Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններSEO

Էպիդուրալ անզգայացումը ծննդաբերության ժամանակ

Ծննդաբերության ցավերի մասին պատմությունները մայրանալ պատրաստվող շատ կանանց մոտ վախ են առաջացնում: Այդ է պատճառը, որ հղիների մեծ մասն ընտրում է անցավ ծննդաբերության տարբերակը, որը հնարավոր է դառնում էպիդուրալ անզգայացման արդյունքում:

Doctors.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Բեգլարյան» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դասախոս Անուշ Ավանեսյանի հետ, որը պատասխանել է էպիդուրալ անզգայացման վերաբերյալ ամենից հաճախ հնչող հարցերին:

Ի՞նչ է էպիդուրալ անզգայացումը:

Էպիդուրալ կամ պերիդուրալ անզգայացումը ռեգիոնար անզգայացման մի տեսակ է, որի ժամանակ անէսթետիկը ներարկվում է էպիդուրալ տարածություն (ցավազրկվում է գոտկային շրջանից ներքեւ): Անզգայացման պայմաններում նյարդային ազդակները չեն հաղորդվում ողնուղեղին: Կնոջ գիտակցությունը տեղն է, բայց նա ցավ չի զգում, այլ միայն որոշակի ճնշումներ:

Էպիդուրալ տարածքում կատետրը մնում է, եւ դեղը կոտորակային տարբերակով անընդհատ ներարկվում է՝ կախված ծննդկանի պահվածքից, ցավի ուժգնությունից:

Իդեալական տարբերակ է, երբ ցավազրկում ենք ծննդաբերության առաջին շրջանը: Սա ամենացավոտ, երկար շրջանն է, որի տեւողությունն անզգայացման արդյունքում կրճատվում է, եւ արգանդի պարանոցի բացումը եւ հարթեցումը ավելի մեղմ ու սահուն է կատարվում: Իհարկե, լինում են դեպքեր, երբ կարիք է լինում անզգայացում կատարել նաեւ ծննդաբերության երկրորդ շրջանում՝ պայմանավորված կնոջ մոտ սիրտ-անոթային հիվանդությունների առկայությամբ, տեսողության խնդիրներով, երբ ճիգեր գործադրել չի կարելի: Պարզապես այս դեպքում երկրորդ շրջանը մի փոքր երկարում է:

Էպիդուրալ անզգայացում կատարվում է նաեւ կեսարյան հատումների ժամանակ, երբ, օրինակ, կինն արդեն անզգայացվել է, սակայն կեսարյան հատման ցուցում է առաջացել ծննդաբերության ժամանակ: Այդ դեպքում միայն դեղաչափն ենք ավելացնում:

Ի՞նչ հակացուցումներ ունի էպիդուրալ անզգայացումը:

Հակացուցումները հետեւյալն են.

Եթե կան սեպտիկ, ինֆեկցիոն հիվանդություններ, նյարդային համակարգի հիվանդություններ, ողնաշարի անատոմիական շեղումներ, եթե պունկցիայի  հատվածում բորբոքային պրոցեսներ կան (օրինակ՝ ողնաշարի տուբերկուլյոզ), եթե կինը հիպոտոնիկ է, եթե կան կոագուլոպաթիաներ, եւ եթե թրոմբոցիտների քանակը ցածր է:

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ էպիդուրալ անզգայացման արդյունքում:

Անզգայացման այս տեսակն ունի բարդությունների մինիմալ տոկոս ինչպես մոր կողմից, այնպես էլ՝ պտղի: Գրականության մեջ նշված է, որ 25-30 հազար դեպքում մեկ բարդություն կարող է լինել: Սակայն բարդությունները հիմնականում ցավային սինդրոմներ են՝ գլխացավեր, ողնաշարի ցավ, էպիդուրալ տարածության հեմատոմա, սեպտիկ բնույթի բարդություններ (եթե խախտվում են ասեպտիկայի եւ անտիսեպտիկայի կանոնները):Կարող է առաջանալ նաեւ ճնշման անկում՝ հիպոտոնիա, սրտխառնոց, փսխումներ ընթացքում, մաշկային քոր: Բարդություններից է նաեւ դեղի տոկսիկ ազդեցությունը եւ ալերգիկ ռեակցիաները: Իսկ պտղի կողմից կարող են դրսեւորվել հիպոքսիայի նշաններ:

Հայուհիները հաճա՞խ են դիմում էպիդուրալ անզգայացման:

Այո, որովհետեւ ինֆորմացիան շատ է եւ արագ տարածվում է, բայց կարեւոր է, որպեսզի կինը ոչ թե հիմնվի իր շրջապատի խորհուրդների եւ կողմնակի ինֆորմացիայի աղբյուրների վրա, այլ հետեւի բժշկի ցուցումներին:

Ծննդաբերությունը բնական պրոցես է, եւ եթե կնոջը 9 ամսվա ընթացքում կարողանում են ճիշտ նախապատրաստել, ծննդաբերության ցավերն անտանելի չեն լինում: Իհարկե, լինում են դեպքեր, երբ ցավերն իսկապես անտանելի են կամ կինը պատրաստ չէ ծննդաբերության, կամ առաջանում են ծննդաբերական գործունեության անոմալիաներ (օրինակ՝ դիսկորդիանցիա): Այս բոլոր դեպքերում ցուցվում է էպիդուրալ անզգայացում:

Աղբյուրը՝  Doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook