Friday, March 29, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Երեւանում կայացել է հայկական գինիների կույր համտես-մրցույթ

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համատեղ, դեկտեմբերի 17-ին կազմակերպել է հայկական գինիների կույր համտես-մրցույթ:

Մրցույթին մասնակցել են 34 հայկական գինեգործական ընկերություններ, որոնք ներկայացրել են իրենց գինու 134 տեսակներ:
Մրցույթն անցկացնում են մասնակից ընկերությունների ներկայացուցիչները, որոնց աշխատանքը համակարգել է 5 անկախ փորձագետ։ Փորձագետների ընտրությունը կատարվել է հաշվի առնելով գինու զգայորոշման ոլորտում իրենց երկարամյա փորձը եւ որակավորումները։

Մրցույթի նպատակն է մշակել հայկական գինիների որակի ստուգման մեխանիզմներ, որոնց գործարկումը հնարավորություն կտա սահմանել որակական նոր չափանիշներ հայկական արտադրության բարձրորակ գինիների համար, իսկ որակի հաստատված չափորոշիչներին համապատասխան գինիները միջազգային ասպարեզում ներկայացնել նոր՝ «Հայաստանի գինիներ» հովանոցային ապրանքանիշի ներքո եւ դարձնել երկրի հարուստ գինեգործական ժառանգության եւ մշակույթի այցեքարտը։

«Այս համտեսը հերթական մեդալների պարգեւատրման մրցույթ չէ։ Այն, ըստ էության, կազմակերպվում է արտադրողների կողմից՝ արտադրողների համար, քանի որ մրցույթի մասնակից բոլոր ընկերությունների մեկական ներկայացուցիչ ներգրավված է գնահատող հանձնաժողովի կազմում։ Այսպիսով մենք ապահովում ենք մրցույթի թափանցիկ եւ անաչառ արդյունքները: Համտեսի ավարտին, գինու նմուշների խիստ օբյեկտիվ զգայորոշման եւ գնահատման արդյունքում, որակի չափորոշիչներին համապատասխան գինիները կստանան ապրանքապիտակին փակցնելու «Հայաստանի գինիներ» մակնշումը»,- նշել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Գինու կույր համտես-մրցույթի կազմակերպման շրջանակում իրականացվում է նաեւ «Հայաստանի գինիներ» ասոցիացիայի հիմնադրման գործընթացը, որը որպես կառույց հետագայում պատասխանատու կլինի գինու համտես-մրցույթների կազմակերպման եւ իրականացման համար:

«Ասոցիացիայի անդամ կարող են հանդիսանալ բոլոր գինեգործական ընկերությունները, որոնք կմասնակցեն Ասոցիացիայի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին, սակայն «Հայաստանի գինիներ» մակնշմանը կարժանանան միայն գինու կույր համտես-մրցույթի արդյունքում որակի անհրաժեշտ շեմն ապահոված գինիները»,- ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook