Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը

Աչքի հիվանդությունների դեպքում ամենակարևոր խնդիրն առաջնային հետազոտություն անցնելն ու ճիշտ ախտորոշմամբ բուժում ստանալն է, որպեսզի տեսողական օրգանը չվնասվի, և հնարավոր լինի վերացնել առկա խնդիրը բուժման կամ վիրահատման ճանապարհով: Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքում առանձնահատուկ ուշադրությամբ է իրականացվում աչքի առաջնային զննումը: aroxjblog.am-ը աչքի խնդիրների և հղիության շրջանում հնարավոր սրացումների մասին զրուցել է խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքի ակնաբույժ  Տաթևիկ Հակոբյանի հետ:

Տիկին Հակոբյան նախ ներկայացրեք, թե ո՞րն է խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքի հիմնական գործառույթը

– Ցանկացած առողջական խնդրի, հատկապես աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը: Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի ժամանակակից սարքավորումներով հագեցած խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքում բարձրակարգ ակնաբույժները ընդունում են առաջնային հետազոտման եկած հիվանդներին և ուղղորդում հետագա համապատասխան քայլերի: Լսում ենք գանգատները, ստուգում տեսողության սրությունը, կատարում ակնոցային կորեկցիա, ներակնային ճնշումն ենք չափում, բիոմիկրոսկոպիա ենք կատարում, ակնահատակի զննում, անհրաժեշտության դեպքում հիվանդը ուղարկվում է դիագնոստիկ բաժանմունք մի քանի այլ հետազոտությունների (եղջերաթաղանթի տոպոգրաֆիա, OCT  և այլն), և այս բոլոր ստուգումների հիման վրա որոշվում է հիվանդի բուժման հետագա պլանը: Շատ կարևոր է, որ առաջին անգամ բժշկի դիմած մարդը ճիշտ հետազոտությունների ենթարկվի,  ախտորոշումը կատարվի ճիշտ, որպեսզի հետագա բուժումն էլ արդյունավետ լինի: Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքի բժիշկների պատասխանատու և հետևողական մոտեցումից է կախված հիվանդի «ճակատագիրը»: Մեր բաժանմունքում բժիշկները արագ կողմնորոշվում են, որպեսզի հիվանդը ժամանակին գնա վիրահատության, եթե դեղորայքային բուժումն արդեն չի կարող օգնել: Հիվանդներին ներկայացնում ենք իրենց խնդրի կարգավորման բոլոր անհրաժեշտ ու հնարավոր տարբերակները, բացատրում, թե ո՞ր դեպքում է հարկավոր վիրահատություն։

2

 

Որո՞նք են հիմնականում աչքի ամենատարածված հիվանդությունները որոնցով Ձեզ դիմում են

   – Հիվանդությունները բազմաթիվ են, և դրանք պայմանավորված են նաև տարիքով: Երիտասարդների մոտ հիմնականում ռեֆրակցիայի շեղումներ են՝ կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, իսկ 40-ից բարձր արդեն շատ տարածված են պրեսբիոպիան, կատարակտը, գլաուկոման և ակնահատակի տարատեսակ փոփոխությունները: Կա նաև գենետիկ փոխանցվող կերատոկոնուս հիվանդությունը, որը հանդիպում է հայերի և հրեաների մոտ: Վերջինիս դեպքում աչքի եղջերաթաղանթը աստիճանաբար բարակում է, իսկ տեսողությունը՝ շաղվում: Բոլոր հիվանդությունների դեպքում կարևորը ժամանակին հայտնաբերումն ու բուժումն է: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով խնդրի վաղաժամ հայտնաբերման համար, և աշխարհում գոյություն ունեցող գրեթե  բոլոր տեսակի վիրահատությունները և բուժումներն այստեղ իրականացվում են: Նշեմ նաև, որ մեր բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են լավագույն կլինիկաներում և մասնակցում միջազգային կոնֆերանսների:

 – Ձեր հսկողության տակ գտնվում են նաև հղի կանայք, ո՞ր դեպքերում եք ցուցում տալիս կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ բերել երեխային

 – Նախ նշեմ, որ ինձ համար առանձնակի հաճելի է հղիների հետ աշխատելը: Ցանկալի կլինի հղիները  ակնաբույժի դիմեն հղիության առաջին կամ երկրորդ եռամսյակում: Գինեկոլոգի ցուցումով մեզ նաև դիմում են տարբեր քրոնիկական հիվանդություններ ունեցող հղիներ՝ ակնահատակի ստուգման համար, քանի որ ակնահատակի վիճակից է կախված բնական կամ կեսարյան ճանապարհով ծննդաբերելը: Կան աչքի հետ կապված խնդիրներ՝ բարձր ներակնային ճնշում, ակնահատակի հիվանդություններ, որոնց դեպքում միայն կեսարյան հատման ցուցում ենք տալիս: Եթե հղին ժամանակին դիմի ակնաբույժի, ապա ակնահատակում առկա որոշ խնդիրներ կկարողանանք բուժել: Օրինակ, երբ առկա է ակնահատակի փոքրիկ պատռվածք, ֆոտոլազերային կոագուլյացիայի միջոցով սահմանափակում ենք պատռվածքը, որից հետո կարելի է ինքնուրույն ծննդաբերել: Բայց այս դեպքում ժամանակ է հարկավոր սպիագոյացման համար, իսկ երբ հղին ուշ է դիմել, բնակաբար, այդ ժամանակը մենք չունենք:

image-27-02-20-07-39

Արդյոք ճի՞շտ է այն տարածված կարծիքը, որ հղիության ժամանակ ավելի են սրվում առկա տեսողական խնդիրները:

   – Հղիության ժամանակ կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխություններ են կատարվում, և հնարավոր է որոշ դեպքերում առկա խնդիրների սրացում, բայց դա պարտադիր չէ, ինդիվիդուալ է: Օրինակ՝ որոշ դեպքերում կարճատեսությունը հղիության շրջանում մի փոքր ավելանում է, բայց երեխայի ծնվելուց հետո նորից կարող է հետ գալ նախկին վիճակին: Հղիության շրջանում հնարավոր է առաջանա կամ ավելի սրվի չոր աչքի սինդրոմը, բայց այս խնդիրն անվնաս կաթիլների միջոցով կարգավորվում է: Տոքսիկոզ կամ գեստոզ ունեցող հղիների մոտ հնարավոր է նաև ակնահատակում խնդիրներ առաջանան:

Գոյություն ունեն նաև մի քանի թյուր կարծիքներ.

Առաջինը, որ միդրիատիկ (բիբը լայնացնող) դեղորայքը վնաս է հասցնում հղի կնոջը, բայց մեր կաթիլները չեն վնասում հղիներին, բացի այդ, առանց բիբը լայնացնելու հնարավոր չի լինի ակնահատակը ճշգրիտ ստուգել:

Երկրորդ թյուր կարծիքն այն է, որ եթե կնոջ մոտ կա կարճատեսություն, ապա միայն կեսարյան հատման եղանակով կարող է երեխա ունենալ, բայց ոչ: Կարճատեսություն ունեցող հղիի մոտ ակնահատակում եթե չկա խնդիր, ապա կարող է բնական ճանապարհով ծննդաբերել:

Հերթական թյուր կարծիքն էլ այն է, որ աչքի վիրահատության ենթարկված կինն անպայման պետք է դիմի կեսարյան հատման։Այս դեպքում ևս, եթե չկա ակնահատակի խնդիր, ապա կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման ցուցում չկա:

 Կցանկանայի Հայաստանում ավելանա հղի կանանց քանակը, ծնվեն շատ սիրված և առողջ երեխաներ։

Սիրելի՜ կանայք, հիշեք, որ Դուք եք Ձեր երեխայի առողջության հիմնաքարը։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook