Thursday, April 25, 2024
Նորություններ

Քնի պակասի ու շիզոֆրենիայի միջեւ արտասովոր կապ է հայտնաբերվել

Շիզոֆրենիայով տառապողների հալյուցինացիաներն ու քնի պակաս ունեցող մարդկանց մոտ իրականության ընկալման հետ կապված խնդիրը կարող են առաջանալ ուղեղում միեւնույն նյութի՝ «դժբախտության հորմոնի» կուտակման հետեւանքով, ասվում է Sleep ամսագրում հրապարակված հոդվածում։

«Մենք ենթադրում ենք, որ կինուրենը խախտում է մարդու քունը, ինչը վերջին հաշվով հանգեցնում է գիտակցության մեջ խանգարումների զարգացմանը։ Մյուս կողմից էլ՝ հնարավոր է նաեւ հակառակը՝ քնի խանգարումը հանգեցնում է ուղեղում այդ նյութի կուտակմանը, ինչը իրականության ընկալման հետ կապված խնդիրներ է առաջացնում։ Թե այդ վարկածներից որն է ճիշտ, դեռ պարզ չէ, ու մենք մտադիր ենք գտնել այս հարցի պատասխանը»,- բացատրում է Անա Պոչիվավսեկը՝ Մերիլենդի համալսարանից։

Գիտնականները բավականին երկար ժամանակ համարում էին, որ շիզոֆրենիան ու շատ այլ հոգեկան խանգարումներ հիմնականում ժառանգական խնդիրներ են՝ մարդու գեներում մանր մուտացիաների հատուկ համադրության առկայությամբ պայմանավորված, որոնք լուրջ խանգարումներ են առաջացնում  նյարդային բջիջների աշխատանքում ու հանգեցնում իրականության ընկալման խեղաթյուրմանը։

Վերջին տարիներին գենետիկներին հաջողվել է գտնել տասնյակ մուտացիաներ, որոնք նման խանգարումներ են առաջացնում, սակայն աստիճանաբար պարզ է դարձել, որ շիզոֆրենիայի զարգացման համար պատասխանատու են ոչ միայն «վատ գեները», այլեւ այլ գործոններ։ Օրինակ, անցած տարի գիտնականները հայտնաբերել են, որ կաթնասնկով վարակումը կարող է նկատելիորեն բարձրացնել «գլխում ձայներ» լսելու հավանականությունը։ Նույն դերը կարող է կատարել նաեւ աղիների միլրոֆլորան։

Պոչիբավսեկն ու նրա գործընկերները գտել են շիզոֆրենիայի զարգացման եւս մեկ հավանական ոչ գենետիկ պատճառ՝ առնետների օրինակով ուսումնասիրելով, թե ինչպես է փոխվում ուղեղի աշխատանքը քնի մշտական պակասի ժամանակ։

Գիտնականները պարզել են, որ քնի պակասի գլխավոր հետեւանքներից մեկն է կենդանիների ուղեղում կինուրեն կոչվող հատուկ հորմոնի ու դրա քայքայման արտադրանքի՝ կինուրենաթթվի կուտակումը։ Որպես կանոն, որքան կարճ ու վատ որակի էր քունը, այդքան շատ թթու էր հայտնաբերվում կրծողների ուղեղում։

Այդ նյութը հաճախ են անվանում «դժբախտության հորմոն» , քանի որ դրա առկայությունն օրգանիզմում սովորաբար ասոցացվում է դեպրեսիայի ու ճնշված տրամադրության հետ։ Բացի այդ՝ վերջերս գիտնականները սկսել են կինուրենի բարձր մակարդակի մասին վկայություններ գտնել նաեւ շիզոֆրենիայով տառապողների ուղեղում։

Այս դիտարկումը գիտնականներին ստիպել է ստուգել, թե ինչ տեղի կունենա, եթե առնետների ուղեղի մեջ ներարկեն «դժբախտության հորմոնի» հսկայական չափաբաժին։ Դա հանգեցրել է անսպասելի հետևանքների, որոնք վկայում են կինուրենի, շիզոֆրենիայի ու քնի միջև ուղիղ կապի մասին։

Օրինակ, նորմալ կենդանիները, նույնիսկ եթե դրանք երկար ժամանակ չեն քնել, շատ լավ մտապահում են վանդակի այն անկյունները, որտեղ նրանք հոսանքահարվել են ու երբեք այդ անկյուններ չեն մտնում։ Իսկ այն առնետները, որոնց գիտնականները ներարկել են «դժբախտության հորմոն», սկսել են հիշողության ու իրականության ընկալման հետ կապված հսկայական խնդիրներ ունենալ ու գրեթե միանգամից մոռանում էին վտանգի մասին, ինչի հետևանքով բազմիցս հոսանքահարվում էին։

Ստանալով նման արդյունքներ՝ Պոչիվավսեկն ու նրա գործընկերները փորձել են օգնել կենդանիներին՝ նրանց օրգանիզմի մեջ ներարկելով հատուկ ֆերմենտ, որը քայքայում է կինուրենը։ Դա լավացրել է կրծողների հիշողությունն ու գիտնականներին հույս ներշնչել, որ նման նյութերը կարող են մարդկանց նույնպես օգնել   ոչ միայն շիզոֆրենիայի, այլև անքնության ու քնի հետ կապված այլ խնդիրների դեմ պայքարում։

Նյութի աղբյուրը՝ news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook