Thursday, April 18, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

7 մթերք, որոնք հարկավոր է բացառել սննդակարգից կրծքով կերակրման շրջանում

Երեխային կրծքով կերակրելը շատ մեծ նշանակություն ունի փոքրիկի առողջության համար, քանի որ մայրական կաթը տալիս է հսկայական քանակությամբ սննդարար նյութեր, որոնք հնարավոր չի լինի ստանալ արհեստական խառնուրդների միջոցով։ Սա շատ կարևոր փուլ է փոքրիկի համար, որը թույլ է տալիս ձևավորել երեխայի ամուր ու առողջ իմունային համակարգը, սակայն շատ հաճախ կանայք մոռանում են իրենց սննդակարգի մասին, ինչը կարող է լուրջ ազդեցություն ունենալ երեխայի ստացած սննդարար նյութերի պաշարի վրա։

Ծննդաբերությունից հետո կանայք պետք է լուրջ ուշադրություն դարձնեն իրենց սննդակարգին՝ հաշվի առնելով, որ հենց մոր սննդակարգն է համարվում երեխայի սննդարար նյութերի աղբյուրը։ Սա է պատճառը, որ հարկավոր է հարստացնել այն օգտակար մթերքով՝ միաժամանակ բացառելով սննդամթերքի այն տեսակները, որոնք հակացուցված են երեխային ու կարող են առողջական խնդիրների ու տհաճ զգացողությունների պատճառ դառնալ։

Մասնագետները նշել են սննդամթերքի այն տեսակները, որոնք հարկավոր է բացառել սննդակարգից կրծքով կերակրման շրջանում

Սխտոր

Սուր ու վառ համ ունեցող սննդամթերքի տեսակները, այդ թվում` սխտորն ու չիլի պղպեղը, կարող են փոխել կրծքի կաթի համը, ինչն անսպասելի հետևանքներ կարող է ունենալ։ Մեծ մասամբ նորածին փոքրիկներին դուր է գալիս համի փոփոխությունը, սակայն ոմանց համար սխտորի համը կարող է չափազանց տհաճ լինել, ինչի հետևանքով երեխան կարող է հրաժարվել սննդից։

Սուրճ

Չափազանց մեծ քանակությամբ կոֆեինի պատճառով սուրճի գործածությունը կարող է դառնալ երեխայի մոտ քնի խանգարումների ու դյուրագրգիռության պատճառ, սակայն նման տհաճ ախտանշաններ կնկատվեն միայն սուրճի չարաշահման դեպքում։ Օրական 2-3 բաժակ (300 մգ) սուրճ խմելը որևէ կողմնակի խնդիր չի առաջացնի, ուստի այս ըմպելիքը բացառելու կարիք չկա։ Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ որոշ գազավորված ըմպելիքներն ու թեյը ևս պարունակում են կոֆեին, ուստի սուրճ խմելու դեպքում հարկավոր է խուսափել դրանցից։

Ալկոհոլային ըմպելիքներ

Կա տարածված կարծիք, որ մուգ գույնի գարեջուրը նպաստում է մայրական կաթի քանակության ավելացմանը, մինչդեռ իրականում սա թյուր կարծիք է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլն իրականում հակառակ ազդեցությունն է ունենում` նվազեցնելով կաթի քանակությունը։ Բացի այդ, գիտնականներն ապացուցել են, որ ալկոհոլը կարող է հայտնվել կրծքի կաթի մեջ` դառնալով երեխայի քաշի անառողջ ավելացման, թուլության ու քնկոտության պատճառ, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են խուսափել ոգելից խմիչքներից կրծքով կերակրման ընթացքում։

Գետնանուշ

Մայրական կաթը խիստ հազվադեպ է երեխայի մոտ առաջացնում ալերգիկ ռեակցիա, սակայն որոշ դեպքերում նման տհաճ խնդրի պատճառ կարող է դառնալ կնոջ կերած մթերքը։ Օրինակ՝ բավական հզոր ալերգեն է գետնանուշը, ուստի այս մթերքի գործածությունից հետո փոքրիկի մոտ ալերգիայի ախտանշաններ (էկզեմա, ցան, քթի փակվածություն, փռշտոց, հազ, աչքերի կարմրություն, արցունքահոսություն, փորլուծություն, փսխում և այլն) նկատելու դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ։

Յուղոտ ու գազերի կուտակմանը նպաստող մթերք

Կրծքով կերակրող կանանց խորհուրդ է տրվում խուսափել յուղոտ ու բարձր կալորիականություն ունեցող մթերքից, ինչպես նաև սննդամթերքի այն տեսակներից, որոնք դժվար են մարսվում և հանգեցնում են աղիներում գազերի կուտակման։ Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ փորափքանքի առաջացման պատճառ հանդիսացող սննդամթերքի տեսակները չեն ազդում փոքրիկի մարսողության վրա, քանի որ աղեստամոքսային տրակտում գազերի կուտակումը տեղային ռեակցիա է, որը կապված է մոր օրգանիզմի հետ։

Մեծ քանակությամբ սնդիկով աղտոտված ձկներ

Սնդիկը կարող է խոչընդոտել երեխայի գլխուղեղի զարգացմանը, ուստի սնդիկով աղտոտված ձկները շատ վտանգավոր են, սակայն սնդիկի ցածր պարունակության դեպքում ձուկն ու ծովամթերքը կարող են անգամ օգտակար լինել կերակրող մայրերի համար։ Բանն այն է, որ ձուկն օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր է, իսկ այս կարևոր տարրը սննդամթերիք այլ տեսակներում չի պարունակվում նման քանակությամբ։ Սա է պատճառը, որ կրծքով կերակրման շրջանում կանանց խորհուրդ է տրվում ամեն շաբաթ ուտել սնդիկի շատ ցածր պարունակությամբ ձուկ։

Կովի կաթ ու սոյա

Երբեմն փոքրիկների մոտ առկա է լինում սննդային անհանդուրժողականություն կաթնային սպիտակուցի կամ սոյայի սպիտակուցի նկատմամբ, ինչը կարող է դառնալ մի շարք տհաճ ախտանշանների պատճառ, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել սննդամթերքի այն տեսակներից, որոնք պարունակում են կաթ, կաթնամթերք, կազեին, կաթի շիճուկ կամ նատրիումի կազեինատ։ Փոքրիկի մոտ սոյայի նկատմամբ անհանդուրժողականության ախտորոշման դեպքում հարկավոր է խուսափել նաև սոյա պարունակող այնպիսի մթերքից, ինչպիսին են տոֆուն, սոյայի սոուսը, սոյայի կաթը, միսո ապուրը և այլն։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook