Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ՏՆԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՒՓ. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ՓԱԹԵԹ

Յուրաքանչյուրիս անհրաժեշտ է դեղերի մի փաթեթ ունենալ, որը կօգնի և՛ իրեն, և՛ շրջապատին՝ առաջին օգնություն ցուցաբերելու գլխացավի, ատամնացավի, մարմնի բարձր ջերմաստիճանի կամ ստամոքսի խանգարման դեպքում։

Այդ իսկ պատճառով հարկավոր է իմանալ, թե որոնք են այսպես կոչված առաջին անհրաժեշտության դեղամիջոցները, որոնք կարելի է կիրառել առանց բժշկի նախնական խորհրդի։ Միաժամանակ անհրաժեշտ է հիշել, որ առաջին օգնությունից հետո պետք է անպայման դիմել մասնագետի օգնության։

Տնային պայմաններում և աշխատանքի վայրում առաջին բուժօգնություն պահանջող հիմնական դեպքերը և ախտանիշները հետևյալն են.

 

  • վնասվածք,
  • այրվածք,
  • ուշաթափություն,
  • թունավորում,
  • փորլուծություն,
  • ալերգիկ հակազդեցություն,
  • մրսածություն,
  • ցավային ախտանիշ,
  • սրտանոթային խանգարումներ,
  • բորբոքում։
  • Ի դեպ, առաջին օգնության դեղորայքային փաթեթը հարկավոր է նաև ճանապարհորդության ընթացքում։

Ինչպե՞ս է ձևավորվում տնային դեղատուփը

Առաջին հերթին հարկավոր է որոշել պահպանման ճիշտ տեղը։ Ցանկալի է, որ այն լինի ձեռքի տակ, սակայն` երեխաների համար անհասանելի տեղում։ Հույժ կարևոր է ձեր ուշադրությունը դեղատուփի մեջ ուժեղ ազդեցության դեղամիջոցների (հակագերճնշումային, քնաբեր, ցավազրկող և այլն) առկայության դեպքում։ Ահա թե ինչու խորհուրդ է տրվում տուփը պահել սենյակի կամ խոհանոցի վերին դարակներում։

Դեղերի պահպանման համար հիմնականում անհրաժեշտ են սառը, մութ և չոր պայմաններ։ Հետևաբար, հարկավոր է կացարանում ընտրել այս պահանջներին լավագույնս համապատասխանող անկյուն։ Օրինակ. հեղուկ հակաբիոտիկները, գլյուկոզան, հակահազային օշարակը, աչքի կաթիլները, բուսական թրմուկները խորհուրդ է տրվում պահել սառնարանում` չհասցնելով նրանց սառցակալման։ Անիմաստ է այս դեղամիջոցները ձեռք բերել նախօրոք և մեծ քանակությամբ, քանի որ դրանց վաղեմության ժամկետը, որպես օրենք, երկարատև չէ։ Առհասարակ, հարկավոր է կես տարին մեկ վերանայել դեղատուփի պարունակությունը։ Բոլոր դեղերի փաթեթներին պետք է նշված լինի վաղեմության ժամկետը։ Հինգ տարուց ավելի վաղեմության ժամկետով դեղերը, առանց վարանելու, հարկավոր է դեն նետել, քանզի դրանց ընդունումը անիմաստ է, իսկ որոշ դեպքերում նույնիսկ` վտանգավոր։ Դեղն ընդունելուց առաջ ուշադիր զննե՛ք դեղամիջոցի բացատրական պիտակի վրայի նշումները։ Վաղեմության ժամկետի նկատմամբ անփույթ վերաբերմունքը կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների։

Դեղատան պայմաններում պատրաստված դեղամիջոցները նախատեսված չեն երկարատև պահպանման համար։ Թուրմերը, եփուկներն ու խառնուրդներն ունեն ամենակարճ պահպանման ժամկետ։ Սենյակային պայմաններում այդ միջոցները չի կարելի պահել 2-3 օրից ավելի։ Հեղուկը պղտորվելու և նրանում նստվածք գոյանալուն պես այն հարկավոր է դեն նետել, քանզի օգտագործման համար այն այլևս պիտանի չէ։

Տան պայմաններում դեղերը պահելու համար ցանկալի է ընտրել այնպիսի մի արկղ, որում դասավորված դեղերը շուռ չգան։ Կարելի է օգտվել արդեն իսկ պատրաստի վաճառվող դեղատուփերից, որոնք շատ հարմար են, կոմպակտ և որ բացելուն պես բոլոր դեղերը երևում են։
Սպիրտի հիման վրա պատրաստված կաթիլները պետք է պահել հերմետիկ փակվող սրվակների, իսկ քսուկները` լավ փակվող տարաների մեջ։

Փոշու տեսքով դեղամիջոցները, հաբերը, մանր դեղահատերն անհրաժեշտ է պահել չոր, լույսից հեռու տեղում։ Հիշե՛ք, որ չի կարելի կիրառել խունացած և խոնավացած դեղամիջոցները։ Հակաբիոտիկները (բենզիլպենիցիլին, քլորտետրացիկլին, ստրեպտոմիցին և այլն) հարկավոր է պահել չոր միջավայրում, որի ջերմաստիճանը +1˚- +10˚ է ըստ Ցելսիուսի սանդղակի։

Ի՞նչ պետք է պարունակի տնային դեղատուփը

Դեղատուփի մեջ անհրաժեշտ է ունենալ ստերիլ փաթեթավորված բինտ կամ անձեռոցիկ, որը պիտանի է երկար պահպանման համար։ Ոչ ստերիլ փաթեթավորման բինտը նունպես անհրաժեշտություն է, քանի որ այն շատ հարմար է հարբուխի ժամանակ` որպես մեկ անգամ օգտագործվող թաշկինակ, կամ էլ որպես այունահոսություն կանգնեցնող սեղմիչ։

Առաջին անհրաժեշտության պարագաներից են նաև.

  • ստերիլ և ոչ ստերիլ բամբակը,
  • սովորական և հականեխիչ կպչուն ժապավենը,
  • կաթոցիչը,
  • քսուկների համար նախատեսված փոքրիկ թիակները,
  • սնդիկային ջերմաչափը,
  • ներշնչակը՝ քիթ-կոկորդային հիվանդությունների համար:
  • Յոդը, որը կկիրառվի մանր վնասվածքների ախտահանման և տարբեր նպատակների համար (սրսկումից առաջացած կոշտուկների, նյարդի բորբոքման և այլն)։ Մեծ տրամաչափի և խորը վերքերի դեպքում այն մշակում են յոդով` միայն եզրերից, որպեսզի չգրգռվի առանց այն էլ վնասված հյուսվածքը (այլընտրանք է Բետադինի լուծույթը, որով մշակում են նույնիսկ բաց վերքերը և սեռական օրգանները):
  • Զմրուխտ-կանաչ լուծույթը, որն օգտագործվում է վերքերի և ջրծաղիկի հետևանքով առաջացած բշտիկների մշակման համար:
  • Կալիումի մանգանաթթուն, որի նոսր լուծույթնը օգտագործվում է թունավորման կասկածի ժամանակ` ստամոքսի և աղիների լվացման նպատակով։ Իսկ խիտ լուծույթով մշակում են խիստ աղտոտված վերքերը:
  • Մանանեխի կպչանը, ջերմակը, սառույցի պարկը, հոգնայի պիտույքը, ջուր չներծծող տակաշորը, բժշկական ձեռնոցները, զարկերակային ճնշում չափելու սարքը, ֆոնենդոսկոպը, միանվագ օգտագործման ներարկիչները, պինցետը, բութ ծայրով մկրատը, ախտահանման տուփը և այլն։

Թվարկածը` փաթեթի նվազագույն և մշտական պարունակությունն է, որին յուրաքանչուր անհատ կավելացնի իրեն անհրաժեշտ դեղերը, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց։

Եթե տնային դեղատուփի որևէ դեղամիջոց ալերգիկ հակազդեցության պատճառ է հանդիսացել (քոր, ցան, փորլուծություն, սրտխառնոց)` այդ դեղամիջոցը հարկավոր է անմիջապես բացառել։ Ալերգիկ հակազդեցություններից խուսափելու համար դեղամիջոցները հարկավոր է ընդունել 100 մլ-ից ոչ պակաս մաքուր ջրով։ Նկատվել է, որ պառկած վիճակում ընդունած դեղահաբն ավելի ուշ և դժվար է յուրացվում օրգանիզմի կողմից։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում դեղն ընդունել ուղղահայաց դիրքում։

Արգելվում է փոքր երեխաներին բուժել մեծահասակների համար նախատեսված դեղամիջոցներով։ Մանուկներին պետք է հատկացվի առանձին դեղատուփ, որի պարունակությունը պետք է ընտրվի բժիշկի խորհրդով։

Արտաքին և ներքին օգտագործման դեղամիջոցները պետք է դրված լինեն տարբեր ենթաբաժիններում, իսկ թունավոր նյութերը հարկ է ընդհանրապես առանձնացնել։

Մինչ կողմնակի ազդեցություն ունեցող դեղեր ձեռք բերելը, խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ։ «Մի՛ վնասիր» բժշկական կարգախոսը պետք է դառնա նաև ձերը։

 

http://armeniamedicalcenter.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook