Thursday, April 25, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչո՞ւ Ենք Մենք Առարկաների Մեջ Դեմքեր Տեսնում

Ամպի, ծառի կոճղի, տարբեր բույսերի կամ առարկաների մեջ դեմք տեսնելու կարողությունը մեր ուղեղի ամենավաղ ձևավորված հատկություններից է: Ընդ որում, մեր նախնիների համար կարևոր էր ոչ միայն դեմք տեսնել, թեկուզև մտացածին, այլ նաև արագորեն հասկանալ՝ ընկեր է, թե՞ թշնամի: Այս երևույթը գիտականորեն կոչվում է պարեյդոլիա (Pareidolia)։

Պարեյդոլիան տեսողական պատրանք է, որի արդյունքում մարդիկ դեմքեր, մարդկային կերպարներ և կենդանիներ են տեսնում այնտեղ, որտեղ դրանք չկան՝ առարկաներում, ամպերում, աստղային երկնքում, պաստառների մեջ և այլն: Պարեյդոլիայի ամենահայտնի օրինակներից մեկը Մարսի հայտնի «դեմքն» է:

Սիդնեյի համալսարանի (Ավստրալիա) գիտնականներն ուսումնասիրել են այս երևույթի էվոլյուցիոն արմատները և բացատրել, թե ինչու են մարդիկ դեմքեր տեսնում այնտեղ, որտեղ դրանք չկան: Նրանք եկան այն եզրակացության, որ պարեյդոլիան մարդու ուղեղի մեջ վաղուց ձևավորված գոյատևման մեխանիզմների մի մասն է, որը դեռևս վաղնջական ժամանակներից օգնել է մեզ արագորեն պարզել՝ մեր առջև թշնամի է կանգնած, թե ընկեր, անկախ նրանից այդ պատկերն իրական է, թե ոչ:

Ուսումնասիրությունը պարզել է, որ թվացյալ դեմքը հենց դրոշմվում է ուղեղի մեջ, վերջինս անմիջապես սկսում է վերլուծել դրա արտահայտությունը նույն կերպ, ինչպես դա անում է իրական դեմքերի պարագայում: Ըստ գիտնականների, ուղեղի կողմից թվացյալ պատկերի ֆիքսումը տեղի է ունենում միլիվայրկյանների ընդացքում։

Հետազոտությանը մասնակցած 17 կամավորներից յուրաքանչյուրին համակարգչով ցուցադրել են իրական դեմքերի և դեմք հիշեցնող առարկաների գունավոր լուսանկարներ։ Յուրաքանչյուր նկար ցուցադրվել է շատ արագ (250 միլիվայրկյան), և մասնակիցը ստիպված էր գնահատել դեմքի արտահայտությունը՝ ուրախ էր, թե՞ զայրացած։

Պարզվել է, որ իրական և թվացյալ դեմքերի արտահայտությունների դասակարգման գործընթացները գրեթե նույնական են․ «Մենք պարզեցինք, որ իրականում պարեյդոլիայի այս պատկերները մշակվում են նույն մեխանիզմի միջոցով, որը սովորաբար գործարկվում է, երբ ընկալվում են իրական դեմքի հույզերը»,- գրել են հետազոտության հեղինակները,- «Չգիտես ինչու, մենք ի վիճակի չենք ամբողջությամբ անջատել դեմքերի և հույզերի ընկալումը և դրանց վերաբերել կամ ընկալել որպես առարկա: Մեզ համար դրանք միաժամանակ և՛ դեմքեր են և՛ առարկաներ»։

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ շրջակա միջավայրի օբյեկտներում դեմքեր տեսնելու կարողությունը կապված է այն բանի հետ, որ մարդիկ խորը սոցիալական արարածներ են, և մեզ համար բավական չէ պարզապես տեսնել դեմքը, մեզ համար կարևոր է հասկանալ դրա հուզական վիճակը․ «Մենք պետք է կարդանք դեմքի արտահայտությունը և հասկանանք վերջինիս տրամադրվածությունը՝ ընկեր է, թե՞ թշնամի,  ուրախ է, տխուր, թե՞ բարկացած։

Հոգեպես առողջ մարդիկ, որպես կանոն, նման դեպքերում գիտակցում են, որ գործ ունեն երևակայության խաղի հետ, իսկ հոգեկան խանգարումներ ունեցողները շատ հաճախ պարեյդոլիան ընդունում են որպես իրականություն։

Ըստ գիտնականների, ապագայում նման հետազոտությունները կօգնեն բուժել պրոսոպագնոզիան (Prosopagnosia)` դեմքի ընկալման ճանաչողական խանգարում, որի ընթացքում հիվանդը կորցնում է դեմքերը ճանաչելու կարողությունը:

Ուսումնասիրությունը հրապարակվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի Proceedings (PNAS) ամսագրում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook