Wednesday, April 24, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Օգտակար մթերքներ, որոնք հագեցնում են, սակայն չեն գիրացնում

Օրվա ընթացքում սննդի ընդունման հիմնական ժամերի միջև սաստիկ քաղցից ազատվելու համար մարդիկ հաճախ ընտրում են բավական բարձր կալորիականությամբ վնասակար մթերք, որը ոչ միայն նպաստում է քաշի ավելացմանը, այլև կարող է դառնալ առողջական տարբեր խնդիրների առաջացման պատճառ: Սակայն մասնագետներն ընդգծում են, որ կան շատ համեղ ու օգտակար սննդամթերքի տեսակներ, որոնք չեն վնասի ո՛չ կազմվածքին, ո՛չ առողջությանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Մուգ շոկոլադ

Փորձագետների խոսքով՝ ավելորդ քաշը հաճախ կուտակվում է այն մարդկանց մոտ, որոնց օրգանիզմում ընթանում են բորբոքային գործընթացներ, սակայն սև շոկոլադը դրական ազդեցություն է ունենում աղիների վրա՝ հագեցնելով հակաբորբոքային ազդեցությամբ օժտված մոլեկուլներով: Բացի այդ, մուգ շոկոլադն օգնում է կանխել ինսուլինի՝ ճարպակալմանը նպաստող գործոններից մեկի նկատմամբ կայունության զարգացումը:

Կանաչ ոլոռ

Կանաչ ոլոռը հարուստ է սպիտակուցներով ու վիտամին B1-ով, որի պակասը հանգեցնում է ուշադրության, հիշողության ու տրամադրության վատացման: Այս մթերքը հարուստ է նաև վիտամին B2-ով, որը բարելավում է ներբջջային փոխանակությունը, վիտամին PP-ով, որը շատ կարևոր է սրտամկանի ու անոթների համար, և վիտամին A-ով, որը բարելավում է մաշկի ու մազերի վիճակը: Մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ ոլոռը նպաստում է խոլետերինի մակարդակի նվազմանը, աղեստամոքսային տրակտի աշխատանքի ակտիվացմանն ու օրգանիզմից անցանկալի տարրերի դուրսբերմանը:

Ճարպոտ ձկներ

Որևէ թեթև բան ուտելու հիանալի տարբերակ կարող են լինել նաև ճարպոտ ձկնատեսակները, որոնք շատ օգտակար են ինչպես առողջության, այնպես էլ արտաքինի համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ շաբաթական ընդամենը երկու բաժին ճարպոտ ձկան գործածությունն օգնում է ազատվել իմունային համակարգի հետ կապված լուրջ խնդիրներից: Բացի այդ, յուղոտ ձկներն օգնում են արագացնել նյութափոխանակության գործընթացները, ինչն օգնում է կարգի բերել կազմվածքն ու պահպանել արդյունքը:

Հավկիթ

Բժիշկները վստահ են, որ նիհարել ցանկացող ու զարկերակային ճնշման խնդիր ունեցող մարդիկ պետք է սննդակարգում անպայման հավկիթ ներառեն: Այս մթերքը հարուստ է սննդարար նյութերով, ինչի շնորհիվ հագեցնում է և երկար ժամանակով ազատում քաղցի զգացումից: Հավկիթը պարունակում է սելենի՝ մարդուն անհրաժեշտ օրական չափաբաժնի 60 տոկոսը, վիտամին A-ի 30 տոկոսը և երկաթի գրեթե 15 տոկոսը: Բացի այդ, այս մթերքը պաշտպանում է զարկերակային գերճնշման, ճարպակալման, շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացումից:

Կաթնաշոռ

Կաթնաշոռը ոչ միայն շատ օգտակար է ու համեղ, այլև օգնում է նիհարել: Այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք ամրապնդում են մկաններն ու օգնում երկար ժամանակով մոռանալ քաղցի մասին: Բացի այդ, կաթնաշոռն արագացնում է նյութափոխանակությունը: Այն պարունակում է ռիբոֆլավին (վիտամին B2), որը թիամինի (վիտամին B1) հետ մեկտեղ նպաստում է ածխաջրերի՝ էներգիայի վերափոխվելուն: Կաթնաշոռը հարուստ է նաև պանտոտենաթթվով (վիտամին B5), որը նույնպես խթանում է նյութափոխանակությունը:

Ընկույզներ

Եվս մի հիանալի տարբերակ կարող են լինել ընկույզները, որոնցում պարունակվող ճարպերը նպաստոմ են դանդաղ յուրացմանն ու հագեցվածության զգացողության պահպանմանը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական ընդամենը մի բուռ (մոտ 30 գրամ) ընկույզների գործածությունը թույլ է տալիս ոչ միայն հագենալ, այլև խուսափել քաշի ավելացումից:

Նյութի աղբյուրը՝ med․news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook