Wednesday, April 24, 2024
ՆորություններԺամանց

Աշխարհի տարբեր անկյուններից ԵՊԲՀ շրջանավարտները կներգրավվեն բուհի 100-ամյա հոբելյանի միջոցառումներին

ԵՊԲՀ-ն՝ մեր երկրում բժշկական կրթություն ապահովող միակ պետական բուհը շուտով կդառնա 100 տարեկան։ Մեկ դարը խոսուն տարեթիվ է յուրաքանչյուր՝ այդ թվում կրթական կառույցի համար։ Առաջիկայում համալսարանականներին, բժշկական հանրությանը, հին ու նոր շրջանավարտներին հոբելյանական տարատեսակ միջոցառումներ են սպասվում, որոնց մեկնարկի մասին արդեն ազդարարվել է։

Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոն վարիչ, ռեկտորի խորհրդական, ԵՊԲՀ 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Գևորգ Թամամյանը  պատմել է  պետական բժշկական բուհի հոբելյանի մանրամասների մասին։ 

-Արդեն ազդարարվել է ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկի մասին։  Ի՞նչ միջոցառումներ, նախաձեռնություններ են սպասվում համալսարանական հանրությանը։ 

-Այս տարի մենք տոնում ենք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 100-ամյակը և տարին հագեցած կլինի բազմապիսի միջոցառումներով, թ՛ե գիտակրթական, թե՛ սոցիալական և թե՛ ժամանացային: Հենց տարեսկզբին սկսվեց «Իմ Հերացին» ծրագիր-չելլենջը, որի շրջանակներում ԵՊԲՀ շրջանավարտները, ուսանողներն ու դասախոսները սոցիալական ցանցերում կիսվում էին համալսարանի հետ կապված իրենց հիշողություններով: Այս «մարտահրավերն» ակտիվ կլինի ողջ տարվա ընթացքում, այնպես որ, եթե դեռ չեք միացել, ունեք ժամանակ այդ բացը լրացնելու համար:

Զուգահեռաբար, ԵՊԲՀ սոցիալական էջերով շարունակաբար ներկայացվում են մեր հարյուրամյա պատմության լավագույն էջերը, որոնք հետագայում կխմբագրվեն 100-ամյակին նվիրված ժողովածուի մեջ:

Ողջ տարվա ընթացքում կկազմակերպվեն ուսումնական և գիտական կոնֆերանսներ, իսկ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը ԵՊԲՀ-ում կանցկացվի 100-ամյակին նվիրված խոշոր միջազգային գիտական և կրթական բժշկական կոնգրես, որին արդեն իրենց մասնակցությունն են հաստատել մի քանի տասնյակ աշխարհահռչակ բժիշկներ և գիտնականներ: Այս խոշոր կոնգրեսի ժամանակ կկազմակերպվի նաև ԵՊԲՀ բոլոր տարիների շրջանավարտների հավաքը: Ինչպես գիտեք, մեր շրջանավարտները ներկայումս աշխատում են աշխարհի մի քանի տասնյակ երկրներում, և մենք ուրախ կլինենք բոլորին տեսնել այդ հավաքին՝ մայր բուհի՝ ԵՊԲՀ հարկի տակ: Կանցկացվեն նաև շրջանավարտների հավաքներ՝ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և, հավանաբար, նաև Գերմանիայում:

Ապրիլ ամսին նախատեսում ենք կազմակերպել խորհրդանշական ծառատունկ՝ տնկել 100 ծառ, իսկ տարվա վերջին նաև կպատրաստվի ժամանակի կապսուլա, որտեղ կտեղադրվի ուղերձ՝ նախատեսված ԵՊԲՀ 200-ամյակ հոբելյանը տոնողների համար:

Մյուս խոշոր նախաձեռնությունը, որ կցանկանամ նշել, դա 100-ամյակին նվիրված 100 վերապատրաստումների կազմակերպումն է, որի նպատակն է աշխարհի լավագույն համալսարաններում 3 տարվա ընթացքում կազմակերպել վերապատրաստումներ մեր 100 դասախոսների համար, որոնք որոշ ժամանակ սովորելով այդ գիտական և կրթական կենտրոններում հետ կվերադառնան և ակտիվորեն կխթանեն բժշկագիտությունը և բժշկական կրթությունը:

Նախատեսված միջոցառումներից և նախաձեռնություններից են նաև 100 ականավոր դասախոսությունների տեսանկարահանումը և տեղադրումը մեր էլեկտրոնային գրադարանում, արդեն ավանդական դարձած մեր պրոֆեսորադասախոսական կլինիկայի այցերը մարզեր, բազմապիսի սպորտային և ուսանողական միջոցառումների կազմակերպումը, 100-ամյակին նվիրված երաժշտական և գինու փառատոնը, և այլ մեծ և փոքր միջոռացումներ:

Կցանկականայի նաև առանձնացնել, որ Գիտական խորհրդի որոշմամաբ 100-ամյակի հանձնաժողովի շրջանակներում ձևավորվեց ինովացիոն հանձնաժողովը, որը կփորձի մշակել և առաջ տանել տարատեսակ նորարական ծրագրեր համալսարանի գործունեության բոլոր ոլորտներում՝ սկսած լեզվի կենտրոնի զարգացումից, մինչև հարբժշկական ֆակուլտետի ու բժշկական դպրոցի վերաբերյալ հետազոտությունից և հնարավոր ներդրումից:

-Որքանո՞վ ուսանողները ներգրաված կլինեն հոբելյանական անցուդարձում։ 

ԵՊԲՀ-ի ամենամեծ շահառուն, իհարկե, եղել և մնում է ուսանողը, և իհարկե, կուզենք, որ մեր ուսանողներն առավելագույնս ակտիվ լինեն բոլոր գործընթացներում: Այս պահին էլ ուսանողների մի մասը, օրինակ՝ օգնում են շրջանավարտների հետ կապ հաստատելու հարցում, բայց դա, կարծում եմ, նրանց կարողությունների չնչին տոկոսն է: Մենք մեծ ուսանողական ներուժ ունենք, և, հուսով եմ, որ մեր ուսանողներն առավելագույնս կներդնեն իրենց ուժերն այս մեծ տոնը միասին նշելու գործում, ինչը, իհարկե կնպաստի մեր մայր բուհի զարգացմանը։

-Կմանրամասնե՞ք «Հերացի 100»  նորաստեղծ հիմնադրամի գործունեության մասին։  

«Հերացի 100» հիմնադրամը ստեղծվել է որպեսզի իր շուրջը համախմբի ԵՊԲՀ շրջանավարտներին, և համատեղ փորձենք տարաբնույթ միջոցառումներով և գործողություններով նպաստել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի զարգացմանը: Հիմնադրամի կառավարման խորհրդում կներգրավվեն մեր հայտնի շրջանավարտներն աշխարհի տարբեր կողմերից, ինչպես նաև մեր համալսարանի ընկերները, որոնք տարիներ շարունակ աջակցվել են մեր առաջընթացին:

-Ինչպե՞ս կեզրափակվի հոբելյանական տարին։

Ինչպես նշեցի, ամբողջ տարվա ընթացքում համալսարանական կյանքը հագեցած կլինի տարատեսակ միջոցառումներով, իսկ տարվա վերջին նախատեսում ենք ԵՊԲՀ բակում կազմակերպել Սուրբծննդյան տոնավաճառ, որին կմասնակցեն աշխարհի մոտ 4 տասնյակ երկրներից մեզ մոտ ուսանելու եկած մեր ուսանողները:

 

Հարցազրույցը՝ Տաթևիկ Գրիգորյանի

– See more at: ysmu.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook