Friday, April 19, 2024
Նորություններ

Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում

«Ֆրանսիան եղել և մնում է հայ ժողովրդի անկեղծ բարեկամը։ Մեր երկու ժողովրդի երկարամյա բարեկամության և միջպետական ամուր կապերի վրա խարսխված  համագործակցությունն իր արտահայտությունն է գտել նաև  առողջապահության ոլորտում։ Ես հպարտությամբ ուզում եմ փաստել, որ երեկվա մեր շատ բարերարների հետ այսօր մենք գործընկերային հարաբերություններ ենք կառուցում»,-ողջունելով «Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում» խորագրով համաժողովի մասնակիցներին` ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Նա հույս է հայտնել, որ համատեղ կազմակերպված միջոցառումը մասնակից ֆրանսիական և հայկական կազմակերպությունների համար փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու առիթ կհանդիսանա։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն համոզմունք է հայտնել, որ, թեև ֆրանսիացի գործարարներից ոմանք առաջին անգամն են լինում Հայաստանում, սակայն համագործակցության հնարավորությունները շատ են։

Առողջապահական կարևոր ցուցանիշներով, ինչպես  նաև բժշկական տեխնիկայի և պարագաների, դեղերի արտադրության ոլորտում աշխարհում առաջատար Ֆրանսիան, անշուշտ, համագործակցության շահավետ առաջարկներ կարող է անել Հայաստանին։

«Միաժամանակ,  Հայաստանը հնարավորություն կստեղծի Եվրասիական ընդհանուր շուկա մտնելու համար»,-նշել է դեսպանը։unnamed

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները և ներդրումային հնարավորությունները։

Ֆրանսիայի հիվանդանոցային համակարգը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի դեսպանության սոցիալական հարցերով խորհրդական, Ֆրանսիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Դանիել Մաթիոն։

Այնուհետև Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովին մասնակցող GERFLOR (բուժհաստատությունների հատակի երեսպատում), RUMEX MEDICAL (GERMITEC-Antigermix ուլտրաձայնային գոտիների մանրէազերծում), QUANTEL-MEDICAL՝ վիրահատական լազերների և ուլտրաձայնային սարքավորումների ողջ տեսականի, դեղագործական լաբորատորիաներ Սանոֆի (SANՕFI) և Սերվիյե (SERVIER), կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացրել են վերջին նորարարություններին և իրենց լաբորատորիաների հետազոտական արդյունքներին:

Նշենք, որ Ռուսաստանի «Բիզնես Ֆրանս» գործակալության տնօրեն Պատրիկ Բոնարի գլխավորած փորձագետների, դեղագործական և բուժտեխնիկա արտադրող ֆրանսիական ձեռնարկությունների պատվիրակության ներկայացուցիչները երեկ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Հայաստանի մի շարք բժշկական և դեղագործական կազմակերպությունների ղեկավարների հետ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook