Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

«Դա հրաշք էր ինձ համար». Քաթինային փոխարինած հայազգի բժիշկը կյանքում առաջին անգամ կտրել է նորածնի պորտալարը

Ռազմական բժիշկ, վիրաբույժ Գեւորգ Ոսկանյանը Սուդանի Նուբա լեռներում ծնունդ է ընդունել։ Այնտեղ նա ժամանակավորապես փոխարինել է բժիշկ Թոմ Քաթինային, քանի դեռ վերջինը Հայաստանում մասնակցում էր «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության եզրափակիչ միջոցառումներին։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Գեւորգ Ոսկանյանն ասաց, որ դա իր համար իսկական ցնցում ու հրաշք էր։ Նա օգնություն ցուցաբերելու է գնացել գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանի հետ։ Պարզվել է, որ ծննդաբերությունը բարդ է, եւ Արմինեին օգնություն է անհրաժեշտ։ Ծննդկանին կեսարյան հատում են արել, իսկ պորտալարը թույլ են տվել կտրել Գեւորգ Ոսկանյանին։ «Պետք է խոստովանեմ, որ ես երբեք ծննդաբերություն չեմ տեսել, նույնիսկ բժշկական համալսարանում ուսումնառության տարիներին։ Դա հրաշք էր ինձ համար»,-ասաց նա։

Ռազմական բժշկի խոսքով՝ Թոմ Քաթինայի պատմությունը, որի հետ նա ծանոթացել է դեռ նախորդ «Ավրորա»-ի ժամանակ, իրեն շատ է ոգեշնչել, եւ նա ցանկացել է  Քաթինային օգնել ինչպես բժիշկը բժշկին, սակայն ռազմական ծառայությունը նրան այդպիսի հնարավորություն չէր տալիս։ Ավելի ուշ նա մեկնեց Չինաստան՝ վերապատրաստվելու եւ արդեն մոռացել էր իր ցանկության մասին, երբ նրան դիմեցին «Ավրորա»-ից եւ առաջարկեցին աշխատել Քաթինայի հետ համատեղ, որպեսզի վերջինը կարողանա Հայաստան գալ։

Բժիշկը նշեց, որ խնդիրների մասին մեր պատկերացումներն ու իրական խնդիրները միանգամայն տարբեր բաներ են։ Հեշտությամբ կարելի է պատկերացնել քաղցած մարդուն, բայց բոլորովին այլ է իրական կյանքում տեսնել նրան. նրա ծանր կենցաղն ու կենսակերպը հնարավոր չէ պատկերացնել, քանի դեռ դրան չես բախվել։

Բժիշկը հավելեց, որ Նուբա լեռներում շատ-շատ աղքատ են ապրում։ Նա այնտեղ այնպիսի գյուղատնտեսական գործիքներ է տեսել, որոնց մասին մենք ընդամենը կարդացել ենք պատմության դասագրքերում։ «Բարեգթության մայր» հիվանդանոցում պայմանները շատ հարամավետ են թվում՝ այդ մարդկանց կացարանների համեմատ, չնայած այն հեռու է ժամանակակից հիվանդանոցների մասին մեր պատկերացումներից։ Հիվանդանոցում, համենայն դեպս, էլեկտրականություն եւ ջուր կա։

Վիրաբույժն ասաց, որ «Բարեգթության մայր» հիվանդանոցում եղած ժամանակ հայ բժիշկները շատ բան չեն արել։ Պատճառւ կյանքի ցուցիչներն էին ու վերակենդանացման նորմալ հնարավորությունների բացակայությունը։

Բժիշկները շատ են բախվել ինֆեկցիոն հիվանդությունների հետ։ Գեւորգ Ոսկանյանի խոսքով՝ վատ կենսապայմանների պատճառով այստեղ բավական տարածված են միզասեռական վարակները, հեպատիտ С-ն, ՄԻԱՎ-ը։ Նման հիվանդներին նրանք ընդունել ու բուժել են։ Պատասխանելով «արդյո՞ք դա վտանգավոր չէ» հարցին բժիշկը նշեց, որ բժիշկների համար վտանգ միշտ կա։ Եւ ոչ միայն բժիշկների՝ չէ՞ որ օդաչուների համար վտանգավոր է թռչելը։ «Դա մեր աշխատանքն է, մենք պարտավոր ենք ծառայել։ Այդ մարդիկ ապրում են»,-ասաց նա։

Գեւորգ Ոսկանյանը ոգեշնչված է նաեւ Աստծու նկատմամբ այդ մարդկանց հավատքով։ Նրա խոսքով՝ այդ մարդկանց համար եկեղեցի յուրաքանչյուր այցելություն իսկական տոն է։ Նրանք մեկ երեկոյան հագուստ ունեն, եւ դա հագնում են եկեղեցի գնալիս։ Եկեղեցում երգում են ու սրտանց ուրախանում։ Նա կարծում է, որ նման հավատքի շնորհիվ Նուբա լեռների բնակիչները դրական փոփոխություններ կտեսնեն։

Հիշեցնենք, որ երեք հայ բժիշկներ՝ վիրաբույժներ Հայկ Հովհաննիսյանն ու Գեւորգ Ոսկանյանը եւ գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը 2017 թվականի մայիսի 9-ից Սուդանի Նուբա լեռներում փոխարինում էին Թոմ Քաթինային, մինչ նա Երեւանում մասնակցում էր «Ավրորա»-ի միջոցառումներին: Մայիսի 28-ին նա մրցանակաբաշխության այս տարվա հաղթող հայտարարվեց: Հայ բժիշկները Երեւան են վերադարձել հունիսի 10-ին:

Լուսանկարները տրամադրել է IDeA հիմնադրամը

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook