Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

5 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին

Վիտամին D-ն համարվում է օրգանիզմի համար ամենակարևոր սննդարար նյութերից մեկը։ Այս տարրը, ինչպես և վիտամին С-ն, ցինկն ու կալցիումը, ունի կենսական նշանակություն, իսկ դրա դեֆիցիտն իր ազդեցությունն է ունենում բոլոր օրգանների վրա։ Բացի այդ, վիտամին D-ն շատ կարևոր է ոսկորների ու մկանների ամրապնդման, իմունային համակարգի աշխատանքի կարգավորման ու քաղցկեղի կանխարգելման համար։

Չնայած, որ այս տարրն անվանվում է վիտամին, այն պրոհորմոն է, որը ենթաստամոթային գեղձն ու լյարդն արտադրում են, երբ արևի ճառագայթները հայտնվում են մարդու մաշկին։ Այս տարրն ավելի շատ նման է հորմոնի, քան վիտամինի, քանի որ անմիջական ու զգալի ազդեցություն է ունենում օրգանների վրա։ Կենսական նշանակություն ունեցող այս վիտամինի դեֆիցիտը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի խնդիրը ժամանակին նկատելն ու միջոցներ ձեռնարկելն անչափ կարևոր է։ Սա է պատճառը, որ ստորև ներկայացված ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին, ստուգել օրգանիզմում վիտամին D-ի մակարդակն ու անհրաժեշտության դեպքում ընդունել վիտամինը հավելումների տեսքով։

Վիտամին D-ի դեֆիցիտի մասին հուշող հիմնական ախտանշանները

Ոսկորների ցավեր

Վիտամին D-ն օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել կալցիումը՝ դրանով իսկ պահպանելով ոսկրային հյուսվածքների առողջությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս տարրի դեֆիցիտը կարող է դրսևորվել ոսկորների ցավերով ու հոդերի բորբոքումներով։

Հաճախակի հիվանդություններ

Վիտամին D-ն շատ կարևոր նշանակություն ունի իմունային համակարգի առողջության համար, ուստի զարմանալի չէ, որ այս սննդարար նյութի դեֆիցիտի դեպքում մարդիկ ավելի հաճախ են բախվում այնպիսի խնդիրներին, ինչպիսին են հարբուխը, թոքաբորբը, գրիպն ու մի շարք այլ վարակիչ հիվանդությունները։

Ոսկրային զանգվածի կորուստ

Ոսկորների ցավերից ու հոդացավերից բացի վիտամին D-ի դեֆիցիտը կարող է բարձրացնել նաև ոսկրային հյուսվածքների կորստի, իսկ ավելի տարեցների մոտ նաև օստեոպորոզի զարգացման հավանականությունը, ինչն էլ իր հերթին բարձրացնում է կոտրվածքների վտանգը։ Ընդ որում՝ տարեցների համար կոտրվածքները կարող են անգամ մահացու լինել, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։

Գերհոգնածություն

Հոգնածության զգացումը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, որոնցից մեկն օրգանիզմում վիտամին D-ի ցածր մակարդակն է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սակավարյունության (անեմիա) ու արյան կարմիր բջիջների ցածր մակարդակի դեպքում վիտամին D-ի դեֆիցիտը բավական հաճախ հանդիպող խնդիր է։ Ընդ որում՝ սակավարյունության մասին հուշող ախտանշաններից են գիտակցության կորուստն ու սաստիկ հոգնածության զգացումը։

Ընկճախտ

Վիտամին D-ի ընկալիչները գտնվում են գլխուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է նաև տրամադրության համար։ Սա է պատճառը, որ այս տարրի դեֆիցիտի դեպքում ավելի հաճախ են նկատվում տրամադրության խանգարումներ։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook