Ատամների ծկթումը երեխաների մոտ
Երեխայի առաջին ատամը կարեւոր իրադարձություն է ամբողջ ընտանիքի համար, սակայն երբեմն կարող է ցավոտ լինել հենց փոքրիկի համար:
Ե՞րբ սպասել առաջին ատամին
Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակահատվածը տատանվում է 6-7 ամսականը, սակայն լինում են նորմայից շեղումներ: Հինգ ամսականից մինչեւ երեք տարեկանը երեխայի մոտ ծկթում է 20 կաթնատամ:
Ատամների ծկթումը սովորաբար նկատելի է դառնում երեխայի պահվածքից: Փոքրիկը կարող է դառնալ գերզգայուն, ունենալ ակտիվ թքարտադրություն, հաճախ բռունցքները բերանը տանել եւ այլն: Կարող է նաեւ նկատվել ախորժակի թեթեւակի անկում եւ ջերմության բարձրացում մինչեւ 38.5° C:
Երեխայի ատամների ծկթումը ՉՊԵՏՔ Է ուղեկցվի՝
- Լուծով
- Սրտխառնոցով
- Ախորժակի ամբողջական բացակայությամբ
- Հազով
- 39-40° C ջերմությամբ:
Այս եւ այլ ախտանիշների պարագայում հավանաբար կարող է այլ խնդիր լինել, ուստի լավ կլինի դիմել մանկաբույժի:
Ցավոք, չկա այնպիսի դեղամիջոց, որը կօգնի մեղմել երեխայի ատամների ծկթման ընթացքում առաջացող անհարմարությունը, սակայն մայրիկները կարող են պրոսեցը մի փոքր թեթեւացնել բալիկների համար: Ինչպե՞ս.
Երեխային տվեք դեղատներից հատուկ գնված խաղալիքներ, որոնք երեխան կարող է դնել բերանը: Երբ փոքրիկը ծծում է, նա ավելի հանգիստ է դառնում:
Միեւնույն ժամանակ, պետք չէ արհեստականորեն փորձել միջամտել երեխայի ատամների ծկթման պրոցեսին՝ փորձելով արագացնել այն: Պետք չէ բորբոքել երեխայի լնդերը՝ քերծելով շաքարավազի հատկիներով կամ գդալի ծայրով: Պետք չէ նաեւ տալ երեխային կոշտ հացիկներ. դրանց փշուրները կարող են մնալ երեխայի կոկորդում:
Երեխայի ատամների հիգիենան
12-18 ամսականում երեխային պետք է զննության տանել ստոմատոլոգի մոտ: Մինչ այդ, մայրիկները պետք է լվանան երեխայի ատամները խոզանակով՝ առանց մածուկի օգտագործման:
Ֆտոր պարունակող ատամի մածուկները թույլատրվում են երկու տարեկանից հետո միայն, երբ երեխաները կարողանում են ողողում անել: Եթե երեխան դժվարանում է ողողումներ անել անգամ երկու տարեկանից հետո, եւ մածուկը կուլ տալու վտանգ կա, ապա պետք է ընտրել ֆտորի քիչ պարունակությամբ մածուկներ:
Պետք է հիշել, որ յուրաքանչյուր երեխայի մոտ ատամների ծկթման գործընթացն անհատական է, սակայն մինչեւ մեկ տարեկանը երեխան գոնե մեկ ատամ պետք է ունենա, հակառակ դեպքում՝ դա կարող է խոսել երեխայի մոտ առողջական ինչ-ինչ խնդիրների մասին (օրինակ՝ ռախիտ, հիպոթերիոզ):
Երբեմն էլ առաջին ատամը կարող է զույգով ծկթել: Լինում է նաեւ, որ միանգամից չորս ատամ է ծկթում: Այս դեպքում անհանգստանալու կարիք չկա:
Աղբյուրը՝ Doctors.am