Saturday, April 20, 2024
Մանկան ԱնկյունՆորություններՏուրիստական նորություններ

5 միֆ փոքրիկ երեխաների հետ ճանապարհորդելու մասին

Մոտենում են ամանորն ու ձմեռային արձակուրդները, և շատ երիտասարդ  ծնողներ դրանք երկրից դուրս անցկացնելու միտքը հետաձգում են մի քանի տարով։ Պատճառը, բնականաբար, փոքրիկ երեխաներն են, որոնց հետ, շատերի կարծիքով, դժվար է և, նույնիսկ, անհնարին ճանապարհորդել։ Իսկ եթե դա պարզապես մի՞ֆ է։ Ձեզ ենք ներկայացնում 5 միֆ  երեխաների հետ ճանապարհորդելու մասին։

Միֆ 1. Պետք է սպասել, մինչև երեխան մեծանա

Իրականում երեխան անընդհատ մեծանում է։ Ոլորտի մասնագետներն ու շատ ժամանակակից ծնողներ, ընդհակառակը, խորհուրդ են տալիս սկսել ճանապարհորդությունը երեխաների հետ որքան հնարավոր է շուտ, քանի որ ուղևորությունների շնորհիվ երեխան ներդաշնակորեն զարգանում է, արագ ադապտացվում միջավայրի փոփոխությանը և կոնտակտի մեջ մտնում նոր մարդկանց հետ։ Կյանքի առաջին տարիներին նրա համար կարևորը ծնողների հետ ժամանակ անցկացնելն է, իսկ մաքուր ծովային օդն ու արևը միայն օգտակար կլինեն նրան։

Երեխաները լողափին

Միֆ 2. Երեխաները վատ են տանում կլիմայի փոփոխությունը

Իրականում, երեխաները ավելի դիմացկուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ, քան նրանց ծնոնղերը։ Եթե ճանապարհորդության առաջին օրերին երեխան քիչ է ուտում, դա կապված է ոչ այնքան եղանակի, որքան նոր միջավայրի հետ։ Ի դեպ, որոշ ծնողներ խորհուրդ են տալիս երեխային ֆոտոխցիկ տալ․ երեխաները սիրում են իրենց շրջապատող նոր բաներին հետևել, իսկ ֆոտոխցիկի օբյեկտիվով ադապտացիան ավելի արագ տեղի կունենա։

Միֆ 3. Ճանապարհորդության ընթացքում երեխան կարող է մի շարք վարակներ վերցնել

Բնականաբար, ճանապարհորդությունը ուղեկցվում է մարդկանցով լի մի շարք վայրերով՝ օդանավակայան, ինքնաթիռ, հյուրանոց։ Բայց մեր կյանքը ինքնին ստերիլ չէ, և վարակ վերցնելու հավանականությունը ճանապարհորդելիս նույնքան է, որքան՝ խանութում կամ մանկապարտեզում։ Լավ կլինի հաճախ լվանալ ձեռքերը, օգտագործել հակասեպտիկ միջոցներ և թաց անձեռոցիկ։

Մանկական տուրիզմ

Միֆ 4. Կարող են խնդիրներ առաջանալ երեխայի սնվելու հետ կապված 

Աշխարհի շատ առողջարաններ գործում են «ամեն ինչ ներառյալ» համակարգով և առաջարկում հատուկ մանկական և դիետիկ ճաշացանկ, որոնք ներառում են երեխաների համար նախատեսված գրեթե բոլոր սննդամթերքները՝ շոգեխաշած սնունդ, ապուրներ, թարմ մրգեր։ Իսկ դուք կարող եք առաջին մի քանի օրվա համար ձեզ հետ սննդի պաշար տանել, բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, երեխաները ևս նախընտրում են նոր մի բան փորձել։

Միֆ 5. Երեխային միշտ պետք է խնամել, ինքներդ չեք կարող հանգստանալ

Բնականաբար, երեխաներին մշտապես պետք է պահել աչքի առջև։ Բայց դա էլ ունի իր լուծումը։ Ամենապարզ միջոցը մանկական սենյակներն ու խաղահրապարակներն են։ Բացի այդ, երեխային տեսադաշտից դուրս չթողնելու լավագույն միջոցներից մեկն էլ տարբերվող, վառ շապիկ կամ գլխարկ հագցնելն է։ Ճանապարհորդությունից առաջ բացատրեք փոքրիկին, որ միայնակ ծովին մոտենալը վտանգավոր է, իսկ տեղում միասին ընտրեք այն պայմանական  կետը, ուր նա պետք է գնա կորելու դեպքում։ Ծնողներին կօգնեն նաև ժամանակակից գաջեթները, օրինակ՝ ապարանջանները, որոնք ազդանշան են արձակում, եթե երեխան հեռանում է  մի քանի մետրից ավել։

Ընտանեկան հանգիստ

Եթե ամեն ինչ նախապես պլանավորեք, ապա կարող եք վայելել ձեր հանգիստը՝ մինչ երեխան զբաղվում է անիմատորների հետ կամ մոտակայքում ավազե ամրոց կառուցում այլ երեխաների հետ։

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook