Friday, March 29, 2024
ՆորություններSEO

«Աստղիկ» ԲԿ-ում սրտի բնածին արատով երկուշաբաթական փոքրիկի են վիրահատել

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մանկական սրտային վիրաբուժության կլինիկա է բացվում, եւ կլինիկայի բժիշկներն արդեն  սրտի բնածին արատով ու ռիթմի խանգարումներով երեխաների մի շարք հաջող վիրահատություններ են կատարել:

Մանկական սրտաբան-առիթմոլոգ Մարիամ Սապոնջյանը, ով նոր կլինիկայի ղեկավարն է լինելու, NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ «Աստղիկ» ԲԿ-ում երեխաներին վիրահատում են անցած տարվա վերջից, եւ ընդհանուր առմամբ 7 վիրահատություն է կատարվել:

Վերջերս բժիշկները վիրահատել են սրտի մագիստրալ անոթների տրանսպոզիցիայի բնածին արատով նորածնի եւ Ֆալլոյի տետրադայով ավելի մեծ տարիքի երեխայի: Երկու երեխան էլ արդեն հիվանդանոցից դուրս են գրվել եւ իրենց լավ են զգում: Վիրահատությունները կատարել է Հայաստանում հայտնի սրտային վիրաբույժ, «Աստղիկ» ԲԿ սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մհեր Սուսանին:

Մարիամ Սապոնջյանը հայտնեց, որ առաջին երեխայի մոտ մագիստրալ անոթների տրանսպոզիցիան ախտորոշվել է դեռեւս մոր արգանդում: Հիշեցնենք, որ «Աստղիկ» ԲԿ-ում գործում է սրտի արատների նախածննդյան ախտորոշման, ինչպես նաեւ սրտի արատներով հղիների վարման ծառայություն, որը ղեկավարում է Կարեն Կուրդովը:

Կինն ամբողջ ժամանակ եղել է «Աստղիկ» ԲԿ բժիշկների հսկողության ներքո, այստեղ պատրաստվել են այդ երեխայի լույս աշխարհ գալուն: Ախտորոշումը հաստատվել է ծնվելուց հետո 30 րոպեի ընթացքում, երեխային տեղափոխել են սրտային վիրաբուժության բաժանմունքի վերակենդանացման բաժին, որտեղ նա անհրաժեշտ թերապիա է ստացել, իսկ 2 շաբաթ հետո նրան վիրահատել են:

Մարիամ Սապոնջյանը նշեց, որ այս երեխաների ամբուլատոր հսկողությունը շարունակվում է «Աստղիկ» ԲԿ-ում: Ինչ վերաբերում է ֆինանսական հարցին, ապա բժշկի խոսքով՝ երեխաները մեծ մասամբ պետպատվերով են բուժումը ստանում, իսկ եթե ինչ-որ պատճառով նրանց պետպատվեր չի հասնում, բժշկական կենտրոնն ինքն է այդ ծախսերը հոգում:

Նյութի աղբյուրը՝   NEWS.am Medicine

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook