Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ

Ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ (լատ pancreatitis, հունարեն πάγκρεας ենթաստամոքսային գեղձ + -itis բորբոքում), վիճակ, որը բնութագրվում է ենթաստամոքսային գեղձի բորբոքմամբ։ Ենթաստամոքսային գեղձը մեծ օրգան է, որը գտնվում է ստամոքսի հետևում և արտադրում է մարսողական ֆերմենտներ, ինչպես նաև մի շարք հորմոններ։ Գոյություն ունի ենթաստամոքսային գեղձի բորբոքման հիմնական երկու տիպ՝ սուր պանկրեատիտ և խրոնիկական պանկրեատիտ։

Պանկրեատիտի ամենատարածված ախտանիշներից է համարվում որովայնի վերին հատվածի սաստիկ ցավը կամ ձախ վերին քառակուսու այրող բնույթի ցավը, որը ճառագայթում է դեպի մեջք, սրտխառնոցը և փսխումը, որն ավելի է վատանում ուտելու հետևանքով։ Ֆիզիկալ զննման արդյունքները կարող են կախված լինել ներքին արյունահոսության առկայությունից կամ ծանրության աստիճանից։

Արյան ճնշումը կարող է բարձրացած լինել ցավի պատճառով, կարող է նաև իջած լինել՝ օրգանիզմի ընդհանուր դեհիդրատացիայի (ջրազրկում) կամ արյունահոսության հետևանքով։ Սրտի կծկումների և շնչառական շարժումների թիվը սովորաբար բարձրացած է լինում։ Որովայնը շոշափելիս սովորաբար ցավոտ է, սակայն այդ ցավը շատ ավելի մեղմ է, քան պանկրեատիտի դեպքում առկա ցավը։ Ինչպես շատ հաճախ լինում է որովայնի խոռոչում առկա ախտահարումների դեպքում, այս դեպքում նույնպես աղիքային ձայները կարող են նվազած լինել աղիների ռեֆլեքսային պարալիզի հետևանքով։

Կարող է դիտվել նաև դեղնուկ և տենդ։ Խրոնիկական պանկրեատիտը կարող է նպաստել շաքարային դիաբետի կամ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացմանը։ Չհիմնավորված քաշի կորուստը պայմանավորված է մարսողական ֆերմենտների անբավարարության հետևանքով խախտված մարսողական գործընթացներով։

Վաղ բարդությունները ներառում են շոկը, ինֆեկցումը, համակարգային բորբոքային պատասխանի զարգացումը, արյան մեջ կալցիումի ցածր քանակությունը, արյան մեջ գլյուկոզի բարձր քանակությունը և դեհիդրատացիան (ջրազրկում)։ Արյան կորուստը, դեհիդրատացիան և հեղուկի կուտակումը որովայնի խոռոչում (ասցիտ) կարող են առաջացնել երիկամային անբավարարություն։ Շնչառական համակարգում առկա բարդությունները սովորաբար ավելի ծանր են ընթանում։ Հաճախ կարող է դիտվել հեղուկի կուտակում թոքամզի (պլևրա) խոռոչում։ Մակերեսային (ոչ խորը) շնչառությունը բերում է թոքի կոլապսի։ Պանկրեասի ֆերմենտները կարող են ախտահարել թոքերը՝ առաջացնելով բորբոքում։ Ծանր բորբոքումը կարող է նպաստել ներորովայնային հիպերտենզիայի և որովայնի կոմպարտմենտ համախտանիշի զարգացմանը։ Երիկամների և շնչառական համակարգի շարունակական ախտահարման պարագայում կարիք է լինում բացել որովայնը՝ ճնշումը նվազեցնելու նպատակով։

Ուշ բարդությունները ներառում են կրկնվող պանկրեատիտը և պանկրեատիկ պսևդոցիստերի (կեղծ կիստա) զարգացումը՝ պանկրեատիկ արտազատուկների կուտակում՝ պատված սպիական հյուսվածքով։ Սա կարող է նպաստել ցավի առաջացմանը, ինֆեկցվել, պատռվել և արյունահոսել, խցանել լեղապարկային ծորանը՝ բերելով դեղնուկի կամ տարածվել ամբողջ որովայնով։ Սուր նեկրոտիկ պանկրեատիտը կարող է առաջացնել պանկրեասի աբսցես (թարախակույտ)՝ թարախի կուտակում, որն առաջացել է նեկրոզի, հեղուկի կուտակման և ինֆեկցման հետևանքով։ Սա պատահում է դեպքերի մետ 3%-ի շրջանում կամ 60% դեպքերում, եթե առկա է երկու պսևդոցիստ և գազ պանկրեասում։

Պանկրիտիտի համար տարբերակիչ ախտորոշումը ներառում է, բայց չի սահմանափակվում խոլեցիստիտով, խոլեդոխոլիթիազով, պերֆորացված պեպտիկ խոցով, աղիքային ինֆարկտով, փոքր աղիքային անանցանելիությամբ, հեպատիտով և մշտական մեզենտերիալ իշեմիայով:

Ախտորոշման համար անհրաժեշտ են այս 3 չափանիշներից 2-ի առկայությունը․

  • Ցավի բնորոշ սուր սկիզբը էպիգաստրալ շրջանում կամ անորոշ որովայնային ցավը, որը ճառագայթում է դեպի մեջքը
  • Արյան շիճուկում ամիլազի կամ լիպազի քանակությունը նորմայից բարձր է շուրջ 3 անգամ
  • Համակարգչային, մագնիսառեզոնանասային շերտագրության և որովայնի գերձայնային և էնդոսկոպիկ գերձայնային հետազոտությամբ բնորոշ պատկեր նույնպես կարող է նպաստել ախտորոշելուն։

Վիզուալիզացիայի նպատակով կիրառվում է գերձայնային հետազոտությունը, որը համարվում է ամենահարմար, ոչ ինվազիվ, պարզ և ոչ թանկ հետազոտությունը։ Այն ավելի զգայուն և սպեցիֆիկ է պանկրեատիտների այն տեսակների դեպքում, որոնց առաջացումը պայմանավորված է եղել լեղային քարերով։

Կոնտրաստով համակարգչային շերտագրությունը (ՀՇ) սովորաբար կարող է կիրառվել որովայնի ցավի առաջացումից մոտ 48 ժամ հետո, որպեսզի գնահատվի պանկրեասի նեկրոզը և արտապանկրեատիկ հեղուկը, ինչպես նաև հիվանդության ծանրության աստիճանը։ ՀՇ-ի ավելի վաղ կիրառումը կարող է կեղծ պատկերի առաջացման պատճառ դառնալ։

Էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիան կամ էնդոսկոպիկ գերձայնային հետազոտությունը կարող են օգնել լեղապարկային ծագման պանկրեատիտի ախտորոշմանը, եթե առկա են կասկածներ։

Պանկրեատիտի բուժումը համարվում է պահպանողական և կախված է հիվանդության ծանրության աստիճանից։ Մորֆինը, հիմնականում, հարմար է ցավի ղեկավարման տեսանկյունից։ Չկան կլինիկական հետազոտություններ այն մասին, որ մորֆինի օգտագործումը կարող է սրել կամ առաջացնել պանկրեատիտ կամ խոլեցիստիտ։

Սուր պանկրեատիտի բուժումը կախված կլինի նրանից, թե արդյոք ախտորոշված է պանկրեատիտի մեղմ ձևը, որը չի առաջացնում բարդություններ կամ ծանր ձևը, ինչը կարող է լուրջ բարդություններ առաջացնել:

Մեղմ սուր պանկրեատիտ

Մեղմ սուր պանկրեատիտի բուժումը հաջողությամբ իրականացվում է ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցներում: Ավանդաբար, մարդկանց թույլ չի տրվում ուտել, մինչև որ բորբոքումը կլուծվի, բայց վերջերս ապացուցվել է, որ վաղ կերակրումը ապահով և բարելավում է արդյունքները: Քանի որ պանկրիտիտը կարող է առաջացնել թոքերի ախտահարումներ և ազդել նորմալ թոքերի գործառույթների վրա, թթվածինը երբեմն կիրառվում է շնչառական խողովակներով, որոնք միացված են քթի միջոցով: Խողովակները կարող են հեռացվել մի քանի օր անց, երբ ակնհայտ է, որ վիճակը բարելավվում է: Ջրազրկում կարող է առաջանալ սուր պանկրեատի դրվագի ժամանակ, ուստի հեղուկները պետք է տրվեն ներերակային: Օփիոիդները կարող են օգտագործվել ցավի մեղմացման համար: Վաղ կերակրումը չի առաջացնում խնդիրներ և կարող է հանգեցնել հիվանդանոցից շուտ դուրս գրվելու հնարավորությանը:

Ծանր սուր պանկրեատիտ

Ծանր սուր պանկրեատիտը կարող է առաջացնել օրգանային անբավարարություն, նեկրոզ, պսևդոցիստեր և աբսցես։ Եթե ծանր սուր պանկրեատիտ է ախտորոշվել, մարդիկ պետք է ընդունվեն ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ակնհայտ է, որ մարմնի մեջ առկա հեղուկների մակարդակը զգալիորեն կնվազի, քանի որ այն տարանջատում է մարմնի հեղուկներն ու սնուցիչները` ենթաստամոքսային գեղձի վերականգնման ժամանակ: Հեղուկի մակարդակի անկումը կարող է հանգեցնել մարմնի ներսում արյան ծավալի կրճատմանը, որը հայտնի է հիպովոլեմիկ շոկ անվամբ:

Հիպովոլեմիկ շոկը կարող է կյանքին սպառնացող լինել, քանի որ այն կարող է շատ արագ թթվածնի նվազման պատճառ դառնալ,իսկ դա խիստ անհրաժեշտ է գոյատևման համար: Հիպովոլեմիկ շոկից խուսափելու համար հեղուկները ներմուծվում են ներերակային ճանապարհով: Թթվածին մատակարարվելու է քթին կցված խողովակներով և օդափոխության սարքավորումները կարող են օգտագործվել շնչելու նպատակով: Սնուցող խողովակները կարող են օգտագործվել սննդային միջոցներ ապահովելու համար` համապատասխան ցավազրկման զուգորդմամբ:

Մեղմ սուր պանկրեատիտի դեպքում հարկավոր է բուժել հիմքում ընկած պատճառահետևանքները՝ լեղապարկային քարերը, դադարեցնել դեղորայքի կիրառումը, ալկոհոլի օգտագործումը և այլն: Եթե պատճառը լեղապարկային քարերն են, ապա հավանական է, որ այն կվերացվի էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիայի ընթացքում կամ կիրականացվի լեղապարկի հեռացումը: Լեղապարկը պետք է հեռացվի հիվանդանոցային պայմաններում կամ երկու շաբաթվա ընթացքում պանկրիտիտի առաջացման ժամանակ, որպեսզի սահմանափակվի կրկնվող պանկրեատի ռիսկը:

Եթե պանկրեատիտի առաջացման պատճառը ալկոհոլն է, ալկոհոլի օգտագործման դադարեցումը և ալկոհոլային կախվածության բուժումը կարող է բարելավել հիվանդի վիճակը։ Եթե անգամ պանկրեատիտի առաջացման հիմքում ալկոհոլի օգտագործումը չէ, այնուամենայնիվ բժիշկները խորհուրդ են տալիս զերծ մնալ դրա օգտագործումից 6 ամսվա ընթացքում, քանի որ այն կարող է հետագա վերականգնողական շրջանում վնասել պանկրեասը։

Սննդի բերանացի ընդունումը, հատկապես ճարպերի, սկզբնական շրջանում հակացուցված է, թեև ցույց է տրվել, որ 48 ժամվա ընթացքում էնտերալ սնուցման անցումը կարող է բարելավել կլինիկական արդյունքները։ Հեղուկները և էլեկտրոլիտները տրվում են ներերակային։ Սննդանյութերը տրվում են խողովակային սնուցման միջոցով, որպեսզի շրջանցվի ստամոքսաղիքային համակարգը և հնարավոր լինի խուսափել մարսողական ֆերմենտների վնասող ազդեցությունից, եթե բուժման առաջին 72-96 ժամվա ընթաքում չկա որևէ առաջընթաց։

Աղբյուրը`/hy.wikipedia.org/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook