Thursday, April 25, 2024
Նորություններ

Ինչպե՞ս են Հայաստանում հայտնվել ցածրորակ մանկական խաղալիքներ ու ինչպե՞ս կարելի է դրանցից պաշտպանել երեխաներին

Խաղալիքների ներմուծման ու արտադրության ոլորտը դեռ վատ է կանոնակարգվում Հայաստանում։ Նույնիսկ եթե խաղալիքները հավաստագիր ունեն, որը վկայում է դրանց անվտանգության մասին, սպառողը չի կարող վստահ լինել, որ այդ խաղալիքն իրոք համապատասխանում է հավաստագրում նշված որակի հատկանիշներին։ Նման տեսակետ է NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում հայտնել «Սպառողների խորհրդատվությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Նույնն են վկայում նաեւ հետազոտության արդյունքները, որը վերջերս են իրականացրել Մեծ Բրիտանիայի Greenpeace գիտական կենտրոնն ու գերմանական Eurofins Consumer Product Testing վերլուծական լաբորատորիան։ Այդ արդյունքները ցույց են տվել, որ Մաքսային միության երկրներից, այդ թվում Հայաստանից գնված խաղալիքներում կան վտանգավոր նյութեր, ընդ որում որոշ դեպքերում այդ նյութերի խտությունը գերազանցում էր եվրոպական նորմերը 200-300 անգամ։

Չիլինգարյանը նշեց, որ եթե հավաստագրեր ունեցող խաղալիքներում գտնում են արգելված քիմիական նյութեր, դա ցույց է տալիս հավաստագրման փուլերից մեկում լուրջ կոռուպցիոն ռիսկերի առկայությունը։ Այսինքն ոչ բոլոր հավաստագրերն են վստահելի։

Մեկ այլ խնդիր է այն, որ Հայաստանում, որքանով Չիլինգարյանը տեղեկացված է, չկան լաբորատորիաներ, որոնք կարող են իրականացնել այնպիսի հետազոտություններ, ինչպիսիք արվում են Եվրոպայի երկրներում ու ԱՄՆ-ում։ Այսպիսով, տեղի լաբորատորիաներում կարող են որոշ դեպքերում չհայտնաբերել խաղալիքի անհամապատասխանությունը որակի պահանջներին։

Ըստ մասնագետի, վատ որոշում չէր լինի միայն այն խաղալիքները ներմուծելը, որոնք Եվրոպայում կամ ԱՄՆ-ում հավաստագրեր են ստացել, սակայն դա կարող է հակասել ԵՏՄ-ի կանոններին։ ԵՏՄ-ի ամբողջ տարածքում իրավիճակը փոխելու համար Հայաստանը գուցե պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, որը կօգներ ավելի արդյունավետորեն կազմակերպել ԵՏՄ տարածքում խաղալիքների ստուգումն ու հավաստագրումը։

Ինչպե՞ս կարող է սպառողը պաշտպանել իրեն ու իր երեխաներին

Չիլինգարյանի խոսքով, քանի դեռ խաղալիքների ներմուծման ու արտադրության ոլորտը չի կանոնակարգվում ինչպես հարկն է, սպառողն ինքը պետք է ուշադիր ու զգոն լինի։ Մասնավորապես չարժե գնել անհայտ արտադրության խաղալիքներ։ Դրանք, իհարկե, ավելի էժան են, քան մասնագիտացված խանութներում վաճառվողները, բայց դրանք կարող են չհամապատասխանել որակի հատկանիշներին ու պարունակել երեխայի համար թունավոր նյութեր։

Մյուս կողմից էլ, այսօր հնարավոր չէ 100 տոկոսով վստահ լինել նույնիսկ մասնագիտացված խանութներից գնված խաղալիքների որակի հարցում։ Բայց համենայն դեպս, այդ դեպքում, ինչպես նշեց Չիլինգարյանը, սպառողը կիմանա, թե խնդիրների դեպքում ում ներկայացնի իր բողոքը։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook