Thursday, April 25, 2024
Նորություններ

100% անծուխ միջավայր պահանջող օրենսդրության ազդեցությունը ռեստորանների, բարերի և փաբերի եկամուտների վրա

2004 թվականին Իռլանդիան դարձավ առաջին երկիրը, որն ընդունեց 100% անծուխ փակ աշխատավայրերի օրենսդրությունը, որը տարածվում էր նաև բարերի և ռեստորանների վրա:1

2004 թվականի մարտից Իռլանդիային միացան Նորվեգիան, Նոր Զելանդիան, Ուգանդան, Բութանը և Իտալիան:1 Մինչ այդ, նմանատիպ օրենսդրություն ուժի մեջ էր մտել ԱՄՆ-ի յոթ և Կանադայի հինգ նահանգներում:1

Այսօր այլևս կարիք չկա վիճելու անծուխ միջավայր պահանջող օրենսդրության՝ բնակչության առողջության վրա թողած դրական ազդեցության մասին: Բավական է նշել, որ ԱՄՆ-ում 100% անծուխ միջավայր պահանջող օրենսդրության ընդունմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում կտրուկ նվազել է սրտամկանի ինֆարկտի հետ կապված հիվանդանոցային ընդունելությունների թիվը:2 Սա արդեն իսկ ցուցանիշ է, որը ցայտուն կերպով ընդգծում է բոլոր այն օգուտները, որ հայաստանյան հասարակությունը կարող է ձեռք բերել, եթե միանա ժամանակակից քաղաքակիրթ աշխարհին և սատար կանգնի նոր օրենսդրության ընդունմանը և կիրառմանը:

Capture1

Բոլոր երկրներում տվյալ օրենսդրության ընդունմանը ակտիվորեն խոչընդոտել են ծխախոտային արդյունաբերությունը ներկայացնող խոշոր ընկերությունները:3 Ռեստորանների միավորումներին ու հյուրընկալության ասոցիացիաներին մոլորեցնելու նպատակով՝ ծխախոտ արտադրող ընկերությունները առաջ էին տանում այն թեզը, թե «100% անծուխ միջավայրը հանգեցնելու է ռեստորանների և բարերի մինչև 30% եկամուտների նվազմանը»:3 Սակայն տարբեր երկրների (ԱՄՆ, Կանադա, Նորվեգիա, Գերմանիա, Իռլանդիա) գիտական կենտրոնների կողմից իրականացված հետազոտությունները վկայում են, որ 100% անծուխ միջավայրերի օրենսդրության ընդունումը չունի վիճակագրորեն նշանակալի ազդեցություն ռեստորանների կամ բարերի եկամուտների վրա:4,5

ԱՄՆ-ի Արիզոնա5 (առաջին նահանգն էր, որ ընդունեց 100% անծուխ միջավայրի օրենսդրությունը), Կալիֆոռնիա6 և Տեխաս7 նահանգներում կատարված հետազոտությունները կրկին վկայում են, որ նոր օրենսդրությունը չի վնասում ռեստորանների և բարերի եկամուտներին: Իսկ Կալիֆոռնիայում 2005 թվականին իրականացված հետազոտության մեջ նույնիսկ նշվում է, որ «հարկային եկամուտների 1990-2002 թվականների տվյալները վերլուծելուց հայտնաբերվել է, որ 100% անծուխ օրենսդրությունը կապված է ռեստորանների (ուժի մեջ է մտել 1995թ.-ին) և բարերի (ուժի մեջ է մտել 1998թ.-ին) եկամուտների աճի հետ:6

Մեծ արժեք է ներկայացնում նաև Նորվեգիայում իրականացված երկարաժամկետ տվյալների վրա հիմնված վերլուծությունը:8 Այս հետազոտությունը հատկանշական է երեք կարևոր գործոնների պատճառով: Նախ, Նորվեգիան առաջիններից էր, որ ընդունեց 100% անծուխ միջավայրի օրենսդրությունը: Սա հիմք է տալիս վերլուծելու օրինագծի երկարաժամկետ՝ մի քանի տարիներ տևողությամբ ազդեցությունը: Երկրորդ կարևոր գործոնը երկրի ցուրտ կլիման է: Այս փաստի հետ կապված հաճախ շահարկվել է այն միտքը, որ ծխողները չեն հարմարվելու նոր միջավայրին, չեն ծխելու ռեստորանից կամ փաբից դուրս և դադարելու են այցելել ժամանցի վայրերը: Երրորդ կարևոր հատկանիշը տվյալների բազայի հնարավորությունն է տարբերակելու փաբերի և ռեստորանների եկամուտների վրա նոր օրենսդրության ազդեցությունը (վերլուծման համար առկա են երկու առանձին փոփոխականներ):8

Capture

Այս ծավալուն հետազոտությունը նույնպես ցույց տվեց, որ նոր օրենսդրությունը չունի վիճակագրորեն նշանակալի ազդեցություն ռեստորանների եկամուտների վրա: Իսկ փաբերի եկամուտների նախնական կարճաժամկետ անկմանը հետևում է եկամուտների երկարաժամկետ զգալի աճը (1% անկում 2005 թ.-ին, 7.8% աճ 2006թ.-ին):8

Իռլանդիայում բարերի սեփականատերերը պնդում էին, թե իրենց վաճառքը «նվազել է 15-25%-ով»:1 Սակայն սա ընդամենը նախորդող տարիների վիճակագրական միտման (այցելուների թվի անկման) տրամաբանական շարունակությունն է:1 Սա բացատրվում է նոր օրենսդրության ընդունմանը նախորդող և ուղեկցող ալկոհոլի գնի բարձրացմամբ, առողջ ապրելակերպի ծրագրերի ակտիվացմամբ, ինչպես նաև ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու հանդեպ վերահսկողության ուժեղացմամբ:1

Նպատակ ունենալով արժեզրկելու գիտական համայնքի կողմից կատարված հետազոտությունները՝ ծխախոտային արդյունաբերությունը սովորաբար փորձում է հակազդել փաստերի խեղաթյուրման եղանակներով: 2002 թվականին Ավստրալիայի գիտնականները վերլուծեցին տարբեր գիտական պարբերականներում տպագրված 97 հետազոտություն:9 Նրանք հայտնաբերեցին, որ բոլոր այն աշխատանքները, որոնք հաղորդում են տնտեսության վրա բացասական հետևանքների մասին, ֆինանսավորված են եղել ծխախոտային արդյունաբերության կողմից:9 Դրան զուգահեռ, պատվիրելով թանկարժեք քննադատական վերլուծություններ, ծխախոտ արտադրող ընկերությունները հաճախ նպատակ են հետապնդում թերացումներ գտնել անաչառ գիտնականների աշխատանքներում:4 Սակայն նույնիսկ բարձր վարձատրությամբ ձևավորված քննադատությունները ստացել են իրենց հիմնավորված պատասխանները և կրկին անգամ ապացուցվել է, որ 100% անծուխ միջավայրերի օրենսդրությունը չունի վիճակագրորեն նշանակալի ազդեցություն հանրային սննդի օբյեկտների եկամուտների վրա:4 Սա կարելի բացատրել Նյու Յորք քաղաքի օրինակով, որտեղ ձեռնարկատիրության եկամուտները բալանսավորվել են չծխող հաճախորդների թվի ավելացման հաշվին:5

Հատկանշական է, որ 100% անծուխ միջավայր պահանջող օրենսդրությունը ոչ միայն չի վնասում ձեռներեցական համայնքին, այլև կարող է դրական կերպով անդրադառնալ ձեռնարկատիրության հեղինակության և այցելուների թվի վրա:1 Այսպես, Դուբլինի փաբերից ստացված դիտողական տվյալներից նոր օրենսդրության ուժ մտնելուց հետո արձանագրվել է 11% այցելուների աճ:10 Բացի այդ, հարցվողները նշում էին, որ նոր կարգավորումները զգալի բարելավել են իրենց ժամանցը բարերում (70%) և ռեստորաններում (78%):1

Հայաստանում Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից 2017 թվականին իրականացված հարցման արդյունքում ՀՀ բնակչության ավելի քան 60%-ը կողմ է, որ ծխելը արգելվի փակ տարածքներում: Այս թվերը շատ մոտ են Իռլանդիայում մինչև ծխելու արգելքը կատարված հարցման արդյունքներին: Այսպես, եթե մինչև օրենսդրության ընդունումը հարցվողների միայն 67%-ն էր դրական արձագանքում անծուխ միջավայրերի ստեղծմանը, ապա ընդունումից հետո այդ թիվը հասավ 82-95%-ին:1

Ծխախոտային արդյունաբերության հսկաները, եկամուտների նվազման անհիմն թեզը շրջանառելուց բացի, հաճախ մոտիվացնում են հյուրընկալության ոլորտում գործող ասոցիացիաներին առաջ քաշել ծխողների համար նախատեսված սրահներ ստեղծելու գաղափարը, որտեղ գործելու է ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունը կարգավորող օդափոխման համակարգը:3 Սակայն ինչպես ցույց են տալիս գիտական հետազոտությունները, այդ համակարգերը նույնպես չեն կարողանում լուծել երկրորդային ծխի հասցրած վնասի խնդիրը:11,12

Վերջին տարիներին 100% անծուխ միջավայր պահանջող օրենսդրություն են ընդունել նաև մի շարք հետխորհդրային երկրներ (օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը, Ուկրաինան): Սակայն հաշվի առնելով, որ նոր կարգավորումների կիրառումից հետո դեռ չի անցել բավարար ժամանակ, այս պետությունների փորձը դեռևս չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության համատեքստում հիմնավոր կանխատեսումների և եզրակացությունների համար:

Ուստի, ուսումնասիրման նպատակով ընտրվել էին վերոնշյալ արևմտյան երկրները, քանի որ հաշվի էին առնվել.

  • տվյալ երկրների կողմից տարիների (90-ականներից ի վեր) կուտակված փորձը, տվյալներն և դրանց ընդգրկունությունը,
  • տվյալ երկրներում օրենսդրության համապարփակ կիրառումը (100% ծածկույթ),
  • տվյալ երկրների գիտահետազոտական ինստիտուտների մասնագիտական ներուժը,
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook