Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

2018-2019 թվականնների առողջապահական ծրագրերը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ամփոփել է 2018 թվականին՝ իր պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքները և ներկայացրել է 2019 թվականի անելիքները:

2018 թվականին կատարված աշխատանքներ

1. Բարձրացվել են առաջնային օղակի ավելի քանի 10000 բուժաշխատողի աշխատավարձերը՝ գրեթե 20%-ի չափով, մոտ այդքան էլ բարձրացվելու է այս տարի:

2. Բարձրացվել են պետպատվերի միջոցներից հիվանդանոցային օղակի բուժաշխատողների վարձատրության համամասնությունները։

3. Վերանայվել է «Stent for life» ծրագիրը` ոչ դեղապատ ստենտի փոխարեն տեղադրվում է դեղապատ ստենտ։ Իջեցվել են վճարովի ստենտավորման գները ավելի քանի 250000 դրամի չափով։

4. Ներդրվել է պետպատվերով մատուցվող ծառայությունների մոնիտորինգի առցանց համակարգը։

5. Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է երեխայի ոսկրածուծի փոխպատվաստում: Փրկվել է երեք մանկական կյանք: Ներդրվել է մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման պետպատվեր։

6. Մարզերի կադրային ներուժը համալրելու նպատակով` շուրջ 40%-ով աճել է նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը` 35-ից հասցնելով 49-ի:

7. Թարմացվել է շտապօգնության ծառայության ողջ ավտոպարկը՝ 200 շտապօգնության մեքենաներով։

8. Շահագործման են հանձնվել Սևանի, Արտաշատի և Վանաձորի նորակառույց արդիականացված բժշկական կենտրոնները:

9. Պետական բյուջեի միջոցներով հնարավորություն է տրվել գնելու 15 անուն մանկական հակաքաուռուցքային դեղեր՝ ծածկելով երկրի ամբողջ պահանջարկը:

10. Բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով իրականացվել է շուրջ 437550 սկրինինգային հետազոտություն:

11. Վերանայվել են ծննդատների մակարդակները, ինչը հնարավորություն կտա բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Ավելացվելու են ծննդօգնությանը հատկացվող միջոցները:

12. Առաջին անգամ տեղի է ունեցել պետական պատվերի միջոցների արդարացի վերաբաշխում՝ դեպի մարզեր ուղղությամբ։

13. Երևանի ու մարզերի առաջնային օղակի շուրջ 15000 բուժաշխատող իրավունք է ստացել օգտվելու սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունը:

14. Լրամշակվել է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, ըստ որի՝ բուժաշխատողները, մատնահարդարները, ոտնահարդարները, դիմահարդարները և դաջվածքի մասնագետները վիրուսային հեպատիտ Բ-ից բացի կհետազոտվեն նաև հեպատիտ Ց-ի նկատմամբ:

15. Բուժօգնության որակի բարելավման նպատակով` Երևանի առավել մեծ հոսք ունեցող և բազմապրոֆիլ երեք բուժհաստատությունում տեղադրվել է պացիենտի գոհունակության մշտադիտարկման գործիք` ինտերակտիվ տերմինալներ:

16. Ստեղծվել է դեղերի լոգիստիկ համակարգ` հումանիտար և պետպատվերով տրամադրվող դեղերի համար:

17. Ներդրվել է բուժօգնության դեպքերի անհատական վարման համակարգ. քաղաքացու` հիվանդանոց դիմելու պահից սկսած դեպքը կլինի բժիշկ-փորձագետի հսկողության ներքո` մինչև բուժման ավարտը:

2019-ին նախատեսվող ծրագրեր (նշենք, որ առողջապահական բյուջեն աճել է ավելի քան 10մլրդ դրամով)։

1.Տարեկան շուրջ 250 պացիենտ սուր իշեմիկ ինսուլտի դեպքում բուժում կստանա պետպատվերի շրջանակներում:

2. Տարեկան շուրջ 200 պացիենտ կստանա ճառագայթային բուժում ժամանակակից գծային արագացուցիչների վրա պետպատվերի շրջանակներում:

3. Շուրջ 1000 պացիենտ կստանա բուժում հեպատիտ Ց-ի դեմ պետպատվերի շրջանակներում։

4. Քայլեր է ձեռնարկվելու համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգ մշակելու ուղղությամբ:

5. Շտապօգնության ծառայության աշխատանքները բարելավելու և կանչերը հասցեական կազմակերպելու նպատակով բարեփոխումներ են կատարվելու:

6. Երևանում և մարզերում կմեկնարկի պալիատիվ խնամքի փորձարարական ծրագիր: Քննարկվում է նաև ծառայությունը ստացիոնարում ներդնելու հնարավորությունները:

7. Մշակվել և կառավարություն են ներկայացվել դեղերի օրենքից բխող նախագծեր, որոնց միջոցով կկարգավորվեն դեղերի ներմուծման և արտահանման, գրանցման, կլինիկական հետազոտությունների, հետ կանչի և շրջանառության դադարեցման, պատշաճ արտադրական գործունեության և այլ մեխանիզմներ:

8. Դեղատոմսով բաց թողնվող դեղերի կարգի լրամշակման նպատակով կշարունակվեն հանրային քննարկումները:

9. Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայություններից, և այն բացառապես կիրականացվի պետական պատվերի շրջանակներում ամբողջ բնակչության համար:

10. Վերարտադրողական առողջության բարելավման նպատակով պետպատվերի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման գործընթացի կազմակերպմանը:

11. Առողջ ապրելակերպը սկսվում է դպրոցից. կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ցածր դասարանի աշխակերտներին առողջ ապրելակերպ ուսուցանելու նպատակով:

12. Վերսկսվելու է բժիշկների ժամանակավոր ուղեգրման ծրագիրը և մարզերից ներկայացված հրատապ կադրային պահանջարկի դեպքում՝ Երևանից կարճ ժամանակահատվածով համապատասխան բժիշկ մասնագետներ կգործուղվեն մարզեր:

13. Ձեռք է բերվելու շարժական մամոգրաֆիկ սարք և նախատեսվում է սկրինինգային հետազոտությունները սկսել Լոռու մարզից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook