Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Տեսախաղերն ինչպե՞ս են փոխում մարդու ուղեղը

Տեսախաղերի ազդեցության մասին հնչում են տարբեր, երբեմն հակասական շատ կարծիքներ` ոմանք ասում են, որ խաղերը վտանգավոր են, մյուսները, հակառակը, պնդում են, որ առողջության համար օգտակար են: Որտե՞ղ է ճշմարտությունը: Այս հարցին փորձել են պատասխանել նոր հոդվածի հեղինակները, որը հրապարակվել է Frontiers in Human Neuroscience ամսագրում:

Հոդվածի հեղինակ Մարկ Փալաուսը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են այս ոլորտում եղած բոլոր հետազոտությունները` պարզելու համար, թե տեսախաղերն ինչպես են ազդում մեր ուղեղի կառուցվածքի եւ ակտիվության վրա:  Նրանք հավաքել են 116 գիտական հետազոտությունների տվյալները, որոնցից 22-ում դիտարկել են գլխուղեղում կառուցվածքային փոփոխություններ, իսկ 100-ը վերաբերել է ուղեղի գործառնության եւ/կամ վարքի փոփոխություններին:

Պարզվել է` տեսախաղերը կարող են փոխել ոչ միայն ուղեղի աշխատանքի սկզբունքը, այլեւ նրա կառուցվածքը: Գիտնականների խոսքով` տեսախաղերի վերարտադրությունը ազդում է մեր ուշադրության վրա, իսկ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ գեյմերները ցուցադրում են մշտական եւ ընտրողական հիշողության բարելավում: Գեյմերների մոտ նաեւ ավելի զարգացած են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ուշադրության կենտրոնացման համար, ուստի նրանց ուղեղը բարդ խնդիրներ լուծելիս ակտիվացման համար ավելի քիչ ժամանակ է պահանջում:

Որոշ հետազոտություններում նաեւ հիշատակվում է, որ տեսախաղերով տարվելը մեծացրել է ուղեղի այն հատվածների չափը եւ արդյունավետությունը, որոնք կապված են տեսատարածական կողմնորոշման հմտությունների համար: Օրինակ` աջ հիպոկամպը մեծացել է ինչպես մեծ ստաժով գեյմերների, այնպես էլ կամավոր նորեկների մոտ տեսախաղերը սովորելու ծրագրերը յուրացնելուց հետո:

Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ տեսախաղերը կարող են ընտելացում առաջացնել եւ կախվածություն ստեղծել, ինչպես ալկոհոլը եւ թմրանյութերը: Մի քանի փորձերի ընթացքում խաղամանների մոտ դոֆամինային նեյրոններում գործառնական եւ կառուցվածքային փոփոխություններ են հայտնաբերվել: Այս նեյրոնային փոփոխությունները նույն բնույթն ունեն, որոնք նկարագրվում են նաեւ կախվածության այլ տեսակներում, ինչպիսին են ալկոհոլային եւ թմրանյութային կախվածությունները:

Այսպիսով` ի՞նչ են նշանակում ուղեղի գործառնության եւ կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ այս բոլոր տվյալները: Հետազոտությունն առայժմ չի ավարտվել, եւ դժվար է որեւէ բան միանշանակ պնդել: Տեսախաղերը լայն տարածում են ստացել ոչ այնքան վաղուց, որ հնարավոր լինի տվյալներ հավաքել երկարաժամկետ վիճակագրության համար:

«Տեսախաղերը հավանաբար կարող են մարդու ուղեղի վրա ինչպես դրական (ուշադրության, տեսողական եւ շարժողական հմտությունների վրա), այնպես էլ բացասական (կախվածության հավանականությունը) ազդեցություն ունենալ»,- նշել է բժիշկ Փալաուսը:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook