Friday, April 19, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Երեխաների շրջանում հանդիպող հինգ ախտանշան, որոնք հուշում են կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվելու մասին

Մեծ Բրիտանիայում այժմ մոլեգնում է կորոնավիրուսի նոր մուտացված շտամը, որի վարակելայնությունը շատ ավելի բարձր է և հիվանդությունը 70 տոկոսով ավելի արագ է տարածվում։ Հիվանդության նոր ալիքի բարձրացումից ու համաճարակաբանական իրավիճակի վատթարացումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խստորեն հետևել սահմանափակումներին ու անձնական հիգիենայի կանոններին, ինչպես նաև սովորել ժամանակին նկատել հիվանդության մասին հուշող ախտանշենները ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ։

Ինչպես գրում է բրիտանական Express պարբերականը, մեծահասակների շրջանում COVID-19-ի հիմնական ախտանշանները շատերին են հայտնի, մինչդեռ երեխաների դեպքում պատկերը կարող է տարբերվել, ինչն էլ թույլ չի տա ժամանակին ախտորոշել հիվանդությունն ու միջոցներ ձեռնարկել՝ հանգեցնելով վիրուսի հետագա տարածման։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են երեխաների շրջանում հանդիպող հինգ ամենատարածված ախտանշանները, որոնք հուշում են կորոնավիրուսի նոր շտամով վարակվելու մասին։

Հոգնածություն

ZOE Symptom Tracker հավելվածի տվյալների համաձայն՝ երեխաների մոտ կորոնավիրուսային վարակի մասին հուշող հիմնական ախտանշաններից մեկը հոգնածության զգացումն է, որը նկատվում է հիվանդ երեխաների 55 տոկոսի մոտ՝ բացասաբար անդրադառնալով նրանց ակտիվության ու շփվելու ցանկության վրա։ Շատ փոքր տարիքի երեխաների մոտ կարող են նկատվել նաև հիստերիայի ու լացի նոպաներ։ Վարակաբան Ռիչարդ Ուոտկինսի խոսքով՝ հոգնածությունն ու տոնուսի անկումը կապված են ցիտոկինների հետ, որոնք իմունային համակարգն արտազատում է վիրուսի հարձակման դեպքում։ Այս նյութերը ստիպում են մարմնին կենտրոնացնել էներգիան ախտածին տարրերի դեմ պայքարի վրա, ինչի հետևանքով էլ հիվանդների մոտ նկատվում է ուժերի ընդհանուր անկում ու հոգնածություն։

Գլխացավ

Կորոնավիրուսի բրիտանական շտամի դեպքում հաճախականությամբ երկրորդ ախտանշանը գլխացավ է, որը հանդիպում է վարակված երեխաների 53 տոկոսի մոտ։ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության կենտրոնները գլխացավերը պաշտոնապես դասել են կորոնավիրուսի՝ երեխաների մոտ հանդիպող ախտանշանների շարքին։ Ընդ որում՝ երեխաների մոտ շատ հաճախ այս ախտանշանն ուղեկցվում է նաև որովայնի ցավերով։

Տենդ

Տենդը կորոնավիրուսի հիմնական ախտանշաններից մեկն է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ։ Այս ախտանշանը հանդիպում է վարակված երեխաների 49 տոկոսի մոտ։ Մասնագետները հիշեցնում են, որ տենդին բնորոշ է դողը, որն ի հատ է գալիս մարմնի ջերմաստիճանի բարձրացման ֆոնին։ Սա վկայում է այն մասին, որ մարդու իմունային համակարգը փորձում է պայքարել վարակի դեմ։ Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել երեխաների մոտ 37°C-ից բարձր ջերմաստիճանին։

Կոկորդի ցավ

Քովիդի բրիտանական շտամը երեխաների 38 տոկոսի մոտ դրսևորվում է նաև կոկորդի ցավով։ Ընդ որում՝ այս դեպքում կոկորդի ցավն ընդհանրական տերմին է, որով բնութագրվում են կոկորդի հետ կապված բոլոր տհաճ ու ցավոտ զգացողությունները։

Ախորժակի կորուստ

Կորոնավիրուսի մուտացված շտամով վարակված երեխաների մինչև 35 տոկոսի մոտ նկատվում է նաև ախորժակի վատթարացում, իսկ որևէ բան ուտելու փորձերը կարող են հանգեցնել սրտխառնոցի ու փսխման։ Ընդ որում՝ այս ախտանշանը հատկապես հաճախ է նկատվում ամենափոքր բուժառուների շրջանում։

Նյութը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook