Friday, March 29, 2024
Նորություններ

5 հարց ու պատասխան գիշերօթիկների փակման մասին

2019 թ. հոկտեմբերի 31-ին կառավարության ընդունած որոշմամբ դեկտեմբերի 1-ին կլուծարվեն Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու N 1 երեխայի խնամքի եւ պաշտպանության հաստատությունները, 2020թ․ հունվարի 1-ին՝ Վանաձորի մանկատունը, իսկ 2020թ. հունիսին՝ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատությունը»:

Մեդիամաքսը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փորձել է պարզել, թե ինչ ընթացակարգով է կատարվելու հաստատությունների լուծարումը եւ ինչպես են կարգավորվելու դրանց շահառուների հարցերը։

1․ Ինչպե՞ս է ընթանալու լուծարման գործընթացը։ 

Երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ քայլերը սկսվել են տարիներ առաջ։ Գիշերօթիկ յոթ հաստատություններից երեքն արդեն իսկ վերակազմավորվել են ցերեկային խնամքի կենտրոնների (2016 թվականին):

Այս ընթացքում նախարարությունը մշակել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների ծրագիր։

Գիշերօթիկ հաստատություններում խնամվող բոլոր երեխաների եւ նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում է արվել՝ սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով՝ մարզպետարանների եւ միջազգային գործընկերների ներգրավմամբ: Այս գործընթացում նախարարությանն աջակցել են «Վորլդ Վիժնը», «ՍՕՍ մանկական գյուղերը» եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Ընտանիքները կներգրավվեն միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում:

Հաստատությունների աշխատակիցների հետ գործընթացի վերաբերյալ քննարկումները սկսվել են 2019թ. մայիս ամսին: Հաստատությունների ղեկավարներին հորդորվել է 2019 թ.-ի սեպտեմբերից այլեւս ընդունելություն չիրականացնել, իսկ բոլոր այն երեխաների համար, ովքեր ցանկություն կհայտնեն մինչեւ 2020 թ.-ի դեկտեմբերի 1-ը հաճախել հաստատություն, արգելք չի եղել:

4 գիշերօթիկ հաստատություններում խնամվող 260 երեխաներից 130-ն արդեն վերադարձել են կենսաբանական ընտանիքներ։

2․ Ինչպե՞ս են ապահովելու երեխաների իրավունքների պաշտպանությունը։

Հաստատությունների լուծարման գործընթացն իրականացվել է փուլային՝ առաջնային փուլով այլընտրանքային խնամքի (խնամատարության, ցերեկային խնամքի ծառայություններ, սոցիալհոգեբանական վերականգնողական, ճգնաժամային կենտրոններ) ընդլայնման համար կառավարությունը մի շարք իրավական ակտեր է հաստատել։

Ներկայում երեխաների խնամքի եւ պաշտպանության չորս գիշերօթիկ հաստատություններում խնամվում են 6-ից 18 տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 100 երեխա: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում գիշերօթիկ խնամքի հաստատություններում խնամվող երեխաների թիվը 4 անգամ նվազել է (նախկինում՝ 1000 երեխա):

Կառավարության որոշման 4-րդ կետի համաձայն՝ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում նախարարությունը վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի տեղեկատվություն մարզերում խնամատար ընտանիքների թվի ավելացման, շուրջօրյա խնամք տրամադրող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ինչպես նաեւ բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերի վերաբերյալ:

3․ Ի՞նչ փոխարինող ինստիտուտներ են ներդրվելու գիշերօթիկ հաստատությունների մատուցած ծառայությունները ապահովելու համար։

Հաստատություններին այլընտրանք դիտարկվում է խնամատար ընտանիքի ինստիտուտը, խնամակալությունը, դրանց անհնարինության դեպքերում՝ որպես ընտանեկան տիպի խնամք «ՍՕՍ» մանկական գյուղերը:

Լուսանկարը` Rinzi Ruiz

Ինչպես նաեւ երեխաների ցերեկային կենտրոնների ցանցի ընդլայնման եւ բոլոր մարզերում ցերեկային կենտրոնների գործունեությունն ապահովելու նպատակով՝ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով տրամադրվելու է 236,428.8 հազար դրամ՝ 3 հազ․ 277 երեխայի համար, իսկ 389 երեխայի եւ այդ երեխաների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար՝ 98,968.7 հազար դրամ։

4․ Ի՞նչ է լինելու այն երեխաների ճակատագիրը, որոնք ընտանիք վերադառնալ չեն կարողանա կամ վերադարձից հետո նրանց բարեկեցությունը, անվտանգությունը վտանգված կլինի։

Բոլոր ընտանիքներում իրականացվել է կարիքների խորը գնահատում՝ նախարարի կողմից հաստատված գործիքակազմով եւ միջազգային գործընկերների աջակցությամբ: Այն երեխաներին, որոնց հնարավոր չի լինի ընտանիք վերադարձնել, կուղղորդվեն խնամակալության, խնամատար ընտանիք, իսկ դրա անհնարինության դեպքում՝ կշարունակեն խնամք ստանալ պետության հոգածության տակ գտնվող հաստատություններում:

Կարիքների գնահատման արդյունքում պարզվել է, որ հաստատություններում խնամվող շուրջ 43 երեխա կենսաբանական ընտանիք վերադառնալու հնարավորություն չունի, կամ վերադարձը չի բխում նրանց լավագույն շահից, քանի որ գնահատվել է որպես ռիսկային: Որպեսզի երեխաները չհայտնվեն անբարենպաստ պայմաններում, գործընկեր կազմակերպությունների հետ իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ:

Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ՝ հետագայում ի հայտ եկած հանգամանքներ՝ օրինակ՝ ոչ պետական «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատության ֆինանսավորման դադարեցման եւ դրանում խնամվող երեխաների խնամքն իրականացնելու անհրաժեշտությունը, գործող հաստատություններից «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատության» լուծարումը հետաձգվել է մինչեւ 2020 թ.-ի հունիսը:

5․ Ինչպե՞ս է ապահովվելու է ընտանիքների զբաղվածությունը։

Բոլոր այն ընտանիքներում, որտեղ կարիքի գնահատման արդյունքում վերհանվել է զբաղվածության խնդիրը, առաջարկվել է առաջնահերթության կարիքով ընդգրկվել Զբաղվածության պետական ծրագրերում, որոնք կրթության, վերապատրաստման, հմտությունների, բիզնեսի զարգացման, անասնապահական գործունեության եւ զբաղվածության մի շարք ծրագրեր են առաջարկում աշխատաշուկայում անմրցունակ անձանց: Նույն առաջարկն արվել է նաեւ հաստատությունների աշխատակիցներին:

Պատրաստել է Մարի Թարյանը

Նյութի աղբյուրը՝ mediamax.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook