգուցե արժե՞ անցնել սեփական հպարտության վրայով և ներման ճանապարհի առաջին քայլերն անել:
  4. Նայել վիրավորանքին այլ տեսանկյունից: Երբեմն մարդուն վիրավորող խոսքերը և արարքները կյանքի դասեր են դառնում ու նպաստում նրա անձնային աճին: Անգամ դավաճանությունը, երբեմն, կարող է նպաստել մարդկանց ճանաչման հարցում նոր հմտություններ ձեռք բերելու և ավելի վստահելի ընկերներ ունենալու հարցում:

Եվ, ի վերջո, մարդիկ կատարյալ չեն և յուրաքանչյուրը կարող է կյանքի ընթացքում կամա թե ակամա վիրավորել իրեն շրջապատող մարդկանց: Ուրեմն փորձենք խիստ չդատել և ներողամիտ գտնվել մյուսների հանդեպ: Ներել, որպեսզի ներվել: Հոգին մաքրելով վիրավորանքի զգացումներից մենք այնտեղ տեղ ենք ազատում սիրո, ուրախության և այլ դրական զգացումների համար:

«Իզմիրլյան» ԲԿ հոգեբան Գայանե Ղալումյան

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook