Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական ինչ տհաճ խնդիրների պատճառ կարող է դառնալ կանաչ թեյը

Կանաչ թեյն ամենատարածված ըմպելիքներից մեկն է, որի օգտակարության մասին գիտեն բոլորը, սակայն քչերինի է հայտնի, որ այս ըմպելիքը որոշ դեպքերում կարող է վտանգավոր լինել՝ առաջացնելով մի շարք տհաճ խանգարումներ։

Այս ըմպելիքը պարունակում է ակտիվ բաղադրիչներ, որոնք լուրջ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։ Քիչ քանակությամբ օրգանիզմում հայտնվելու դեպքում այդ տարրերը կարող են շատ օգտակար լինել, սակայն մեծ չափաբաժնի դեպքում կարող են ի հայտ գալ մի շարք կողմնակի բարդություններ, որոնք էլ կդառնան ինքնազգացողության վատթարացման պատճառ։

Մասնագետները ներկայացրել են կանաչ թեյի չարաշահման հնարավոր վտանգավոր հետևանքներն ու տհաճ ախտանշանները՝ հորդորելով սահմանափակել թեյի գործածությունն օրական առավելագույն հինգ բաժակով։

Սրտխփոց ու զարկերակային ճնշման բարձրացում

Կանաչ թեյի մեջ կոֆեինի մակարդակն այնքան բարձր չէ, որքան սուրճի մեջ, սակայն օրական մի քանի բաժակ թեյ խմելու դեպքում այն ևս կարող է իր ազդեցությունն ունենալ սրտի աշխատանքի վրա և հանգեցնել սրտխփոցի ու զարկերակային ճնշման բարձրացման։ Սրտի հիվանդություններով մարդկանց համար սա կարող է շատ վտանգավոր լինել, ուստի զարկերակային գերճնշման կամ սրտանոթային որևէ այլ խնդրի դեպքում մասնագետները հորդորում են սահմանափակել այս ըմպելիքի գործածությունը։

Սթրեսս

Օրական մի քանի բաժակ կանաչ թեյ խմելը կարող է խորացնել հոգեբանական լարվածությունը, քանի որ հանգեցնում է արյան մեջ կոֆեինի մակարդակի բարձրացման։ Սա իր հերթին խթանում է մակերիկամներն ու ստիպում ավելի շատ նորադրենալին, ադրենալին ու կորտիզոլ արտադրել, որոնք սթրեսի հորմոններն են։

Սակավարյունություն (անեմիա)

Կանաչ թեյի չարաշահումը կարող է խանգարել սննդամթերքից երկաթի կլանման գործընթացը, ինչը բարձրացնում է երկաթ պակասորդային սակավարյունության զարգացման հավանականությունը։ Այս հիվանդությունը բնորոշվում է արյան մեջ էրիթրոցիտների մակարդակի նվազմամբ, իսկ դրա մասին են հուշում այնպիսի ախտանշանները, ինչպիսին են հոգնածության զգացումը, գլխապտույտը, գունատությունը, ձեռքերի ու ոտքերի սառնությունը և սրտի զարկերի արագացումը։

Մարսողության խանգարումներ

Այս թեյը հարուստ է աղաղանյութերով, որոնք օժտված են կապող հատկություններով ու կարող են հանգեցնել մարմնի որոշակի հյուսվածքների կծկման։ Այդ տարրերի մեծ քանակությունն օրգանիզմում կարող է հանգեցնել բերանի խոռոչի չորության, սրտխառնոցի ու մարսողության խանգարման։

Քնի խանգարումներ

Կանաչ թեյը պարունակում է մեծ քանակությամբ կոֆեին, ինչի հետևանքով այն կարող է հանգեցնել քնի խանգարումների ու բացասաբար անդրադառնալ քնի որակի վրա՝ դարձնելով այն անհանգիստ ու ոչ խորը։

Նյութի աղբյուրը՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook