Thursday, April 25, 2024
ՆորություններԺամանց

ԱՅՍՕՐ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Մարտի 27 – ին ամբողջ աշխարհում նշվում է թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը այս օրը հռչակեց որպես թատրոնի միջազգային օր: Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա այն սկսել է տարածվել ամբողջ աշխարհում՝ այդ թվում նաեւ Հայաստանում:

«Թատրոն» բառը ծագել է հին հունական «theatron» բառից, որը թարգմանաբար նշանակում է «դիտելու վայր»: Նրա խորհրդանիշն են համարվում դիմակները:


Տարիներ անց, երբ դադարեց բաբախել մեծ դերասանի`Վահրամ Փափազյանի զգայուն սիրտը , ներկաները տեսան, որ նրա դագաղի վրա…

Կես դար Օթելլո խաղալուց, երեք հազարից ավելի անգամ այդ դերով բեմ բարձրանալուց և այդ դերով աշխարհով մեկ փառաբանվելուց հետո դերասան Վահրամ Փափազյանը մի օր գալիս է Գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժին`աշխատակիցներին խնդրելու, որ կարճ ժամանակով իրեն տան Օթելլոյի խալաթը: Այդ ժամանակ նա արդեն վաղուց Օթելլո չէր խաղում…
Թատերական բաժնի աշխատակիցները, տեսնելով սիրված դերասանին շրջապատում են նրան: Մտերմիկ զրույցից հետո Փափազյանը հայտնում է գալու նպատակը: Թանգարանի աշխատակիցները որքան էլ հարգեին դերասանին, չէին կարող կատարել խնդրանքը. նախ`թանգարանից ոչինչ դուրս չի բերվում, և հետո`առանց տնօրենի թույլտվության և գիտության չէին կարող տալ:
-Ընդամենը մեկ շաբաթով,-խնդրում է Փափազյանը: Խե՞նթ եմ , ինչ է , տնօրենին ասեմ: Ես լավ գիտեմ Մելիքսեթյանին, մի բան որ ընկավ ձեռը, էլ հետ կտա՞: Դուք ավելի գթասիրտ եք, քան նա:
-Առանց տնօրենի թույլտվության չենք կարող տալ,- լինում է աշխատակիցների պատասխանը:55591781_1979274208865914_6401124553929523200_n
-Ճիշտ է , բայց եթե նրա թույլտվությունը լիներ, էլ ինչու՞ էի ձեզ այդքան խնդրելու:
Փափազյանի ասածը տրամաբանական է թվում, և այն, որ մեծ ողբերգակը դիմում է անմիջապես իրենց`շոյում է աշխատակիցների ինքնասիրությունը: Փափազյանի սուր աչքը նկատում է դա:
-Տնօրենը չի էլ իմանա,- շարունակում է համոզել Փափազյանը:-Աշտարակում պետք է Օթելլո խաղամ: Մի շաբաթից կբերեմ`տեղը կդնեք:
Աշխատակիցները մի քիչ էլ են դիմանում, բայց, ի վերջո, տալիս են խալաթը`չանրադառնալով այն փաստին, որ Փափազյանը վաղուց է ,ինչ Օթելլոյի դերով բեմ չի բարձրանում:
…Ամիսներ են անցնում, բայց Փափազյանը ո´չ գալիս է , ո´չ էլ խալաթն ուղարկում: Թանգարանի աշխատակիցներն անհանգստանում են: Մի քանի անգամ զանգահարում են դերասանին ու խնդրում խալաթը վերադարձնել: Խոստանում է, բայց չի տանում: Գիտակցելով իրենց սխալը, համոզված, որ խալաթն այլևս հետ չեն ստանա` աշխատակիցները ստիպված տնօրենին հայտնում են եղելությունը, սպասելով, որ իր արդարացի զայրույթը կթափի իրենց գլխին: Բայց Մելիքսեթյանը ,ի զարմանս աշխատակիցների, հանգիստ լսում է , մի երկու հարց տալիս, կշտամբող ոչ մի խոսք չի ասում և լուռ հեռանում է :
Հաջորդ օրը տնօրենը նորից է հայտնվում թատերական բաժնում ու շուրջը հավաքում «մեղավորներին»:
-Այլևս չզանգահարեք Փափազյանին խալաթի համար,- նկատելի հուզմունքով ասում է տնօրենը:-Կարիք չկա:
Աշխատակիցները զարմացած նայում են նրան. բոլորի համար էլ անսպասելի էր որոշումը:
-Փափազյանն, ինչպես գիտեք ,- շարունակում է Մելիքսեթյանը ,-վաղուց արդեն չի խաղում: Ու եթե խալաթը վերցրել է ,ապա նրա համար, որ վերհիշի իր երբեմնի փառքը: Մի րոպե անգամ չեմ կասկածում, որ տանը այդ խալաթով է միշտ: Դա ոչ միայն պատրանք է ,որ ստեղծում է իր համար, այլև հոգեբանական մի ջանք`չբաժանվելու Օթելլոյից, որի դերը խաղալով`դարձել է նրա երկրորդ եսը: Մի´ մեղադրեք նրան, հասկացեք դերասանին: Հարգեք նրա այդ թուլությունը»,- ավարտում է խոսքը հուզված տնօրենը, և նրա թախծոտ աչքերում արցունքներ են հայտնվում…
Տարիներ անց, երբ դադարեց բաբախել մեծ դերասանի`Վահրամ Փափազյանի զգայուն սիրտը , ներկաները տեսան, որ նրա դագաղի վրա Օթելլոյի այդ խալաթն էր…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook