Wednesday, April 17, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Քրոնիկ հոգնածության առաջացման հիմնական պատճառները tert.am

Կան բաներ, որոնք հյուծում են մարդուն ինչպես ֆիզիկապես, այնպես էլ բարոյապես, ինչի հետևանքով ի հայտ է գալիս քրոնիկական հոգնածություն: Այս խնդրից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին պարզել դրա առաջացման պատճառը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հիմնական պատճառները, որոնցով կարող է պայմանավորված լինել քրոնիկական հոգնածությունը:

Մեծ քանակությամբ կոֆեին

Առավոտյան սուրճ խմելու սովորությունը վնասակար չէ, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ կոֆեինն իրական էներգիա չի տալիս, այլ դատարկում է կուտակած էներգիայի պաշարը: Սա է պատճառը, որ սուրճն ըմպելուց որոշ ժամանակ հետո մարդը կրկին ուժասպառ է լինում, ուստի սուրճի սիրահարներին խորհուրդ է տրվում նվազեցնել օգտագործվող սուրճի քանակությունը և խմել այն կաթով:

Երկաթի դեֆիցիտ

Այս տարրի դեֆիցիտը նույնպես կարող է դառնալ քրոնիկական հոգնածության պատճառ: Բանն այն է, որ երկաթի պակասի դեպքում օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ թթվածին: Մասնագետները խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգը տավարի մսով, կանաչեղենով, հավկիթով ու ընկուզեղենով: Այս տարրն ավելի լավ է յուրացվում վիտամին C-ի հետ օգտագործելու դեպքում, ուստի հարկավոր է երկաթով հարուստ սննդամթերքի հետ նարնջի հյութ օգտագործել: Բացի այդ, հարկ է հիշել նաև, որ կոֆեինը խանգարում է երկաթի յուրացմանը:

Հանգստյան օրերին երկար քնելու սովորությունը

Եթե մարդը հանգստյան օրերին ուշ է պառկում քնելու և երկար ժամանակ է անցկացնում անկողնում, նա չի կարողանա երեկոյան շուտ քնել, ուստի աշխատանքային շաբաթը քնի պակասի հետևանքով շատ ծանր կլինի: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հանգստյան օրերին շուտ արթնանալ, ակտիվ լինել և անհրաժեշտության դեպքում մի փոքր քնել կեսօրից հետո:

Մի բաժակ գինի քնելուց առաջ

Շատերին թվում է, որ քնելուց առաջ մի բաժակ գինի խմելը հանգստանալու և լիցքաթափվելու հիանալի միջոց է, մինչդեռ դա բնավ այդպես չէ: Ալկոհոլը սկզբում հանստացնում է, սակայն յուրացվելուց հետո նպաստում է ադրենալինի առաջացմանը, ուստի հաճախ նման դեպքերում մարդիկ արթնանում են գիշերվա ընթացքում և չեն հանգստանում: Սա է պատճառը, որ ալկոհոլային ըմպելիքները հարկավոր է խմել քնելուց առնվազն 3-4 ժամ առաջ:

Ոչ բավարար քանակությամբ ջուր

Հեղուկի պակասի դեպքում արյունը սկսում է թանձրանալ, վատանում է արյան շրջանառությունը և օրգանները բավարար քանակությամբ թթվածին ու սննդարար նյութեր չեն ստանում: Մասնագետները նշում են, որ ինքնազգացողության բարելավման համար մարդը պետք է օրական իր մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 30 մլ ջուր խմի:

Արագ սնունդ

Արագ սնունդն առաջին հերթին արագ յուրացվող ածխաջրեր են, որոնց պատճառով արյան մեջ շաքարի մակարդակը նախ կտրուկ բարձրանում է, այնուհետև նույնքան կտրուկ նվազում, ինչն էլ դառնում է ուժերի պակասի պատճառ: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է նախապատվությունը տալ դանդաղ յուրացվող ածխաջրերին, որոնց տված էներգիան պահպանվում է բավականին երկար ժամանակ:

Չմերժելու սովորությունը

Մարդիկ դեռ մանկուց սովորում են օգնել բոլորին, սակայն մշտապես ուրիշների ցանկությունները բավարարելը հյուծում է ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես, ուստի հարկավոր է սովորել երբեմն մերժել:

Ոչ ակտիվ կենսակերպ

Հաճախ մարդիկ հոգնածության պատճառով հրաժարվում են սպորտից, մինչդեռ դա կարող է օգնել վերականգնել ուժերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական 20 րոպե մարզասրահում անցկացնելն օգնում է զգալիորեն բարելավել ինքնազգացողությունն ու էներգիա է հաղորդում:

Հազվադեպ մաքրություն անելու սովորությունը

Մարդուն շրջապատող խառնաշփոթը թույլ չի տալիս կենտրոնանալ և ծանրաբեռնում է գլխուղեղն ավելորդ տեղեկությամբ, ուստի հարկավոր է հաճախ մաքրություն անել և դեն նետել ամեն անպետք բան:

 

Նյութի աղբյուրը՝.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook