Tuesday, April 23, 2024
Նորություններ

Քննարկվել են ճանապարհային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր

Ռուսաստանի Դաշնության «Ճանապարհային անվտանգության» հարցերով ազգային համակարգող, «Road safety Russia» (Ճանապարհատրանսպորտային անվտանգություն. Ռուսաստան) ՀԿ նախագահ Նատալիա Ագրեի հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է ճանապարհային անվտանգությանը վերաբերող հարցեր։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2011-2020 թվականները հայտարարված է «Ճանապարհային անվտանգության ապահովման» գործողությունների տասնամյակ, որի նպատակն է ամբողջ աշխարհում զսպել ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) աճը և նվազեցնել դրանցով պայմանավորված մահացության  ցուցանիշները։ Խնդրի լուծման արդյունավետ միջոց է դիտարկվում  ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ՃՏՊ-ների կանխման միջոցառումների ակտիվացումը:

Այս համատեքստում Նատալիա Ագրեն ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում «Road safety Russia» ՀԿ կողմից երեխաների համար տրանսպորտային միջոցներում նախատեսվող նստարանների և դրանց հավելյալ բարձիկների օգտագործման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները և հանրային իրազեկման աշխատանքները:

Լևոն Ալթունյանն այս քայլերը կարևորել է որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հատևանքով երեխաների մահացության և հաշմանդամության նվազեցման գործիք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ճանապարհային անվտանգության ապահովման մյուս կարևոր բաղադրիչների` արագության սահմանափակման, ամրագոտիները կապելու, ինչպես նաև ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, վարելու ընթացքում ծխելը և բջջային հեռախոս օգտագործելն արգելելու ուղղությամբ ՌԴ-ում իրականացված օրենսդրական խստացումները և հանրային իրազեկման միջոցառումները:

Լևոն Ալթունյանը նշել է որ, ՀՀ առողջապահության նախարարությունը, կարևորելով ՃՏՊ-ներով պայմանավորված մանկական մահացության թեկուզ ամենափոքր նվազեցումը, այս ուղղությամբ կհամագործակցի ինչպես Ռուսաստանի Դաշնության կառույցների և փորձագետների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ առողջապահության նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Ալեքսանդրա Գալիցկայան։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook