Thursday, March 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ատամների մաքրման ու սպիտակեցման տարածված պրոցեդուրաներ, որոնք իրականում քայքայում են ատամների էմալը

Առողջ ատամնաշար ու ձյունաճերմակ ժպիտ ունենալու մասին շատերն են երազում, ուստի հաճախ մարդիկ կիրառում են տարբեր մեթոդներ ատամները փառից ու բակտերիաներից մաքրելու և էմալը գունաբացելու համար: Ցանկալի արդյունքին հասնելու համար շատերը դիմում են մասնագետին և ստանում մասնագիտացված բուժօգնություն, սակայն լինում են դեպքեր, երբ մարդիկ փորձում են հետևել տարածված խորհուրդներին, որոնցից շատերը, սակայն, էլ ավելի լուրջ վնաս են հասցնում ատամներին:

Մասնագետները նախազգուշացնում են, որ կան ատամների սպիտակեցման ու խնամքի մի շարք մեթոդներ, որոնք առաջին հայացքից թվում են և՛ արդյունավետ, և՛ անվնաս, մինչդեռ իրականում քայքայում են ատամների էմալն ու հանգեցնում լուրջ խնդիրների, սակայն մարդիկ շարունակում են կիրառել դրանք՝ հաշվի չառնելով հնարավոր վտանգները: Նման միջոցներից մեկը կերակրի սոդան է, որը հաճախ գովազդվում է որպես «համադարման» միջոց առողջական ամենատարբեր խնդիրների դեմ:

Կերակրի սոդայով ատամների սպիտակեցումն ամենատարածված մեթոդներից է, որը երբեմն խորհուրդ են տալիս կիրառել անգամ մասնագետները: Ավելին՝ ոմանք սոդան օգտագործում են ամեն օր և հաշվի չեն առնում, որ այն բավական ագրեսիվ միջոց է, որը քայքայում է ատամների էմալը:

Նյույնքան տարածված է նաև ակտիվացված ածուխը, որը նույնպես կարող է լուրջ խնդիրներ ավելացնել: Ներկայում շուկայում կան անգամ ակտիվացված ածխով ատամի մածուկներ, որոնք լայն տարածում են գտել, քանի որ հաճախ են գովազդվում ու ներկայացվում որպես ատամները սպիտակեցնող արդյունավետ միջոցներ:

Այնուամենայնիվ ատամնաբույժները նախազգուշացնում են, որ ինչպես կերակրի սոդան, այնպես էլ ակտիվացված ածուխը կարող են շատ վտանգավոր լինել, քանի որ քերծում, քայքայում ու վնասում են էմալը, ինչի հետևանքով ատամները զրկվում են պաշտպանիչ շերտից և դառնում են շատ ավելի խոցելի: Նման միջոցների գործածությունը կարող է դառնալ ատամների քայքայման ու կարիեսի զարգացման պատճառ, ուստի դրանցից հարկավոր է հնարավորինս խուսափել:

Բացի այդ, էմալի վնասվածքների ու քայքայման պատճառ կարող է հանդիսանալ նաև ատամները սխալ մաքրելը, ուստի հարկավոր է զգույշ մաքրել ատամներն ու խուսափել չափազանց կոպիտ շարժումներից, քանի որ հակառակ դեպքում ատամները կսկսեն փտել, ինչը սովորաբար պայմանավորված է լինում կարիեսով:

Նյութը ՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook