Thursday, April 25, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Փոքրերի հսկա հաղթանակը

Արյունաբանական հիվանդությունները բավական տարածված են ամբողջ աշխարհում: Մասնագետների կարծիքով դրանց վիճակագրական աճը մեծամասամբ պայմանավորված է ոչ միայն հիվանդացության թվի աճով, այլև՝ ախտորոշման ժամանակակից մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառությամբ:

Gevorg-Tamamyan-.-276x400Մանկական արյունաբանական չարորակ հիվանդությունները իրական սպառնալիք են փոքրիկի կյանքին, ընտանիքի ու հասարակության բարեկեցությանը, հանգստությանը: Արյան չարորակ հիվանդությունների մասին զրուցեցինք մանկական արյունաբան, բժշակական գիտությունների թեկնածու Գևորգ Թամամյանի հետ:

-Բժիշկ Թամամյան, արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում ի՞նչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում:

-Արյան չարորակ հիվանդությունների (արյան քաղցկեղի) դեպքում խաթարվում է արյան բջիջների արտադրությունը և ֆունկցիաները: Արյան բջիջները՝ էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները արտադրվում են ոսկրածուծում, և արյան քաղցկեղի մեծամասնությունը հենց սկսվում է ոսկրածուծում: Արյան բջիջները ունեն իրենց ֆունկցիաները, օրինակ՝ լեյկոցիտները պայքարում են ինֆեկցիաների դեմ, թրոմբոցիտները կանխում են արնահոսությունը: Արյան քաղցկեղի դեպքում արյան բջիջների նորմալ զարգացումը խախտվում է, տեղի է ունենում ոչ նորմալ արյան բջիջների անկանոն աճ: Այս քաղցկեղային բջիջները խանգարում են արյան նորմալ բջիջներին կատարել իրենց բնականոն ֆունկցիաները: Բացի այդ արյան քաղցկեղային բջիջները կարող են տարածվել ողջ օրգանիզմով, և բազմանալով խանգարել օրգանների գործունեությանը: Արյան քաղցկեղի հիմնական տարատեսակներն են լեյկեմիաները, լիմֆոմաները և միելոմաները, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են տարբեր ենթատեսակների:

-Ճի՞շտ է կարծիքը, թե երեխաների մոտ ավելի բարձր հիվանդացությունը:

-Ընդհանրապես, քաղցկեղը համարվում է մեծահասակների հիվանդություն, և տարիքի հետ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը աճում է: Երեխաների մոտ, քաղցկեղը հազվադեպ է հանդիպում: Օրինակ, սուր միելոիդ լեյկեմիան, չափազանց հազվադեպ հանդիպելով երեխաների մոտ, տարեցների մոտ հանդիսանում է սուր լեյկեմիաների ամենահաճախ հանդիպող տեսակը: Մանկական քաղցկեղի առավել հաճախ հանդիպող տարատեսակներից են լեյկեմիաները, ԿՆՀ ուռուցքները, լիմֆոմաները, ոսկրային ուռուցքները, և այլն:

-Ինչպես և ինչի՞ց է կարելի կասկածել երեխաների մոտ չարորակ արյունաբանական հիվանդությունների մասին:

-Արյան քաղցկեղի առավել հաճախ հանդիպող ախտանշաններից են տենդը, թուլությունը, տարատեսակ արնահոսությունները (արնազեղումներ, կապտուկներ, քթային արնահոսություն), ավշահանգույցների (ինչպես նաև լյարդի և փայծաղի) մեծացումը, ոսկրային ցավերը, կրկնվող ինֆեկցիաները, և այլն:

-Ինչպե՞ս վարվի ծնողը, եթե կասկածներ ունի:

-Վերը նշված ախտանշանների առաջացման դեպքում, կամ ցանկացած այլ կասկածի դեպքում, անհրաժեշտ է դիմել տեղամասային մանկաբույժին, ով, նախնական զննումից հետո, կուղղորդի մասնագիտացված բուժհաստատություն:

-Ի՞նչ է սպասում երեխային ու նրա ընտանիքին, եթե հաստատվում է դիագնոզը:

-Մասնագիտացված կլինիկայում ախտորոշման հաստատումից և որոշակի անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո, սկսվում է բուժումը: Արյան քաղցկեղի հիմնական բուժման մեթոդը քիմիաթերապիան է՝ դեղորայքային բուժումը: Բուժման ընթացքում, բացի հիմնական քիմիաթերապևտիկ դեղերից երեխան ստանում է նաև այլ դեղեր և միջոցներ, որոնք անհրաժեշտ են քիմիաթերապևտիկ դեղերի հնարավոր կողմնակի ազդեցությունները մեղմելու համար: Հազվադեպ, հնարավոր է անհրաժեշտություն առաջանա նաև այլ բուժական մեթոդների կիրառման, օրինակ՝ ցողունային բջիջների փոխպատվաստում, ինչպես նաև, որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում նաև ճառագայթային բուժում: Ողջ բուժման ընթացքում երեխայի և նրա ընտանիքի հետ, բացի բժիշկներից և բուժքույրերից, աշխատում են նաև հոգեբաններն ու սոցիալական աշխատողները՝ նպատակ ունենալով մեղմել բուժման ընթացքը:

-Ինչպիսի՞ տոկոսային հարաբերակցությամբ է ելքը բարեհաջող ու որո՞նք են դրա բաղկացուցիչները:

-Մանկական արյան քաղցկեղով 100 հիվանդներից մոտ 70-ը, Հայաստանի պայմաններում, հնարավորություն ունեն կատարյալ առողջացման: Զարգացած երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Ավստրիան, ԱՄՆ-ն, այդ թիվը կարող է հասնել մինչև 85-ի: Պրոգնոզի վրա ազդեցություն ունեցող հիմնական գործոններից կարելի է առանձնացնել արյան քաղցկեղի տարատեսակը, տարիքը, իսկ օրինակ լիմֆոմաների դեպքում՝ նաև տարածվածությունը:

«Առողջություն» ամսագիր

http://healthmag.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook