Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

25 խորհուրդ աշխատանքում առողջությունը պահպանելու համար

1. Հեռացրեք հայացքը համակարգչի մոնիտորից

Գոնե կես ժամը մեկ անգամ մի քանի րոպեով նայեք որտեղ որ ցանկանում եք, բայց ոչ համակարգչին: Լավագույն տարբերակը պատուհանն է: Եթե ունեք հնարավորություն, ապա փաստաթղթի բովանդակությունը կարդացեք թղթի վրա, այլ ոչ թե համակարգչի էկրանին:

2. Հաճախ շարժվեք

Եթե հնարավոր է, մի´ օգտվեք վերելակից, աստիճանները բարձրացեք ոտքով: Գրասեղանից վեր կացեք պատեհ կամ անպատեհ առիթով: Նույնիսկ նստած ժամանակ կարելի է շարժվել ու դիրքն անընդհատ փոխել:

3. Խուսափեք փոշուց

Աշխատանքային սեղանի վրա փաստաթղթերի տրցակը, թղթապանակները, ամսագրերն ու այլ թղթերը փոշու կայուն հավաքատեղի են, իսկ որտեղ փոշին, այնտեղ էլ մանրէներն են, էլ չենք խոսում ալերգիայի և ասթմայի մասին:

4. Օգտվեք աշխատասենյակի հեռախոսից

Եթե գրասենյակում եք, փորձեք խոսել քաղաքային հեռախոսով, այլ ոչ թե բջջայինով: Սովորական հեռախոսի ճառագայթումը տասնյակ անգամ քիչ է բջջայինից:

5. Հրաժարվեք «ոտքի վրա» ինչ-որ բան ուտելուց

Եթե հնարավոր չէ, ապա կերեք միրգ, ընկույզ կամ չիր` արևածաղկի սերմերի, թխվածքաբլիթների կամ կոնֆետների փոխարեն:

6. Սուրճի փոխարեն հյութ խմեք

Եթե կարծում եք, որ սուրճն օգնում է առույգանալ, նշանակում է՝ չեք փորձել թուրինջի հյութը: Եթե դա չեք սիրում, ապա խմեք ձեր նախընտրած որևէ այլ ցիտրուսային հյութ:

7. Ընտրեք ձեզ հարմար աթոռ

Դա շատ կարևոր է, եթե աշխատանքը նստակյաց է, իսկ շատերի մոտ, ցավոք, հենց այդպես է: Օրվա ընթացքում ոչ ճիշտ դիրքը ողնաշարի համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Եթե ոչ մի կերպ չեք կարող անհարմար աթոռը փոխել, ապա դրա վրա դրեք օրթոպեդիկ բարձ:

8. Պահպանեք ջերմաստիճանային ռեժիմը

Աշխատավայրում հարկ է, որ լինի ոչ շատ տաք և ոչ էլ շատ ցուրտ: Նույնիսկ եթե դրսում -30օC է, սենյակը շոգեբաղնիք մի´ դարձրեք: Եվ հակառակը` եթե դրսում շատ շոգ է, ապա հարկ չկա նստել արհեստական սառեցված սենյակում: Ցուրտը հրահրում է մկանային լարվածություն, իսկ ավելորդ տաքությունը թուլացնում է:

9. Դուրս եկեք փողոց

Մի´ ծուլացեք և դուրս եկեք գրասենյակից, գնացեք որևէ տեղ: Դա և´ միջավայրի փոփոխություն է, և´ զբոսանք, և´ մաքուր օդ: Ծայրահեղ դեպքում կարելի է դուրս գալ և մի քիչ զբոսնել շենքի շրջակայքում:

10. Թեթև ճաշեք

Առատ ու լիարժեք ճաշից հետո կսկսեք քնել, աշխատունակությունը կնվազի, իսկ դյուրագրգռությունը կավելանա: Նույնիսկ եթե շատ քաղցած եք, աշխատեք քիչ ուտել և հագեցվածության զգացողություն անպայման կունենաք:

11. Հանեք բարձրակրունկ կոշիկները

Եթե ստիպված եք քայլել բարձրակրունկ ու անհարմար կոշիկներով, ապա ամեն մի պատեհ առիթով հանեք դրանք, կամ էլ աշխատասենյակում պահեք մի զույգ փոխարինող ու հարմար կոշիկներ:

12. Հրաժարվեք էներգետիկ ըմպելիքներից

Եթե ցանկանում եք մի քիչ առույգանալ, ավելի լավ է խմեք բնական սուրճ, քան էներգետիկ ըմպելիքներ. դրանք վնասակար են մաշկի և թոքերի համար, նաև հրահրում են գլխացավեր, հոգնածություն և աչքերի լարվածություն:

14. Եթե հիվանդ եք, մնացեք տանը

Ոտքի վրա տարած հիվանդությունը վտանգավոր է դրա արագ կրկնմամբ, նաև հետագա բարդություններով և կարող է պատճառ դառնալ աշխատանքային պլանների/ ծրագրերի հետաձգման:

15. Օդափոխեք սենյակը

Ձմռանը դա կարելի է անել ընդմիջման ժամին, իսկ մնացած ժամանակ պետք է պատուհանը բաց վիճակում լինի, եթե, իհարկե, հարևանությամբ ավտոմայրուղի կամ որևէ գործարան չկա:

16. Չափից ավելի աշխատասիրությունը հիվանդություն է

Աշխատանքը կյանքի ընդամենը մի մասն է կազմում: Եթե մեկ այլ բնագավառում ձեզ մոտ ժամանակավոր դատարկություն է, ապա լցրեք այն հաճելի ու օգտակար զբաղմունքներով, բայց ոչ միայն ու միայն աշխատանքով:

17. Հանգստություն պահպանեք

Ոչ մի խնդիր կամ արգելք չպետք է վնասի ձեր առողջությանը: Չափավոր և ոչ հաճախ կրկնվող սթրեսը նույնիսկ օգտակար է, բայց մշտական նյարդային լարվածությունը կարող է հրահրել մի շարք հիվանդություններ:

18. Արձակուրդ վերցրեք

Պետք չէ արձակուրդը հետագձել մինչև հաջորդ տարի, այլապես ձեռք կբերեք քրոնիկական հոգնածության համախտանիշ: Հնարավորության դեպքում արձակուրդը բաժանեք մի քանի փուլերի, եթե մեկշաբաթյա հանգիստը լիովին բավարար է:

19. Մոռացեք դեղահաբերի մասին

Եթե ցավում է գլուխը, ապա առաջին հերթին փնտրեք պատճառը. դա կարող է լինել տոթ և չոր օդը, հոգնածությունը կամ շատ մոտ դրված մոնիտորը: Վերացրեք պատճառը և փորձեք հանգստանալ գոնե 5-10 րոպե:

20. Արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս

Աշխատանքի, գործընկերների, մասնագիտության հանդեպ մշտական դժգոհությունը սթրեսների, հոգնածության, դյուրագրգռության և այլ տկարությունների պատճառ կարող է հանդիսանալ, ընդհուպ մինչև հիպերտոնիկ հիվանդություն և դեպրեսիա:

21. Հագուստը պիտի բնական գործվածքից լինի

Սինթետիկ հագուստը ոչ միայն տհաճ է, այլև մաշկի համար վտանգավոր, որովհետև վերջինս չի շնչում: Եթե աշխատանքի բերումով ստիպված եք օրական 10 ժամ որևէ կոստյումով մնալ, ապա նախընտրելի է, որ այն լինի բնական գործվածքից:

22. Զբաղվեք սպորտով

Նստակյաց աշխատանքն անհրաժեշտ է փոխհատուցել լրացուցիչ շարժումներով: Գրանցվեք ֆիթնես-ակումբներում, որտեղ կարող եք գնալ աշխատանքից հետո կամ էլ ընդմիջման ժամերին: Ծայրահեղ դեպքում աշխատանքի գնալիս փորձեք երկար քայլել:

23. Ժպտացեք

Ժպտացեք ում ցանկանում եք` գործընկերներին, ղեկավարին, հավաքարարին կամ պահակին: Ապացուցված է՝ ժպիտը նպաստում է էնդորֆինների արտադրմանը, իսկ դրանք տալիս են հանգստության, ուրախության զգացողություն, լավացնում տրամադրությունն ու երկարացնում կյանքը: Իսկ հոգեկան հավասարակշռությունն ամենակարևոր նախապայմանն է:

24. Հարմարավետություն ստեղծեք

Հաճելի ու հարմար աշխատանքը նվազեցնում է սթրեսն ու հոգնածությունը, իսկ հաճելի մթնոլորտը ստեղծում դրական տրամադրվածություն և ցանկություն է առաջանում անընդմեջ վերադառնալ այնտեղ, որտեղ մարդն իրեն լավ է զգում:

25. Որևէ բանով զբաղվեք

Անգործությունը, ինչքան էլ տարօրինակ է, ավելի շատ է հոգնեցնում, քան ծանրաբեռնվածությունը: Դրա համար աշխատանքից ազատ ժամերին զբաղվեք որևէ այլ գործով. օգնեք գործընկերներին, ովքեր ինչ-որ բան չեն հասցնում ավարտել, այցելեք ընկերներին և բարեկամներին, արեք այն, ինչը ձեզ ավելի հոգեհարազատ է:

Հեղինակ` Ն.Ա.

Leave a Reply

x Close

Like Us On Facebook