Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Ամիրդովլաթ Ամասիացին և հայ բժշկությունը

 

Բժշկական գիտությունները Հայաստանում գրեթե 3 հազար տարվա պատմություն ունեն։ Ժամանակի ընթացքում ստեղծվել է դեղանյութերի հարուստ գանձարան։ Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերն արտահանվել են Արևելքի ու Արևմուտքի մի շարք երկրներ և տեղ գտել հնագույն դեղագիտարաններում։ Հայաստանն անցյալում եղել է մի շարք արժեքավոր խեժատու բույսերի, ինչպես նաև վայրի դեղաբույսերի հայրենիքը։ Օգտագործվել են հանք, դեղանյութեր՝ հայկավը, հայքարը, բորակը, ինչպես նաև սնդիկի, երկաթի, ցինկի, կապարի առանձին միացություններ, որդան կարմիրը, որոնք Հայաստանից արտահանվել են հարևան երկրներ, կենդանական ծագման դեղանյութեր՝ պատրաստված կենդանիների սեռական գեղձերից, ուղեղից, լյարդից, փայծաղից:

Բժշկության սկզբնավորումը Հայաստանում

Գործնական բժշկության մակարդակի մասին վկայում են ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքները (բժշկական գործիքներ և այլն)։ Հայաստանում մասնավոր հիվանդանոցներ եղել են դեռևս 3-րդ դարում: Միջնադարյան հայ մատենագրության մեջ 4 տարրերի (հող, ջուր, կրակ, օդ) և դրանց համապատասխանող 4 հիմնական հեղուկների (արյուն, լորձ, դեղին ու սև մաղձ) անտիկ տեսությունն առաջին անգամ հիշատակել է Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» (5-րդ դար) երկում։ Հիվանդությունների առաջացումը նա կապել է հիմնական հեղուկների հավասարակշռության խախտման հետ։ Հիպոկրատի նման՝ Եզնիկ Կողբացին հոգեկան հիվանդությունները համարել է գլխուղեղի հյուծման հետևանք։

Դավիթ Անհաղթի (5-րդ դարի վերջ – 6-րդ դարի սկիզբ) մի քանի երկերում շոշափվել են մարդակազմության, կենսաբանության, դեղագիտության, հիգիենայի և բժշկական բարոյագիտության հարցեր։ Ըստ նրա «Վերլուծութիւն «Ներածութեանն Պորփիւրի»» աշխատության՝ Հայաստանում դեռևս 5-6-րդ դարերում կատարվել են դիահերձումներ:

 Անանիա Շիրակացին 667 թվականին կազմած իր «Քննիկոնում» տեղ է տվել նաև բժշկագիտությանը։ Նա զբաղվել է մասնավորապես բուսաբուժության հարցերով, նկարագրել է համասփյուռ-լատ.Melandrium կոչվող բույսի բուժիչ հատկությունները, որի պաշտամունքը եղել է Հայաստանի որոշ շրջաններում։ 10-11-րդ դարերում՝ Բագրատունյաց թագավորության ժամանակ, Անիում, Հաղպատում և Սանահինում հիմնվել են բարձրագույն դպրոցներ՝ միջնադարյան համալսարաններ, որտեղ ուսումնասիրել են նաև բժշկություն։

Ամիրդովլաթ Ամասիացին և հայ բժշկությունը

Amirdovlat_Amasiaci,_Fig._1,_Soviet_Armenian_Encyclopedia,_v._1,_p._321

15-րդ դարի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին եղել է նախորդ շրջանի այն գործի շարունակողն ու զարգացնողը, որով, նրա արտահայտությամբ, «զբաղվել են մեր առաջին բժիշկները՝ Մեծ Մխիթարը, բժիշկ Ահարոնը, նրա որդին՝ բժիշկ Ստեփանոսը…, որոնք շատ գրքեր են գրել դեղորայքների ներգործության ու օգտակարության մասին»: Ամիրդովլաթ Ամասիացին «Ուսումն բժշկութեան» (1459) աշխատության մեջ քննության է առել սաղմնաբանության, մարդակազմության, ախտաբանության և հիգիենայի հարցեր։ Նա «Օգուտ բժշկութեան» (1469, հրատարակվել է 1940 թվականին) աշխատությունը գրել է իր ժամանակի լավագույն բժշկական երկերի մակարդակով, այն ընդհանրացնում է միջնադարյան հայ բժիշկների աշխատանքները՝ բժշկության տեսական և գործնական հարցերի վերաբերյալ։ Երկի մահճաբուժության բաժնում համակարգված տրված են ներքին օրգանների 200-ից ավելի, մաշկային հիվանդությունների, ինչպես նաև ջերմերի ու չարորակ ուռուցքների, թունավորումների նկարագրությունները, դեղաբուժման և սննդաբուժման եղանակները։

Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունները

 Դեղագիտական ամենանշանավոր աշխատություններն են «Ախրապատինը» (1481) և «Անգիտաց անպէտը» (1482, հրատարակումը՝ 1926)։ Վերջինս միջնադարյան հայկական դեղագիտության հանրագիտարան է, որտեղ դեղանունները տրված են 5 լեզվով՝ հայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն և պարսկերեն, պարունակում է 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների և հանքանյութերի անվանումներն ու նրանց հոմանիշները։ Պարզվում է, որ այն բոլոր հիվանդությունների բուժման համար, որոնց առաջացման մեջ, այսօրվա տվյալներով, որոշակի դեր ունի վարակ-ալերգիական գործոնը, Ամիրդովլաթ Ամասիացին օգտագործել է հայկական բուսաշխարհին բնորոշ բույսեր՝ կոծուկը, կղմուխը, երիցուկը, բարձվենյակը,ուրցը, խնկեղեգը և այլն։
Մատենադարան_դեղաբույսերԲժշկապետը պարզել է նաև մարգացնծուի, երնջնակի, կուսածաղկի, արևադարձի և որոշ այլ բույսերի հակաուռուցքային հատկությունները, կիրառել է հակաթունային (նարդոս, վաղենակ, երկաթախոտ և այլն) և օրգանիզմի տոնուսը բարձրացնող (սղանգ, լոշտակ) բույսեր, վաղաժամ ծերությունը կանխող որոշ բուսումնական, կենդանական և անօրգանական ծագման խեժեր (քաղբան, սեքպինաճ, անգուժատ, ակնամոմ և այլն)։ Մարմնի տոնուսը բարձրացնելու, վերքերն ապաքինելու և ուռուցքները բուժելու համար Ամիրդովլաթ Ամասիացին խորհուրդ էր տալիս օգտագործել մումիոն։ Նա ստեղծել է հայ բուսաբույժ-բժիշկների դպրոց, որը գոյատևել է մի քանի դար, և որի ազդեցության հետքերը նկատվում են Սեբաստիայի բժշկական դպրոցի ներկայացուցիչների՝ Հովասափ, Ասար և Բունիաթ Սեբաստացիների (16-17-րդ դարեր) երկերում, նրանց գործունեությամբ ավարտվում է հայկական միջնադարյան բժշկության զարգացման վերջին շրջանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook