Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ակնաբուժության արդի խնդիրները, մարտահրավերները. Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի գիտական կոնֆերանսը` Երևանում

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի նիստերի գլխավոր դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ակնաբույժների ասոցիացիայի գիտական կոնֆերանսը՝ նվիրված Ակնաբույժի միջազգային օրվան և ԵՊԲՀ 100-ամյակին:

Կոնֆերանսին մասնակցող առաջատար բժիշկները քննարկել են ոլորտին առնչվող հարցեր ու նախանշել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Նորարարության, մասնագիտական փորձի և նոր սերնդի հետ երկխոսության հարթակը միավորել էր ակնաբույժներին` ներկայացնելու հայաստանյան ակնաբուժության նոր ձեռքբերումներն ու ավագ սերնդի փորձը:

Ակնաբուժության ոլորում  45-ամյա փորձ ունեցող, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի խոսքով՝ նման միջոցառումները, նախևառաջ, երիտասարդ սերնդի ու երիտասարդ մասնագետների առաջընթացին են միտված:

«Կա այսպիսի մի խոսք. ամեն ինչը՝ երեխաների համար, և ամեն մեկը` երեխաների համար. մենք անում ենք սա` ապագա սերունդների համար: Էգոիզմի տեսանկյունից՝ մեզ համար էլ է, քանի որ կողքից քո ստեղծածին նայելը բոլորովին ուրիշ արժեք ունի: Մարդն, ով ստեղծում է, կառուցում է, պետք է ժամանակ առ ժամանակ հետադարձ հայացք գցի իր արածի վրա»,- ասաց պրոֆ. Մալայանը՝ կարևորելով հատկապես ուռուցքային ականբուժության զարգացումը:

IMG_1476 copy

Աչքի ուռուցքների, դրանց բուժման ու պետության կողմից ակնային ուռուցքների վիրահատությունների մասին խոսելով՝ Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի բաժանմունքի վարիչ Արմինե Ղարաքեշիշյանը նշում է, որ կոնֆերնասի նպատակը ոլորտում իրենց կողմից կատարված աշխատանքը ներկայացնելն է:

«Կարևոր է, որ մեր պրակտիկայում հանդիպած դեպքերը ենթարկվեն մասնագիտական քննարկումների, մեր գործընկերների հետ կիսվենք կատարած աշխատանքով, որպեսզի հետագայում բուժման ընթացքը կազմակերպվի առավել ճշգրիտ: Վերջին նորարարությունն այն է, որ աչքի չարորակ ուռուցք ախտորոշված բոլոր պացիենտներն, առողջապահության նախարարության օժանդակությամբ, այսուհետ Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում կստանան անվճար բուժօգնություն: Խոսքը միայն ուռուցքի վերացման մասին չէ, այլ նաև՝ ռեկոնստրուկտիվ աշխատանքի: Ո՛չ միայն հեռացվում է ուռուցքը, այլ նաև կատարվում է վերականգնողական վիրահատություն, քանի որ տեսողական օրգանն, առանց կոպերի  լիարժեք համակարգի, գործել չի կարող»,- ասում է Ա. Ղարաքեշիշյանը:

Ա. Ղարաքեշիշյանը հավելեց, որ Հայաստանում, նաև` աշխարհում, ավելացել են աչքի ուռուցքային հիվանդության դեպքերը: Մասնագետի խոսքով՝ պատճառը ո՛չ միայն Մոլորակի օզոնային շերտի հետ կապված փոփոխություններն են, այլ նաև Հայաստանի բարձր լեռնային դիրքը, ռադիացիոն բարձր չափաբաժինը:

«Ներկայացնում էինք ուռուցքներ, որոնք տեսքից կարող են բորբոքում թվալ և չախտորոշվել: Դրանք մահացու ուռուցքներ են, և ժամանակին չախտորոշվելու դեպքում պացիենտը կարող է մահանալ: Մեր կոնֆերանսի կարևոր հասցեագրումներից էր, թե ակնաբույժներն ինչի վրա ուշադրություն դարձնեն»,-ասաց Արմինե Ղարաքեշիշյանը:

Մասնագետի խոսքով՝ կոպերի ուռուցքներն ամբողջ օրգանիզմի ուռուցքների 10%-ն են կազմում: «Մալայան ակնաբուժական կլինիկայում աչքի վիրահատությունների 40%-ը հենց ակնային ուռուցքներ են:

IMG_1602 copy

«Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի  մանկական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., աչքի հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ռուզաննա Հարությունյանի խոսքով՝ կոնֆերանսի նպատակն, առաջին հերթին, ակնաբույժների փորձի և գիտելիքների փոխանակումն է և գիտության այսօրվա պահանջներին հաղորդակից լինելը:

«Նպատակն է հաղորդակից դարձնել երիտասարդներին, որպեսզի նրանք ընդգրկվեն այս գործընթացի մեջ, ո՛չ միայն աշխատանքային և ուսումնական գծով, այլ նաև փորձեն հաղորդակցվել, կիսվել գիտելիքներով: Որպես մանկական ակնաբույժ, ինձ հետաքրքրում է մի խնդիր՝երեխաներին հեռու պահել գաջեթներիից, սմարթֆոններից: Այստեղ առաջ են գալիս մի շարք խնդիրներ՝ հոգեբանականից մինչև ֆիզիկական պասիվություն: Մեծ վտանգ կա տեսողական լարվածության, կարճատեսության, հաճախաթարթության, նևրոզների»,- ասաց Ռուզաննա Հարությունյանը:

Գործընկերների կարծիքը կիսում և կոնֆերանսի նշանակությունը կարևորում է նաև «Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կլինիկայի վնասավածաբանության բաժանմունքի բժիշկ, Հայկական ակնաբուժական նախագծի՝ «Աչքի շարժական հիվանդանոցի» մարզային կենտրոնի պատասխանատու վիրաբույժ Ասատուր Հովսեփյանը: 2002 թվականից  բարեգործական շարժական կլինիկաների գործունեության շրջանակում շուրջ  20,000 վիրահատություն իրականացրած բժշկի խոսքով՝ «աչքը պահելու» համար անհրաժեշտ է տարին գոնե մեկ անգամ հետազոտվել:

Նա սեփական փորձով նշում է, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, աչքի հիվանդությունների մեծ մասը «բաժին են ընկնում» կատարակտին. «Ամենատարածված հիվանդությունը, միջազգային վիճակագրությամբ, Հայաստանում և աշխարհում, կատարակտն է:  Հայաստանի բնակչության 3 մլն-ի հաշվարկով շուրջ 10,000 մարդ հիվանդ է կատարակտով»,-ասաց Ասատուր Հովսեփյանը:

Մասնագետը  ուրախությամբ նշեց, որ Հայաստանի 4 քաղաքում՝ Իջևանում, Սպիտակում, Կապանում և Գյումրիում,  բացվել են ակնաբուժական տարածքային կլինիկաներ, ինչը կնպաստի մեր տարածաշրջանում բնակչության շրջանում անկնաբուժական հիվանդությունների ժամանակին բուժմանը և դրանց կանխարգելմանը:

IMG_1450 copy

IMG_1510 copy

IMG_1484 copy

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook