Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Երիկամի և միզածորանի քարերի ախտորոշման,կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները

Միզաքարային հիվանդությունը ըստ ուրոլոգիական հիվանդությունների տարածվածության` գրավում է 3-րդ տեղը:

Միզաքարային հիվանդություների  առաջացման պատճառների  ախտորոշման, կանխարգելման  և բուժման մոտեցումների մասին  aroxjblog.am-ի հետ  զրուցում  ներկայացրել է  <<Շենգավիթ>> բժշկական կենտրոնի  ուրոլոգ-վիրաբույժ, անդրոլոգ  Դավիթ Աշոտի Սարգսյանը:

Միզաքարային հիվանդության առաջացման պատճառները մինչ այժմ պարզված չեն:

Հարցեր են առաջանում

  • ինչու  մանր քարերը ինքնուրույն դուրս չեն գալիս,
  • ինչու   մի դեպքում առաջանում է մեկ մեծ քար, իսկ մյուս դեպքում`  բազմաթիվ մանր քարեր:

Քարերը կլինիկորեն հիմնականում արտահայտվում են՝

  •  ցավերով, որոնց   բնույթը պայմանավորված է քարի տեղակայմամբ: Ցավը լինում է նոպայաձև (երիկամային խիթ) կամ մշտական: Ցավի ուժգնությունը և տեղակայումը պայմանավորված է քարի չափսերով, դրա տեղակայմամբ, խցանման աստիճանով,
  •  Արյունամիզությունով,
  •  Սրտխառնոցով,
  •  Փսխումով,
  •  Ջերմության բարձրացումով (ոչ բոլոր դեպքերում)

Kidney stones after ESWL intervention. Lithotripsy. Macro shot

Վերջին տասնամյակում կատարելագործվել է միզաքարային հիվանդության ախտորոշման և բուժման մոտեցումները:

Որովայնի ռենտգեն հետազոտությունը և ՈՒՁՀ (սոնոգրաֆիա)-ն, կարող են տալ բավականին մեծ ինֆորմացիա՝ քարերի չափսերի, դրանց տեղակայման, խցանման աստիճանի մասին: Այս երկու հետազոտություններից հետո կարելի է որոշել հետագա բուժման տակտիկան: Սրանք հանդիսանում են բավականին մատչելի ախտորոշման մեթոդներ: Երբեմն անհարաժեշտ է լինում կատարել համակարգչային շերտագրում (CT), որը միզաքարային հիվանդության ախտորոշման լավագույն մեթոդն է:

Կախված  քարի  չափսից, ձևից և տեղակայումից միզաքարերի մեծ մասը կարող է դուրս  գալ ինքնուրույն․

  • 4-5 մմ տրամագծով միզաքարերը ինքնուրույն թափվում են 40-50% դեպքերում,
  • 6մմ-ից մեծ քարերը` մինչև 5% դեպքերում,
  • Եթե քարը ինքնուրույն դուրս չի գալիս և պահպանողական բուժումը արդյունք չի տալիս, ցուցված են հեռահար քարափշրում կամ վիրահատական միջամտություններ:

Բուժման մեթոդներն են

Հեռահար քարափշրում (ոչ վիրահատական մեթոդ)

Միզածորանների  և երիկամների քարերի դեպքում անց է կացվում հեռահար քարափշրում: Հեռահար քարափշրումը  արդյունավետ է մինչև 2.0-2.5սմ քարերի դեպքում: Ֆրագմենտների ինքնուրույն դուրս գալը տեղի է ունենում հեռահար քարափշրումից հետո`  1-10 օրվա ընթացքում: Քարափշրումը տևում է մոտ 20 րոպե, հիվանդը քարափշրումից հետո գնում է տուն:

Վիրաբուժական (էնդոսկոպիկ)

-ՈՒՌՍ – կոնտակտային քարափշրում (լազերային) հատկապես արդյունավետ է միզածորանի բարդացած քարի դեպքում: ՈՒՌՍ-ի արդյունավետությունը 66-100% է և պայմանավորված է քարերի քանակով, չափսերով և տեղակայմամբ: Այն կատարվում է բնական անցքով՝ միզուկով, միզապարկի միջով մտնելով միզածորան, առանց կտրվածքների:

-Պերկուտան (միջմաշկային) քարափշրում լավագույն մեթոդն է`  երիկամների և միզածորանների վերին երրորդականի 2.5 սմ-ից մեծ քարերի դեպքերում: Միջմաշկային քարափշրումը կատարվում է գոտկային շրջանում երիկամ ներթափանցելով: Մաշկից մինչև երիկամ ձևավորվում է խողովակ, որի միջով անցնում է վիրաբուժական գործիքը:

Առավելությունն այն է, որ նույնիսկ շատ մեծ երիկամային քարերը կարող են կոտրվել և միաժամանակ հեռացվել վիրահատական մեկ գործողության ընթացքում՝ հիվանդին ազատելով բավականին մեծ քարերից:

Կանխարգելումը

Առանց կանխարգելման 5 տարվա ընթացքում միզաքարեր կրկին հայտնաբերվում են մոտ 50 տոկոս հիվանդների շրջանում: Հիվանդներին խորհրդատվությունը և հիվանդության կանխարգելումը անհրաժեշտ է սկսել քարի ինքնուրույն, քարափշրումից կամ վիրաբուժական եղանակով հեռացումից անմիջապես հետո: Հնարավորինս վաղ պետք է հայտնաբերել և կանխել միզաքարերի առաջացման վտանգի գործոնները: Անկախ մեզի, արյան կենսաքիմիական և քարերի քիմիական հետազոտման արդյունքներից, խորհուրդ է տրվում ավելացնել օգտագործվող հեղուկների քանակը օրական մինչև 2 լիտր և հետևել հատուկ մշակված սննդակարգին:

Խորհրդատվության համար դիմեք՝
<<Շենգավիթ>> բժշկական կենտրոն
Ուրոլոգ-վիրաբույժ, անդրոլոգ Դավիթ Աշոտի Սարգսյան
Հեռ՝ +374 95 900 985

Leave a Reply

x Close

Like Us On Facebook