Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Առողջական ինչ խնդիրների մասին են հուշում դեմքին ի հայտ եկած փոփոխությունները

Մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում մաշկային այնպիսի խնդիրներին, ինչպիսին են բշտիկները, այտուցներն ու կնճիռները, մինչդեռ նման փոփոխությունները կարող են շատ բան պատմել մարդու առողջական վիճակի մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական այն խնդիրները, որոնց մասին կարող է պատմել մարդու դեմքը:

  • Գունատ մաշկ

Մաշկի գունատությունը կարող է վկայել անեմիայի (սակավարյունություն) կամ արյան մեջ երկաթի դեֆիցիտի մասին: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շաբաթական առնվազն երկու անգամ կարմիր միս ուտել, ինչպես նաև լոբազգիներ ու կանաչ տերևավոր բանջարեղեն օգտագործել:

  • Բշտիկներ

Բշտիկներն առավել հաճախ ի հայտ են գալիս դեռահասության շրջանում ու պայմանավորված են լինում հորմոնալ գործընթացներով, սակայն դրանք կարող են վկայել նաև քաղցրավենիքի չարաշահման մասին:

  • Աչքերի դեղնածություն

Առավել հաճախ այս ախտանշանը վկայում է դեղնուկի մասին, ուստի աչքերի շուրջը մաշկի կամ սպիտակուցային թաղանթի դեղնածության դեպքում հարկավոր է դիմել բժշկին ու ստուգել լյարդի աշխատանքը:

  • «Պարկեր» աչքերի տակ

Մեծ մասամբ այս ախտանշանը խոսում է երիկամների հետ կապված խնդիրների մասին: Նման «պարկերի» առաջացումը պայմանավորված է մաշկի տակ հեղուկի կուտակմամբ, ինչը վկայում է, որ երիկամները ճիշտ չեն գործում: Ավելի լուրջ դեպքերում դրանք վկայում են սրտային անբավարարության մասին, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:

  • Խորը կնճիռներ

Սովորաբար կնճիռներն առաջանում են ծերացման բնական գործընթացների հետևանքով, սակայն ծխախոտի չարաշահումը կարող է առավել արտահայտիչ դարձնել կնճիռները, քանի որ ծխախոտը քայքայում է մաշկի առաձգականության համար պատասխանատու կոլագենն ու էլաստինը: Ընդ որում, օրական ընդամենը մեկ գլանակը բավական է ծերացման գործընթացն արագացնելու համար:

  • Մաշկի կարմրություն

Բնակչության շուրջ 10%-ը տառապում է մաշկային խանգարումից, որը կոչվում է ռոզացեա և դրսևորվում է մաշկի կարմրածությամբ: Այս հիվանդության ախտանշաններն ավելի ակնհայտ են դառնում կծու մթերքի կամ կոֆեինով ըմպելիքների չարաշահման դեպքում, ինչպես նաև ակլկոհոլի գործածության ու արևի ազդեցության հետևանքով:

  • Շուրթերի չորություն

Շուրթերի չոր մաշկը վկայում է օրգանիզմի ջրազրկման կամ եղանակային անբարենպաստ պայմանների մասին: Եթե բավարար քանակությամբ ջրի գործածությունը չի լուծում այս խնդիրը, ապա այն կարող է պայմանավորված լինել նաև ալերգիկ ռեակցիայով:

  • Դեմքին անցանկալի մազերի աճ

Առավել հաճախ այս խնդիրը պայմանավորված է լինում հորմոնալ խանգարումներով: Հաճախ կանանց մոտ դեմքի անցանկալի մազերի աճին նպաստում է պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը, ուստի այս ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook