3 պարզ ու արդյունավետ պրոցեդուրա, որոնք կօգնեն ազատվել աչքերի տակ առաջացած այտուցներից ու մուգ շրջանակներից

Աչքերի տակի այտուցները, մաշկի խամրած գույնը, աչքերի շուրջն ի հայտ եկած մանր կնճիռներն ու կարմրածությունը շատ տարածված մաշկային խնդիրներ են, որոնց հաճախ են բախվում 25-30 տարեկանից բարձր կանայք։ Նման այտուցների դեմ շատերն են պայքարում, սակայն այս խնդրից ոչ միշտ է հաջողվում հեշտությամբ ազատվել, քանի որ շատ դեպքերում այտուցները պայմանավորված են լինում ներքին օրգանների հետ կապված խնդիրներով։ Սա է պատճառը, որ աչքերի տակ այտուցների առկայության դեպքում նախ հարկավոր է դիմել բժշկին և պարզել խնդրի պատճառը, որից հետո միայն փորձել պայքարել դրանց դեմ կոսմետիկ միջոցների օգնությամբ։

Այնուամենայնիվ լինում են դեպքեր, երբ մասնագետին դիմելու հնարավորություն տվյալ պահին չի լինում, մինչդեռ այտուցներից հարկավոր է լինում ազատվել հնարավորինս արագ, ուստի օգնության են հասնում այս խնդրի դեմ պայքարի փորձված բնական միջոցները, որոնք անվնաս են, սակայն շատ արդյունավետ։ Կոսմետոլոգ Գրիգորի Գոլդինը MedikForum.ru պորտալի հետ զրույցում ներկայացրել է այտուցների դեմ պայքարի ամենապարզ, արդյունավետ ու հասանելի միջոցները, որոնք կօգնեն ընդամենը մի քանի րոպեում թարմացնել մաշկն ու ազատվել աչքերի տակի այտուցներից ու մուգ շրջանակներից։

Ձվի սպիտակուց

Ձվի սպիտակուցն այս խնդրի դեմ պայքարի ամենաարդյունավետ ու հասանելի միջոցներից է։ Այն ոչ միայն ազատում է այտուցներից, այլև գունաբացում է մաշկը, հարթեցնում է ոչ շատ խորը կնճիռները և մաշկին պրկություն ու առաձգականություն է հաղորդում։

Հարկավոր է ձվի սպիտակուցը կոտորակիչով կամ հարիչով լավ հարել, մինչև այն վերածվի բավական կայուն փրփրուն զանգվածի, այնուհետև քսել այն աչքերի շուրջը գտնվող մաշկին՝ խուսափելով թարթիչներից։ Մի քանի րոպե անց փրփրուն սպիտակուցն անհրաժեշտ է մաքրել և մաշկը լավ լվանալ։ Այս դիմակը կարելի  օգտագործել ամեն օր։ Ընդ որում՝ արդյունքն ակնհայտ կլինի անգամ առաջին գործածությունից հետո։

Վարունգով սառույց

Բոլորն էլ գիտեն, որ վարունի շերտերը մաշկին դնելն այտուցներից ազատվելու և մաշկը գունաբացելու հիանալի միջոց է, սակայն իրականում այս մեթոդը բավական անհարմար է և այնքան արդյունավետ չէ, որքան համարվում է։ Բանն այն է, որ նման «դիմակի» կիրառման դեպքում հարկավոր է անշարժ նստել և պարբերաբար ուղղել վարունգի շերտեր, քանի որ դրանք կարող են ընկնել։ Նման խնդիրներից խուսափելու համար կարելի է պատրաստել վարունգով սառույց, որը և՛ շատ ավելի հարմար է կիրառման մեջ, և՛ շատ ավելի արդյունավետ է խնդրի դեմ պայքարում։

Վարունգով սառույցը պատրաստելու համար հարկավոր է վարունգը մանր քերիչով մանրացնել ու խառնել կես բաժակ ջրին, այնուհետև այդ խառնուրդը լցնել սառույցի կաղապարների մեջ և դնել սառցարան։ Ստացված սառույցի կտորներն օգտագործել աչքերի շուրջը եղած նուրբ ու այտուցված մաշկն ամեն օր մերսելու համար։

Ավելին՝ այս սառույցներով կարելի է մերսել ամբողջ դեմքը։ Վարունգը մաքրում է մաշկը, տոնուս է հաղորդում ու ձգում է, ուստի այն հիանալի միջոց է մաշկը թարմացնելու համար։

Երիցուկի եփուկ

Աչքերի տակ առաջացած այտուցներից ազատվելու ամենապարզ ու տարածված միջոցներից մեկը երիցուկի եփուկն է։ Պարզապես հարկավոր է դեղաբույսը թրմել ու եփուկ պատրաստել, այնուհետև գոլ կամ սառը թուրմով թրջած բամբակյա սկավառակները դնել աչքերին և թողնել մի քանի րոպե։ Կարելի է նույն կերպ կիրառել նաև երիցուկի թեյի փաթեթիկները։ Բացի այդ, կարելի է թուրմը նախորդ մեթոդի նման լցնել սառույցի կաղապարների մեջ, սառեցնել և ստացված սառույցներով ամեն օր մերսել աչքերի տակի նուրբ մաշկը։

Նյութը՝ med.tert.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook