Friday, March 29, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Երեխայի բերանի տհաճ հոտ. ինչպե՞ս խուսափել

Բերանի տհաճ հոտը երեխաների մոտ հաճախ հանդիպող երևույթ է: Եվ նույնիսկ ատամերը կամ բերանի խոռոչը մաքրելուց հետո այն չի դադարում: Ինչի՞ց կարող է առաջանալ բերանի տհաճ հոտը և ինչպե՞ս խուսափել. պարզաբանում է մանկաբույժ Մարի Դարակչյանը:

Մանկաբույժի խոսքով՝ բերանի վատ հոտը մի քանի պատճառ կարող է ունենալ:

Ստորև ներկայացնենք դրանք առանձին-առանձին։

  1. Բերանով շնչել:  Պարտադիր չէ, որ տհաճ հոտն առաջանա օրգանիզմում ինչ-որ խնդրի պատճառով: Այն հանդիպում է նաև առողջ երեխաների մոտ: Դրա պատճառ կարող է լինել բերանի չորությունը: Սա լինում է այն երեխաների մոտ, ովքեր հիմնականում շնչում են բերանով և ունեն քթի փակվածություն կամ քթով շնչելու դժվարություն: Բերանով շնչելու ընթացքում շրջակա միջավայրից բերանում են հայտնվում բակտերերիաներ, որոնք էլ այնտեղ  ստեղծում են հարմար միջավայր հոտի զարգացման համար:
  2. Շնչուղիներում օտար մարմնի առկայություն։ Երբ երեխայի վերին շնչուղիներում (քթի կամ քթանցքի մեջ) oտար մարմին  է հայտնվում, առաջացնում է բերանի վատ հոտ: Հնարավոր է, որ մայրիկը չի նկատել, որ աննշան մեծության որևէ օտար մարմին է հայտնվել երեխայի քթի մեջ։ Պետք է շատ ուշադիր լինել և պարբերաբար ստուգել երեխայի քիթը:
  3. Ոչ բավարար հիգիենա։ Բերանի հիգիենայի կանոններին չհետևելը ևս բերանի տհաճ հոտի պատճառ է։ Ինչպես հայտնի է, բերանի խոռոչում կան շատ բակտերիաներ, սննդի մասնիկներ, որոնք մնում են ատամների, լնդերի, լեզվի վրա, երբեմն նաև՝ նշիկների մակերեսին, ինչպես նաև ըմպանում: Երբ սննդի այդ մասնիկները երկար են մնում բերանում, առաջացնում են վատ հոտ:
  4. Ատամների խնամք։ Սա հանդիպում է ավելի մեծ տարիքի երեխաների մոտ, որոնք արդեն ատամներ ունեն։ Ատամների վատ հոտի պատճառ են կարիեսը, ատամնափառը: Ատամնաքարերը ևս կարող են վնասել ատամները և առաջացնել վատ հոտ:
  5. Սնունդ։ Բերանի վատ հոտը երբեմն առաջանում է որոշակի սննդատեսակների հետևանքով, այսինքն՝ այն ճաշատեսակների, որոնք պարունակում են սխտոր, սոխ:
  6. Նշիկների բորբոքումՏհաճ հոտի պատճառ կարող են լինել նաև  սինուսների, այսինքն՝ նշիկների  բորբոքումը,  սեզոնային ալերգիաները։
  7. Այն երեխաները, որոնք ունեն գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսային հիվանդություն, այսինքն՝ ստամոքսի խնդիր, կարող են ունենալ բերանի տհաճ հոտ։ Պատճառն այն է, որ երեխայի մոտ տեղի է ունենում ստամոքսահյութի  և ստամոքսի պարունակության արտանետում դեպի կերակրափող:

 Ի՞նչ անել

Վատ հոտի դեմ պայքարելու համար պետք է ապահովել բերանի խոռոչի ճիշտ խնամք: Հարկավոր է մաքրել երեխայի ատամները, զգուշորեն՝ նաև լեզուն ամեն կերակրումից հետո և քնելուց առաջ:

Փոքր տարիքում՝ մինչև երկու տարեկանը, անհրաժեշտ է օգտագործել ոսպի հատիկի չափ մանկական ատամի մածուկ: Իսկ արդեն ավելի մեծ տարիքում, օրինակ՝ հինգ տարեկանում, կարելի է օգտագործել լոբու հատիկի չափ ատամի մածուկ: Նախընտրելի է օրվա մեջ ատամները լվանալ երկու անգամ:

Նաև շատ կարևոր է, որ երեխան կանոնավոր հաճախի ատամնաբույժի մոտ, որը կհետևի երեխայի բերանի խոռոչի և ատամների առողջությանը:

Եթե բոլոր այս միջոցառումներից հետո բերանի վատ հոտը շարունակվում է, հարկավոր է դիմել ատամնաբույժի, որը կօգնի կանխարգելել բոլոր այն հնարավոր բարդությունները, որոնք առիթ են դառնում բերանի վատ հոտի համար:

Պետք է նաև հետևողական լինել, որպեսզի երեխան հաճախակի լվանա ձեռքերը, քանի որ հատկապես փոքր տարիքի երեխաները հաճախ են մատը բերանը տանում, իսկ եթե երեխան օգտագործում է նաև ծծակ, հարկավոր է այն ստերիլ պահել։

Բերանի խոռոչի համար նախատեսված հեղուկները երեխաներին հակացուցված են. փոքրիկը կարող է այն կուլ տալ, ինչպես նաև այն խնդրին միմիայն ժամանակավոր լուծում է տալիս։

Եվ հիշե՛ք, սիրելի՛ ծնողներ, ամենակարևորն այն է, որ երեխան չբարդույթավորվի բերանի տհաճ հոտից։ Խնդրին անհրաժետ է մոտենալ նրբանկատորեն՝ հետևելով մասնագիտական խորհուրդներին։

Նյութը՝ impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook