Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ցավ որովայնում. հաճախ տրվող հարցեր

1. Ինչի՞ց կարող է առաջանալ ցավ որովայնում:

Որովայնում ցավ կարող է առաջանալ որովայնի խոռոչում տեղակայված օրգանների ախտաբանության արդյունքում՝ սուր ապենդիցիտ, լեղապարկի բորբոքում, երիկամային խիթ, լյարդային խիթ, աղիների անանցանելիություն, աղիների անոթների թրոմբոզ, արտարգանդային հղիություն, աղիքի ոլորում, վնասվածք, պերիոդիկ հիվանդություն և այլն: Սակայն որովայնի ցավով կարող են ուղեկցվել նաև որովայնից դուրս գտնվող օրգաների հիվանդությունները. օրինակ, ինֆարկտի որովայնային ձևի ժամանակ ցավ է առաջանում որովայնում: Եվ խիստ կարևոր է բժշկի դիմելը ճիշտ ախտորոշման համար:

2. Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել, թե որովայնի որ հատվածն է ցավում:

Հիվանդն ընդամենը նշում է, որ ցավում է որովայնը, կամ նրա ինչ-որ հատվածը, սակայն դա կարող է այնքան էլ չհամապատասխանել գործընթացի տեղակայմանը: Որովայնի ցավն ըստ տեղակայման տարաբաժանում են. աջ վերին հատված, ստորին հատված, ձախ վերին հատված, պորտից վերև և պորտից ներքև հատվածներ:

Պորտից վերև աջ կողմը կոչվում է լյարդային անկյուն, և այդ շրջանի ցավը հիմնականում կապված է լեղապարկի ու լյարդի հիվանդությունների հետ, կարող է նաև հաստ աղու խնդիր լինել:

Աջ ստորին կեսում՝ կանանց մոտ կարող է լինել ձվարանի բորբոքում, արտարգանդային հղիություն, ցիստիտ, իսկ դրանից մի փոքր վերև՝ զստափոսի շրջանում` սուր ապենդիցիտ, քիչ վերև՝ երիկամ և միզածորանում քարի առկայության խնդիր:

Ձախից վերին հատվածը դարձյալ միզածորանային և երիկամային, հաստ աղու սիգմայաձև հատվածի ախտաբանություն, դեպի միջին գիծ՝ ենթաստամոքսային գեղձի և ստամոքսային ու հաստ աղու խնդիրներ: Որոշ դեպքերում ցավերը ճառագայթում են ախտաբանական օջախից բավականին հեռու:

3. Ի՞նչ ախտանիշներ կարող են ուղեկցել որովայնի ցավին:

Որովայնի ցավին կարող են ուղեկցել սրտխառնոց, փսխում, լուծ, փորկապություն, գխտոցներ, որովայնի փքվածություն, արյունահոսություն աղեստամոքսային համակարգից և այլն: Կերակրափողից արյունահոսությունն ալ գույն ունի, ստամոքսից` սրճագույն է, աղիներից` լինում է սև ձյութի պես:

4. Սովորաբար, ինչպե՞ս է սկսվում և զարգանում ցավը որովայնում:

Կան հիվանդություններ, երբ միանգամից սուր ցավ է լինում՝ աղու թափածակման, երիկամային խիթի (քարի առկայության), լեղաքարային հիվանդության ժամանակ, այլ դեպքերում ցավն ուժեղանում է աստիճանաբար, օրինակ, ապենդիցիտի դեպքում:

5. Որովայնային ցավի ի՞նչ տեսակներ կան:

Ցավերը լինում են սուր. ծակող, սպաստիկ, կծկող, ձգող և այլն, քրոնիկ գործընթացների ժամանակ ցավերն ունեն բութ և ոչ ինտենսիվ բնույթ:

6. Ի՞նչն է ձգող ցավերի պատճառը, ի՞նչ անել:

Երբ որովայնում արյուն է կուտակվում, հետանցքի շրջանում կարող են ձգող ցավեր լինել: Ձգող ցավերը բնորոշ են նաև ճողվածքներին, երբ ճարպոնը սեղմվում է առաջացած ճողվածքային օղակի մեջ: Բնականաբար, պետք է անպայման դիմել բժշկի:

7. Ի՞նչն է նվվացող ցավերի պատճառը, ի՞նչ անել:

Նվվացող ցավերը, սովորաբար, լինում են թույլ նոպաների ժամանակ, օրինակ, երբ երիկամում քար է շարժվում, բայց դեռ միզածորանը չի փակել, կամ լյարդի շրջանում կարող է նվվացող ցավ առաջանալ ծանր սննդից հետո: Հարկ է հետազոտություններ կատարել, ցավի պատճառը հասկանալու համար:

8. Ի՞նչն է ուտելուց հետո առաջացող ցավերի պատճառը:

Ուտելուց հետո կամ ուտելու ժամանակ ցավերը հիմնականում ստամոքսի բորբոքումների՝ սուր և քրոնիկ գաստրիտների մասին են վկայում: Կան սննդային, անցողիկ գաստրիտներ, երբ հատկապես երիտասարդները դրսում օգտվում են «արագ սննդից»: Ցավն ուտելուց հետո լինում է նաև լյարդի խորը ախտահարումների ժամանակ: Եթե ցավն ուտելուց հետո անցնում է, դա բնորոշ է ստամոքսի խոցային հիվանդությանը, և երբ ստամոքսահյութի աղաթթուն սննդով մի փոքր չեզոքացվում է, ցավն անցնում է:

9. Ինչպե՞ս բացահայտել ցավը սրտագդալի շրջանում:

Սրտագդալի շրջանում ցավը լինում է կամ ինֆարկտի ժամանակ, կամ կերակրափողի և ստամոքսի միջև գտնվող փականի ուռուցքի դեպքում, երբ լուսանցքը փակվում է և սնունդը կուտակվելով՝ ճնշող, պատռող բնույթի ցավեր է առաջացնում: Այդ շրջանում ցավը նաև հիպերացիդ գաստրիտների մասին է վկայում, երբ աղաթթուն կերակրափող է թափանցում, ու այրոցը ցավի պատճառ է դառնում: Անպայման պետք է դիմել բժշկի, հետազոտվել և նաև պարզել սրտի վիճակը:

10. Ի՞նչ պատճառներից կարող է առաջանալ ցավ որովայնում` կողերի տակ:

Աջ թուլակողի շրջանում ցավ կարող է առաջանալ լյարդի և լեղապարկի հիվանդությունների պատճառով, ինչպես նաև հաստ աղու խնդիրների դեպքում, ձախ թուլակողում՝ հաստ աղու, փայծաղի խնդիրներից: Փայծաղի ախտաբանությանը ցավը բնորոշ չէ, միայն շատ մեծանալու դեպքում կարող է ծանրության զգացողություն առաջանալ:

11. Ի՞նչ պատճառերից կարող է առաջանալ ցավ որովայնի ստորին աջ հատվածում:

Որովայնի ստորին աջ հատվածում ցավը լինում է կանանց օրգանների ախտաբանությունների ժամանակ, աջ և վերին զստափոսում` ապենդիցիտի, միզածորանի խնդիրների դեպքերում:

12. Ի՞նչ պատճառերից կարող է առաջանալ ցավ որովայնի ստորին ձախ հատվածում:

Որովայնի ստորին ձախ հատվածում ցավն առաջանում է հաստ աղու, ձախ ձվարանի և միզածորանի խնդիրների պատճառով:

13. Ի՞նչ պատճառերից կարող է առաջանալ ցավ ամբողջ որովայնում:

Ցավն ամբողջ որովայնում լինում է, երբ որովայնը ընդգրկվում է ընդհանուր ախտաբանական գործընթացում: Որովայնը պատող որովայնամիզը չափազանց զգայուն է և հեշտ է ներառվում բորբոքական գործընթացի մեջ, գրգռվում է որովայնի խոռոչում օդ կամ հեղուկ հայտնվելու դեպքում. ինչը կարող է լինել, օրինակ, խոցի թափածակման ժամանակ: Նման դեպքերում որովայնը լարվում է, կարող է անգամ զարգանալ ծանր բարդություն՝ պերիտոնիտ: Այդպիսի որովայնն անվանում են տախտականման, որի ժամանակ ի հայտ եկող ցավը տարածվում է ամբողջ որովայնով, ինչի մեղմացումն ամենածար փուլի մասին է վկայում:

Սուր թրոմբոզի ժամանակ ցավում է ամբողջ որովայնը, սակայն պահպանվում է փափկությունը: Աորտայի, զարկերակների անևրիզմայի դեպքում նույնպես ցավեր են լինում: Հաստ աղու անանցանելիության դեպքում ցավը տարածվող բնույթ ունի: Աճուկային ճողվածքի ժամանակ ձգող ցավեր առաջանում է ամբողջ որովայնում, երբ աղին կամ ճարպոնը օղակվում են: Ցավ ամբողջ որովայնում լինում է նաև վարակային հիվանդությունների, ճիճվակրության, պարբերական հիվանդության, որովայնի օրգանների վնասվածքների ժամանակ: Թոքաբորբը, հատկապես երեխաների մոտ, կարող է ուղեկցվել որովայնում ցավերով:

14. Ինչի՞ց է ցավում պորտի շուրջը:

Պորտի շուրջ ցավ առաջանում է պորտային ճողվածքների ժամանակ, երբ ճարպոնը սեղմվում է, ճիճվակրության, բարակ աղիների անանցանելության ժամանակ և այլն:

15. Ի՞նչ պատճառներից կարող է առաջանալ ցավ որովայնի ստորին հատվածում` կանանց մոտ:

Արտարգանդային հղիություն, արգանդի, միզապարկի հետ կապված խնդիրներ (օրինակ` ցիստիտ), ձվարանի բորբոքում՝ ադնեքսիտ, ձվարանի կիստա և այլն:

16. Ի՞նչ պատճառներից կարող է առաջանալ ցավ որովայնի ստորին հատվածում` տղամարդկանց մոտ:

Ադենոմայի՝ շագանակագեղձի ուռուցքի, պրոստատիտի՝ շագանակագեղձի բորբոքման ժամանակ, միզապարկի խնդիրների պատճառով: Երբեմն կույր աղու որդանման ելունի՝ միզապարկին հպված լինելու պատճառով, դրա բորբոքումը ևս ցավ է առաջացնում որովայնի ստորին՝ միզապարկի շրջանում:

17. Եթե պուլսացող ցավը տեղափոխվում է ոտքեր…

Պուլսացող ցավերը բնորոշ են անևրիզմաներին, երբ զարկերակը լայնանում, արտափքվում է: Ցավ, բայց ոչ պուլսացող, բնորոշ է նաև թրոմբոզներին, երբ թրոմբը խցանում է աորտայից սկսվող զարկերակները: Այս դեպքում ցավը ճառագայթում է դեպի ոտքեր, վերջույթները լինում են սառը, մարմարյա: Ապենդիցիտի դեպքում` ելունի դիրքից կախված, նույնպես լինում է ցավի ճառագայթում դեպի ստորին վերջույթներ:

18. Ինչպե՞ս ախտորոշել, երբ կա ցավը որովայնում:

Ախտորոշման ձևերը բավականին շատ են. ՈՒՁՀ, ռենտգեն հետազոտություն, ՀՏ, ՄՌՏ կոնտրաստ հետազոտություն` խմելու ձևով, կամ ներերակային ներարկմամբ՝ օրգանները և անոթները հետազոտելու համար: Ատիպիկ, աբդոմինալ ինֆարկտի ժամանակ կատարվում է էլեկտրասրտագրություն:

19. Ի՞նչի վրա պետք է ուշադրություն դարձնի պացիենտը` որովայնում ցավերի դեպքում և հայտնի բժշկին:

Կարևոր է ցավերի բնույթը՝ մե՞ղմ են դրանք, թե` սուր արտահայտված, կծկող բնույթի՞ են, թե՞ մշտական, ի՞նչ ախտանիշներով են ուղեկցվում: Հասուն տարիքում սովորաբար ցավի բնույթի գնահատման պարագայում ճիշտ են կողմնորոշվում, օրինակ, անցնո՞ւմ է ցավն աղիները գործելուց հետո, թե` ոչ: Եթե ցավերը գնալով ոչ թե թեթևանում, այլ արտահայտվում են, պետք է բժշկի դիմել:

20. Ի՞նչ օգնություն ցուցաբերել որովայնում ցավերի դեպքում:

Որովայնի ցավերի դեպքում շատ զգույշ պետք է լինել. ոչ մի դեպքում տաք չդնել, հատկապես վնասվածքի դեպքում միայն սառը դնել, պետք չէ օգտագործել ցավազրկողներ, որոնք կարող են պատկերը սքողել և լուրջ վիճակների պատճառ դառնալ, ծայրահեղ դեպքում միայն սպազմոլիտիկներ (նո-շպա) և անպայման դիմել բժշկի:

21. Կարո՞ղ է լինել ցավ որովայնում որպես դեպրեսիայի հետևանք:

Այո: Դեպրեսիան քիչ է ուսումնասիրված, սակայն ներկայում շատ տարածված է: Այն կարող է առաջացնել և՛ կամազրկություն, և՛ տարբեր ցավեր, այդ թվում նաև` որովայնում: Ցավեր կարող են արտահայտվել անգամ ներշնչման հետևանքով:

22. Ինչու՞ դեպրեսիան կարող է արտահայտվել մարսողական համակարգի խանգարումով:

Դեպրեսիայի, վախի ժամանակ կարող են լինել մարսողական խանգարումներ, սրտխառնոց, փսխում, հնարավոր է պատճառը սպազմն է:

23. Դեպրեսիայի արդյունքում ի հայտ եկած ցավը ո՞ր մասնագետն է բուժում:

Եթե ժխտվում է որովայնային ախտաբանությունը, բուժում է նյարդաբանը:

Նյութը՝ izmirlianmedicalcenter.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook