Saturday, April 20, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ամռան ամիսներին բավարար չափով հեղուկի օգտագործումը կնպաստի լավ ինքնազգացողությանը և կօգնի խուսափել սիրտ-անոթային խնդիրներից. Անդրանիկ Մշեցյան

Ամռան այս ամիսներին շատերն են գանգատվում հաճախակի սրտխփոցներից և ճնշման տատանումներից: Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության կլինիկայի ղեկավար, սրտաբան, Անդրանիկ Մշեցյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանում է, որ ամռան սաստիկ շոգերին օրգանիզմի ջրային բալանսի խախտման պատճառով սիրտ-անոթային խնդիրները կարող են սրվել: Մասնավորապես, բժշկի խոսքով, ոչ բավարար ծավալով հեղուկի օգտագործումը կարող է բերել արյան ծավալի նվազեցման, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել զարկերակային ճնշման իջեցման, սրտի աշխատանքի արագացման, արյան խտացման՝ առաջացնելով քրոնիկ հիվանդությունների սրացումներ և ինքնազգացողության վատացում նույնիսկ առողջ մարդկանց մոտ:

Բժիշկը շեշտում է, որ հեղուկի օգտագործում ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն ջուր, այլ նաև հյութեր, ջրալի մրգերը և այլն: Ջրի օրական պահանջվող չափաբաժինը, ըստ Մշեցյանի, առողջ մարդու դեպքում 2-3 լիտր է, սակայն պետք է հաշվի առնել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, քրտնարտադրության ինտենսիվությունը և անհրաժեշտության դեպքում ավելի շատ հեղուկ օգտագործել՝ լրացնելով հեղուկի կորուստը:

Շոգ եղանակը հաճախ առաջացնում է զարկերակային ճնշման նվազում: Այն կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, օրինակ՝ գլխացավ, թուլություն, գլխապտույտ: Կարգավորելու համար հաճախ մարդիկ օգտագործում են կոֆեին պարունակող նյութեր: Անդրանիկ Մշեցյանի խոսքով՝ դրանք, ճիշտ է, կարող են կարգավորել ճնշումը, բայց, միեւնույն ժամանակ, կարող են սրտխփոցներ առաջացնել, գրգռել նյարդային համակարգը, հետևաբար որպես ամենաճիշտ եղանակ պետք է նշել հեղուկի օգտագործումը:

Ինչ վերաբերում է ամռան այս ամիսներին սրտի աշխատանքի արագացմանը, բժշկի խոսքով՝ կարող են տարբեր պատճառներ լինել: Միեւնույն ժամանակ, նա շեշտում է, որ սրտի աշխատանքը դանդաղեցնող դեղերը ցուցված են միայն հիվանդությունների դեպքում: «Արագասրտությունը, որն առաջացել է օրգանիզմում ջրային դիսբալանսի հետեւանքով, պետք է կարգավորել հեղուկի օգտագործմամբ: Ընդհանուր առմամբ՝ սրտխփոցների բնույթը և ծագումը պարզելու բազմաթիվ հետազոտություններ կան, որոնցից ամենաինֆորմատիվն է համարվում հոլտերմոնիտորինգը: Եթե հիվանդը զգում է իր սրտի աշխատանքը, պետք է դիմի սրտաբանին, որպեսզի հոլտերմոնիտորինգի օգնությամբ օբյեկտիվ գնահատական տրվի հիվանդի զգացողություններին և գանգատներին:

Համալսարանական հիվանդանոցներում այժմ կիրառվում են ամենափոքր հոլտերմոնիտորինգի սարքերը: Նրանց առավելություններն են՝ փոքր չափսերը, լարերի և պայուսակների բացակայությունը, հարմարավետությունը, օնլայն հետազոտման հնարավորությունները»,-ասում է բժիշկը՝ պարզաբանելով, որ հոլտերմոնիտորինգը իրենից ներկայացնում է երկարատեւ էլեկտրասրտագրություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սրտի ռիթմի և հաճախականության խանգարումները, որոշ դեպքերում՝ նաև սրտի սնուցման խանգարումները:

Անդրանիկ Մշեցյանը նշում է, որ սրտխփոցների զգացումը կարող է լինել և՛ օբյեկտիվ, և սուբյեկտիվ, միայն մանրակրկիտ հետազոտությամբ է հնարավոր գանգատների օբյեկտիվիզացիան: Սրտաբանի խոսքով՝ ջրի սակավությունը հանգեցնում է նաեւ արյան խտացման, որը կարող է անմիջականորեն չազդել ինքնազգացողության վրա, սակայն այն կարող է հանգեցնել մի շարք բարդությունների, մասնավորապես՝ տրոմբոզների: Արյան բաղադրամասերի ճիշտ հարաբերակցությունը հնարավոր է գնահատել հեմատոկրիտի որոշման միջոցով: Այս ցուցանիշն արտահայտում է արյան հեղուկ մասի և բջիջների ծավալային հարաբերություն, այն չպետք է շփոթել արյան մակարդելիության հետ:

Սրտաբանը նշում է, որ արյան խտացումը կարող է հանգեցնել մակարդուկների առաջացման հատկապես այն հիվանդների մոտ, որոնք ունեն սիրտ-անոթային հիվանդություններ: «Արյան խտացումը կարելի է կանխել կամ կարգավորել միայն հեղուկների ադեկվատ օգտագործմամբ, այլ ոչ թե ինքնուրույն ընդունել արյան մակարդելիությյունը կարգավորող դեղորայք, որը ամենեւին էլ չի կարգավորում հեղուկի դիսբալանսը: Առհասարակ՝ մեզանում պետք է ձեւավորել համապատասխան գիտակցություն եւ մշակույթ, որ դեղորայքը հիվանդությունների դեպքում կիրառվող միջոց է, որը պետք է հիվանդը ընդունի բժշկի հետ խորհրդակցելուց հետո, և ոչ թե հարևան-բարեկամների, դեղատան աշխատողների ցուցումով»:

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության կլինիկայի ղեկավարը շեշտում է՝ որ ամռան ամիսներին հեղուկի ադեկվատ օգտագործումը, արևապաշտպան հագուստը և հեղուկի կորուստը կանխարգելող այլ միջոցառումները կօգնեն զերծ մնալ վերը նշված խնդիրներից և պահպանել լավ ինքնազգացողությունը շոգ եղանակին:

Ա․ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook