Thursday, April 18, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Գործնական հմտություններն ավելի գրավիչ են դարձնում քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտությունը

Արթուր Շուքուրյանը մեկ տասնամյակից ավել ղեկավարում է բժշկական մայր բուհի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնը: Պրոֆեսոր Շուքուրյանը մանկաբույժ մոր և քիթ-կոկորդ-ականջաբան հոր օրինակով մասնագիտության ընտրության հարցում արագ է կողմնորոշվել: «Փորձել եմ նրանց նմանվել, կարծում եմ՝ ստացվել է»,-նշում է անվանի բժիշկը, ով բժշկական համալսարան ընդունվել է 1973 թվականին և 1979-ին գերազանցությամբ ավարտել այն: Իր գիտական և բժշկական գործունեությունը Արթուր Շուքուրյանը ծավալել է համագործակցելով համաշխարհային բժշկական կենտրոնների մասնագետների հետ, բազմիցս վերապատրաստվել է տարբեր  առողջապահական առաջատար հաստատություններում: 1992 թվականից աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, քիթ-կոկորդ-ականջաբանության բաժամունքի վարիչն է: «Աշխատել եմ կատարելագործվելու ուղղությամբ, փորձել եմ խորանալ մասնագիտության մեջ՝ բաժանմունքում և ամբիոնում իրագործելով այն նորագույն նվաճումները, որոնք կան իմ մասնագիտության մեջ»,-հավելում է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամը:

Խոսելով մասնագիտության յուրահատկության մասին՝ քիթ-կոկորդ-ականջաբանն ընդգծում է՝ ԼՕՌ օրգանները գտնվում են գանգի խորքում, դրանք ուսումնասիրելու համար կիրառվում են յուրահատուկ գործիքներ ու սարքավորումներ՝ մանրադիտակներ, էնդոսկոպեր:

ԼՕՌ բժիշկը զբաղվում է նաև կերակրափողի որոշ հատվածների ախտահարումներով, պարտավոր է լինել պարանոցի լավ մասնագետ: 2008 թվականից լինելով ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչը` Արթուր Շուքուրյանը վստահեցնում է՝ Հայաստանում ամբիոնն առաջատար է:

«Վերջերս ոչ պետական մի շարք բուհերում ստեղծվում են ամբիոններ, սակայն բոլոր բժիշկները մասնագիտանում են մեզ մոտ, ինչը մեծացնում է պատասխանատվությունը երիտասարդ կադրերին պատրաստելու հարցում»,-գոհունակությամբ շեշտնում է նա: Ոլորտի մասնագետի խոսքով՝ ապագա բժիշկները բժշկության այս ուղղությունն ընտրում են՝ մասնագիտության յուրահատկություններից ելնելով:

«Մարդու զգայողական անալիզատորներն այս մասնագիտության ուսումնասիրության շրջանակում են»,-ասում է ամբիոնի վարիչը՝ ավելացնելով, որ մասնագիտացման նկատմամաբ հետաքրքրությունը մեծ է՝ ներկա դրությամբ ամբիոնն ունի 52 կլինիկական օրդնատոր:

Բժշկության այս ոլորտի զարգացմանն ուղղված առաջնահերթություններն՝ ըստ Արթուր Շուքուրյանի, լսողությունը վերականգնող վիրահատություններն են:

«Հայաստանում այս պահին գործում է պետական երկու ծրագիր՝ մանկական հասակի նորածինների սկրինինգային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երեխայի ծնվելու առաջին օրերից կողմնորոշվել՝ արդյոք նրա մոտ կան լսողության խանգարումներ և ինչպես կարելի է օգտակար լինել: Մյուսը՝ խխունջային ներպատվաստման ծրագիրն է, որի շնորհիվ կարողանում ենք ծանրալսությամբ՝ 4-րդ ատիճանի խլությամաբ ծնված երեխայի լսողությունը վերականգնել՝ տեղադրելով հատուկ իմպլանտներ»,-նշում է քիթ-կոկորդ-ականջաբանը՝ շեշտելով, որ ոլորտի մասնագետների նպատակն է անընդհատ զարգացնել բժշկության այս ճյուղի առաջատար ուղղությունները:

«Կարևորվում է ներքթային էնդոսկոպիկ վիրահատությունների զարգացման ուղղությունը, որը հնարավորություն է տալիս քիչ տրավմատիկ գործողությունների արդյունքում բուժել սինուսիտները, հայմորիտները, այդ թվում՝ կատարել ներկոկորդային վիրահատություններ, որի ժամանակ նույնպես օգտագործվում են մանրադիտակը, խոշորացնող սարքավորումները: Իսկ այդ հմտությունները ձեռք բերելու և կիրառելու համար բժիշկն անցնում է հատուկ մասնագիտացում»,-փաստում է մասնագետը:

Այն ապագա բժիշկները, որոնք կցանկանան ընտրել քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտացումը, պետք է սկսեն ուսանողական տարիներից:

download-2111

«Այս առարկան դասավանդվում է՝ 4-րդ կուրսից: Եթե հրապուրվել եք այս մասնագիտացմամբ, ապա կանգ չառնե՛ք: Դուք հնարավորություն ունեք ամբիոնի միջոցով լրացնել ձեր հետաքրքրությունները՝ ներկա լինելով հիվանդների զննմանը, իսկ որ ամենակարևորն է՝ վիրահատություններին»,-խոսքն ուղղելով ուսանողներին կոչ է անում ամբիոնի վարիչը՝ ավելացնելով՝ միայն այն հանգամանքը, որ հիվանդներին հնարավոր է վերադարձնել այնպիսի մեծ նշանակություն ունեցող գործոններ ինչպիսիք են՝ լսողությունը, քթային շնչառությունը, հոտառությունը, ավելի հրապուրիչ է դարձնում մասնագիտությունը:

«Քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտացումն ավելի գրավիչ է դառնում, երբ այդ ամենին ծանոթանում են գործնական հմտություններ ձեռք բերելիս»,-ամփոփում է երկար տարիների փորձ ունեցող մասնագետը:

– See more at: ysmu.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook