Friday, March 29, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

10 տարածված արշավային սխալ, որ թույլ են տալիս սկսնակները

Դուք հիանալի որոշում եք կայացրել, եթե մտադրվել եք դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց ու կյանքում առաջին անգամ մասնակցել արշավի: Դա կարող է իսկապես փոխել ձեր կյանքը, տալ ամենաուժեղ ու վառ զգացողությունները, որ հնարավոր է երբևէ ունենալ: Որպեսզի ձեր արաշավային առաջին փորձն անցնի հիանալի և անմոռանալի, կարելի է խուսափել այն հիմնական սխալներից, որ մարդիկ անում են արշավների ընթացքում անփորձության պատճառով: Այժմ կներկայացնենք 10 տարածված արշավային սխալ, որ մարդիկ թույլ են տալիս՝ լինելով սկսնակ այս բնագավառում:

մանկական արշավներ Հայաստանում

Կոշիկի ընտրությունը

Շատ հաճախ մարդիկ մտածում են, որ սովորական սպորտային կոշիկը հարմար է արշավելու համար: Սակայն այս դեպքում շատ կարևոր է, որ կոշիկները լինեն ոչ միայն սպորտային, այլև՝ հաստ տակացուով և բարձր ճտքերով: Սարեր բարձրանալն այնքան էլ հեշտ բան չէ, ու այդ քարքարոտ ու խորդուբորդ ճանապարհները կարելի է անվնաս անցնել միայն հարմար կոշիկներով, այլապես հնարավոր է՝ վնասեք ձեր ոտքերը: Իհարկե, կան հատուկ արշավային կոշիկներ, ու ցանկալի է, որ հենց այդ կոշիկներով սար բարձրանաք, սակայն անգամ եթե նման կոշիկ չունեք, ձեր ունեցած կոշիկներից ընտրեք առավել համապատասխանը: Իսկ թե ինչպես ընտրել ճիշտ արշավային կոշիկ, կարող եք ծանոթանալ մեր հետևյալ հոդվածում:

Արշավային կոշիկներ

Արշավային կոշիկներ

Արևապաշտպան քսուքի և ճիշտ հանդերձանքի բացակայությունը

Լեռնային արևը կիզիչ է ու կարող է այրվածքներ առաջացնել: Շատերը թերագնահատում են այս հանգամանքը և արշավների են գալիս առանց համապատասխան հանդերձանքի և արևապաշտպան քսուքի: Հետագա բարդություններից ու այրվածքներից խուսափելու համար՝ շատ կարևոր է կրել գլխարկ, ձեռքերը և ոտքերը ծածկող հագուստ, ինչպես նաև դեմքին ու մարմնի այլ բաց հատվածներին քսել արևապաշտպան քսուք:

Հագուստի սխալ ընտրությունը

Երբեք արշավների մի մասնակցեք ձեր շարժումները կաշկանդող, ու ինչպես նախորդ կետում նշեցինք, բաց հագուստով: Սա արշավային սխալ է, որը շատ հաճախ ենք նկատում սկսնակ արշավականների մոտ: Ջինսե կամ կոշտ գործվածքով տաբատներն ընդհանրապես դժվարացնում են քայլելը: Արշավական հագուստը պետք է լինի ազատ, հանգիստ ու շարժումները չկաշկանդող: Հարկ է նաև հաշվի առնել, որ լեռնային բարձր հատվածներում եղանակը կարող է ցուրտ լինել, ու կարևոր է ունենալ համապատասխան տաք հագուստ:

արշավային հագուստ

արշավային հագուստ

Արշավից առաջ կամ դրա ընթացքում շատ ուտելը

Սնունդն արաշվի ընթացքում կարևոր դեր ունի, քանի որ այն էներգիայի հիմնական աղբյուրներից է, սակայն պետք է իմանալ՝ ինչպես ու ինչքան սնվել: Քանի որ արշավը համարվում է սպորտաձև, այստեղ նույնպես գործում է դրանով զբաղվելուց առաջ ու հետո թեթև սնվելու սկզբունքը: Հասկանալի է, որ եթե դուք շատ կերած լինեք, քայլելն ավելի դժվար է տրվելու, քանի որ դուք ծանրաբեռնել եք ձեր օրգանիզմի աշխատանքը: Արշավից առաջ կարելի է ընդունել շատ դյուրամարս ու թեթև սնունդ, իսկ արդեն մեծ հանգստին նորմալ սնվել:

Ուսապարկի սխալ ընտրությունն ու ծանրաբեռնվածությունը

Եթե դուք առաջին անգամ եք արշավի մասնակցում, հնարավոր է՝ չունենաք արշավային ուսապարկ: Ձեր ունեցած ուսապարկերի մեջից ընտրեք այն մեկը, որն առավել հարմար է ձեր մեջքին, ու որում իրերն ավելի թեթև են թվում: Երբեք մի մոռացեք այն հանգամանքը, որ արշավների ընթացքում նորմայից մի քանի անգամ շատ եք քայլելու, ու ձեր ուսապարկը պետք է լինի հարմար ու թեթև: Հարկ չկա ուսապարկը ծանրաբեռնել ավելորդ ու ոչ անհրաժեշտ իրերով:

Ինչպե՞ս ընտրել արշավային ուսապարկ

Ուսապարկում տեղավորենք միայն այն բոլոր անհրաժեշտ իրերը, որոնք ձեզ պետք են գալու արշավելու ընթացքում: Եթե ուսապարկը ծանր է ու անհարմար, քայլելը դառնում է ավելի դժվար ու տհաճ: Իսկ թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ուսապարկ, կարող եք կարդալ հետևյալ հղումով:

Ֆիզիկական պատրաստվածության սխալ գնահատումը

Արշավը տուրիստական այց կամ զբոսանք չէ: Ուրեմն՝ հաշվի առեք, որ այս սպորտաձևը որոշակի ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում: Թեկուզ եթե սպորտով չեք զբաղվում, կարևոր է, որ առօրյայում ունենաք որոշակի ֆիզիկական ակտիվություն: Նստակյաց կյանք վարող մարդկանց օրգանիզմի համար արշավելը կարող է սթրեսային լինել: Այնպես որ, եթե մտադրվել եք մասնակցել արշավի, սկսեք ավելացնել ձեր ֆիզիկական ակտիվությունը: Իրենց ֆիզիկական տվյալները սխալ գնահատող մարդիկ շատ հաճախ դժվարանում են քայլել արշավների ընթացքում ու այս հիանալի սպորտաձևից սխալ տպավորություններով հեռանում: Իրականում հարկավոր է ընդամենը մի քիչ պատրաստվել սրան, ու ամեն ինչ հրաշալի կանցնի:

Ֆիզիկական ակտիվություն

Շարքով չքայլելն ու ընդհանուր քայլարշավի տեմպից շեղվելը

Ինչպես արդեն նշեցինք, արշավելը ոչ թե զբոսանք է, այլ սպորտաձև, իսկ սպորտում գոյություն ունի համակարգվածություն: Մի կետից մյուսը հասնելու համար հարկավոր է քայլելու համապատասխան տեմպ ու դինամիկա, որին ոչ պրոֆեսիոնալ արշավականները են տիրապետում: Լեռնային ուղեկցորդները ոչ միայն խումբը ղեկավարելու, ճանապարհը ցույց տալու համար են, այլև խմբի քայլելու տեմպը որոշելու ու կանոնակարգելու: Երբ դուք շարքից դուրս եք գալիս, սկսում եք քայլել ձեր սեփական տեմպով, ինչը քաոս կարող է ստեղծել: Այնպես որ, շատ կարևոր է շարքով քայլելն ու ընդհանուր խմբի տեմպին ենթարկվելը:

շարք

Բավարար քանակությամբ ջրի բացակայությունը

Սա նույնպես տարածված արշավային սխալ է, որ մարդիկ գործում են առաջին անգամ արշավելիս: Բավարար քանակությամբ ջրի առկայությունը քայլելու ընթացքում չափազանց կարևոր է, քանի որ մարդու օրգանիզմը մեծ քանակի էներգիա է ծախսում երկար քայլելու ընթացքում: Եթե դուք բավարար քանակությամբ ջուր չխմեք, կջրազրկվեք, և հնարավոր է՝ ընդհանրապես էներգիա չունենաք տեղաշարժվելու համար: Այնպես որ, նույնիսկ եթե դուք առօրյայում շատ քիչ եք ջուր խմում, արշավի ընթացքում ամենաքիչը 1 լիտր պետք է խմեք:

ջրազրկում

Քայլելու հեռավորությունը ճիշտ չպատկերացնելը

Արշավի մասնակցելուց առաջ մի քիչ ուսումնասիրեք ու հասկացեք՝ ինչքան եք քայլելու տվյալ ուղղության դեպքում: Շատ հաճախ մարդիկ մասնակցում են արշավի՝ կարծելով, որ, օրինակ, քայլելու են ընդամենը 4 ժամ, իսկ իրականում քայլում են 6 ժամ: Բնականաբար, պետք է իմանաք՝ ուր եք գնում, ինչի համար եք գնում, որպեսզի ձեր ակնկալինքները համապատասխանաբար արդարացվեն:

Ուղեկցորդին չենթարկվելը

Սա կոպիտ ու անընդունելի արշավային սխալ է, որը չի կարելի թույլ տալ արշավելիս: Լեռնային ուղեկցորդները գիդեր չեն, որոնք պատմում են տեղանքի ու դրա պատմության մասին: Նրանք այն մասնագետներն են, որոնք գիտեն լեռնային ճանապարհների առանձահատություններն ու վտանգները, ճիշտ քայլելու կանոններն ու ձևերը, անվտանգ տեղ հասնելու լավագույն ուղղություններն ու ճանապարհները: Լեռներում պրոֆեսիոնալներին չենթարկվելն ու արկածներ փնտրելը կարող է վտանգել ձեզ և մյուսներին: Այնպես որ, այս դրույթին ենթարկվելը պարտադիր պայման է, որը չի կարելի շրջանցել:

ուղեկցորդ

Armenian Geographic-ը, ունենալով երկար տարիների արշավներ կազմակերպելու ու նախաձեռնելու փորձ, բոլոր նոր գրանցվող արշավականներին ներկայացնում է՝ կայանալիք արշավից ինչ կարելի է ակնկալել: Սակայն հարկ ենք համարում ևս մեկ անգամ հորդորել կարդալ վերոնշյալ դրույթներն ու խուսափել այս տարածված սխալները գործելուց:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook