Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

12 ախտանշան, որոնց միջոցով օրգանիզմը հուշում է քաղցկեղի զարգացման մասին

Քաղցկեղն ամենավտանգավոր ու մահաբեր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում: Սա այն հիվանդություններից է, որը կանխարգելելն ու վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում դրա հետևանքով առաջացած մի շարք վտանգավոր խանգարումների դեմ պայքարելը: Սա է պատճառը, որ հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել, ինչպես նաև սովորել տարբերել այն ախտանշանները, որոնց միջոցով օրգանիզմը հուշում է չարորակ նորագոյացության առկայության մասին:

Դող

Այնպիսի նյարդաբանական խանգարումները, ինչպիսին են դողը, ջղաձգումներն ու ծակծկոցը, կարող են պայմանավորված լինել գլխուղեղի քաղցկեղով: Շատ հաճախ այս ախտանշաններն ի հայտ են գալիս քաղցկեղի զարգացման վաղ փուլերում, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:

Փորլուծություն ու փորկապություն

Աղիների աշխատանքի փոփոխությունները կարող են հուշել այս օրգանում չարորակ նորագոյացության զարգացման մասին: Աղիների քաղցկեղի դեպքում հիվանդը կարող է հաջորդաբար բախվել փորկապության ու փորլուծության խնդիրներին:

Կղանքի մեջ արյան առկայություն

Ռեկտալ արյունահոսությունները կարող են հուշել հաստ աղիքի քաղցկեղի մասին, ուստի նման ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու պարզել դրա զարգացման պատճառը:

Ամորձիներում հանգույցների առկայություն

Ամորձիներում ի հայտ եկած փոփոխությունները նույնպես բավական վտանգավոր ախտանշան են: Ամորձիներում առաջացած հանգույցը կարող է պայմանավորված լինել երակների վարիկոզ լայնացմամբ, սակայն կարող է հուշել նաև քաղցկեղի մասին:

Սեռական օրգաններից կամ պտուկներից հեղուկի արտահոսք

Առնանդամից հեղուկի արտահոսքը կարող է պայմանավորված լինել առնանդամի քաղցկեղով: Ընդ որում՝ քաղցկեղի այս տեսակը վերջին տարիներին բավական տարածված է տղամարդկանց շրջանում:

Քաղցկեղի մասին կարող է հուշել նաև պտուկներից նկատվող արտադրությունը: Այս դեպքում խնդիրը կարող է պայմանավորված լինել կրծքագեղձի քաղցկեղով:

Կրծքին կարմիր բծի առկայություն

Կրծքագեղձի քաղցկեղի մասին հուշող ախտանշան կարող է լինել նաև կրծքի որրևէ հատվածում կարմիր բծի կամ ուռուցիկ հատվածի ի հայտ գալը, ուստի նման ախտանշանը չի կարելի անտեսել:

Ավշային հանգույցների այտուցվածություն

Ավշային հանգույցները սովորաբար այտուցվում են վարակումների դեպքում, սակայն այս ախտանշանով կարող է դրսևորվել նաև լիմֆոման:

Կլման ակտի խանգարումներ

Սնունդը կուլ տալու հետ կապված դժվարությունները, ինչպես նաև կոկորդում օտար մարմնի առկայության զգացողությունը կարող են վկայել կերակրափողի կամ կոկորդի քաղցկեղի մասին:

Մեջքի ցավեր

Եթե մեջքի ցավերը պայմանավորված չեն օրթոպեդիկ հիվանդություններով, ապա հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ, քանի որ նման ախտանշանով կարող է դրսևորվել նաև հաստ աղիքի քաղցկեղը:

Ոտքերի ցավեր

Ոտքերի, ձեռքերի կամ հենաշարժիչ համակարգի որևէ այլ հատվածի կայուն ցավը կարող է պայմանավորված լինել ոսկորների քաղցկեղով:

Քոր

Անբացատրելի քորը բուժզննում անցնելու լուրջ պատճառ է: Բանն այն է, որ երբեմն այս ախտանշանը հուշում է լյարդի հետ կապված լուրջ խնդիրների, այդ թվում՝ քաղցկեղի մասին:

Սննդային նախասիրությունների կտրուկ փոփոխություն

Եթե սովորաբար չափավոր սնվող մարդը կտրուկ փոխում է նախասիրություններն ու սկսում է օգտագործել բարձր կալորիականությամբ մթերք, ապա մեծ է հավանականությունը, որ նման փոփոխությունը պայմանավորված է ուռուցքով, որն իր աճի ու զարգացման համար սննդարար նյութերի կարիք ունի:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook