Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

8 ախտանշան, որոնք հուշում են հորմոնալ խանգարումների մասին

Հորմոնալ ֆոնը շատ կարևոր նշանակություն ունի ամբողջ օրգանիզմի համար, ուստի զարմանալի չէ, որ հորմոնների բալանսի անգամ չնչին փոփոխությունը կարող է բավական ծանր հետևանքներ ունենալ։ Սա է պատճառը, որ հարկավոր է ժամանակին հայտնաբերել խանգարումներն ու կանխել դրանց հետագա զարգացումները, մինչդեռ ոչ միշտ է հաջողվում անհրաժեշտ միջոցները ժամանակին ձեռնարկել։

Հորմոնների մակարդակի փոփոխությունները միշտ դրսևորվում են այս կամ այն ախտանշանի միջոցով և խնդիրը ժամանակին հայտնաբերելու համար պարզապես հարկավոր է սովորել տարբերել դրանք։ Neboley.com.ua կայքը ներկայացրել է մի քանի ախտանշան, որոնք նախազգուշացնում են բժշկին դիմելու և հորմոնների մակարդակը ստուգելու անհրաժեշտության մասին։

Ախորժակի մեծացում

Մշտական քաղցի զգացումն անգամ բավական առատ ճաշից կամ ընթրիքից հետո կարող է հուշել հիպերթիրիոզի մասին։ Այս խանգարման դեպքում վահանաձև գեղձը չափազանց ակտիվ է լինում և արտադրում է ավելի շատ հորմոն, քան անհրաժեշտ է օրգանիզմին, ինչն էլ հանգեցնում է մշտական քաղցի զգացման։ Անդադար որևէ բան ուտելու ցանկության պատճառ կարող է լինել կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի բարձր մակարդակը։ Այս հորմոնի պատճառով օրգանիզմն ավելի ու ավելի շատ կալորիա է պահանջում՝ կուտակելով դրանք ճարպաշերտերի տեսքով։

Մազաթափություն

Մազաթափությունը բավական տհաճ խնդիր է, որը նույնպես կարող է պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով։ Կանանց դեպքում մազաթափության պատճառ կարող է դառնալ տղամարդկանց օրգանիզմին բնորոշ հորմոնի՝ տեստոստերոնի բարձր մակարդակը, ինչը կարող է պայմանավորված լինել ձվարանների հետ կապված խնդիրներով։

Քաշի կտրուկ նվազում կամ ավելացում

Քաշի կտրուկ տատանումները ներզատաբանին (էնդոկրինոլոգ) դիմելու շատ լուրջ պատճառ են։ Քաշի անբացատրելի նվազումը կամ ավելացումը հուշում է, որ օրգանիզմում կան բավական լուրջ խանգարումներ, որոնք չի կարելի անուշադրության մատնել։ Օրինակ՝ քաշի ավելացման պատճառ կարող է հանդիսանալ կորտիզոլի կամ տեստոստերոնի բարձր մակարդակը, մինչդեռ քաշի անբացատրելի կտրուկ նվազումը վկայում է, որ վահանագեղձը չափազանց ակտիվ է։ Երկու դեպքում էլ հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին, այլապես հետևանքները կարող են շատ վտանգավոր լինել։

Քրոնիկ հոգնածություն

Մշտական հոգնածությունը բավական վտանգավոր ախտանշան է, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Հատկապես վտանգավոր է այն հոգնածությունը, որի դեպքում ինքնազգացողության վատթարացման որևէ ակնհայտ պատճառ չկա։ Հարկ է հիշել, որ գերհոգնածությունն ու էներգիայի պակասը հորմոնալ ֆոնի խանգարումների վառ ախտանշան են, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին՝ լուրջ հետևանքներից խուսափելու համար։

Տրամադրության կտրուկ տատանումներ

Հորմոնալ խանգարումների մասին կարող են հուշել նաև տրամադրության կտրուկ փոփոխությունները, որոնք չունեն որևէ պատճառ։ Եթե բարձր տրամադրությունը կտրուկ փոխվում է լաց լինելու ցանկությամբ, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել սեռական հորմոնների կամ վահանագեղձի հորմոնների դիսբալանսով։

Սեռական ցանկության բացակայություն

Սեռական ցանկության նվազման պատճառները կարող են շատ տարբեր լինել, և դրանցից մեկը հորմոնալ դիսբալանսն է։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում դիմել բժիշկ-ներզատաբանին և ստուգել օրգանիզմում տեստոստերոն և էստրոգեն հորմոնների մակարդակը։ Անհրաժեշտ հետազոտությունները թույլ կտան մասնագետին նշանակել ճիշտ բուժում, որը կօգնի վերականգնել հորմոնալ ֆոնն ու լիբիդոն։

Քնի խանգարումներ

Քնի խանգարումները կարող են զարգանալ վահանագեղձի աշխատանքի խանգարումների հետևանքով։ Օրինակ՝ անքնության պատճառ կարող է դառնալ աս օրգանի չափազանց ակտիվ աշխատանքը, մինչդեռ քնկոտությունը հաճախ պայմանավորված է լինում վահանագեղձի ակտիվության նվազմամբ։ Երկու դեպքում էլ խնդիրը բավական լուրջ է և հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին։ Բացի այդ, քնի հետ կապված խնդիրների պատճառ կարող է դառնալ նաև կորտիզոլ հորմոնը։ Բանն այն է, որ քնի պակասի դեպքում սթրեսի հորմոնի արտադրությունն էլ ավելի է ակտիվանում, ինչն էլ հանգեցնում է քնի լուրջ խանգարումների։

Հիշողության վատթարացում

Հիշողության վատթարացումն ու ուշադրությունը որևէ բանի վրա կենտրոնացնելու անկարողությունը որպես կանոն պայմանավորված է լինում վահանաձև գեղձի հորմոնների քիչ արտադրությամբ։ Վերջին շրջանում նկատվող ցրվածությունը լուրջ պատճառ է մասնագետին դիմելու համար, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Հարկ է հիշել, որ նման ախտանշանների առկայության դեպքերում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել, քանի որ դրանք կարող են պայմանավորված լինել բոլորովին այլ խնդիրներով և որևէ կապ չունենալ հորմոնների հետ։ Նման դեպքերում միայն մասնագետը կկարողանա նշանակել անհրաժեշտ հետազոտություններն ու հստակ ախտորոշել հիվանդությունը, որից հետո միայն հնարավոր կլինի նշանակել ճիշտ բուժումը, որը կլինի առավելագույնս անվտանգ ու արդյունավետ։ Ինքնաբուժութունը նման դեպքերում կարող է էլ ավելի վատթարացնել վիճակը ու հանգեցնել լուրջ բարդությունների, ուստի հարկավոր է շատ զգոն լինել։

Նյութը ՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook