Thursday, March 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչպե՞ս երեխային նախապատրաստել փոքր քրոջ կամ եղբոր լույս աշխարհ գալուն

Փոքր եղբոր կամ քրոջ ծնունդը հաճախ սթրես է երեխայի համար և կարող է լուրջ հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ, եթե ծնողները չկարողանան ժամանակին ճիշտ մոտեցում ցույց տալ: Ահա մի քանի գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն ծնողներին մեծ երեխային նախապատրաստել փոքրիկի լույս աշխարհ գալուն:

Նախապատրաստական փուլ

  • Ձեր երեխային պատմեք իր նորածին ժամանակի մասին. պատմեք՝ ինչպես է նա ծնվել, ինչպես եք կերակրել նրան, խնամել, գրկել, օրորել: Երեխային լուսանկարներ ցույց տվեք, որտեղ նրան լողացնում, կերակրում եք:
  • Երեխային ձեզ հետ տարեք նախածննդաբերական հետազոտությունների: Թույլ տվեք, որ երեխան լսի փոքրիկի սրտխփոցը, զգա շարժումները:
  • Երեխային  տիկնիկ նվիրեք, որպեսզի նա նույնպես զբաղվի «երեխայի» խնամքով:
  • Երեխայի համար պատրաստեք «ես մեծ քույր եմ» կամ «ես մեծ եղբայր եմ» գրությամբ շապիկ և խնդրեք նրան կրել այն, երբ երեխան կծնվի:
  • Միասին պատրաստեք փոքրիկի սենյակը, թույլ տվեք, որ նա իր ներդրումն ունենա:
  • Մեծ երեխայի լուսանկարը փակցրեք այն սենյակում, որտեղ որ ձեր ընտանիքը հաճախ է հավաքվում:
  • Երեխայի հետ պատկերացրեք՝ ինչպիսին է լինելու փոքր քույրը կամ եղբայրը: Օգտագործեք գրքեր, որտեղ նկարներով ցույց է տրվում, թե երեխան ինչ կարող է անել:
  • Երեխային մանրամասն ներկայացրեք, թե ով պետք է զբաղվի իր խնամքով, երբ դուք ծննդատանը կլինեք:
  • Ծննդատանը եղած ժամանակ աշխատեք երեխայի հետ հեռախոսային կապ պահել:

Ծննդատնից վերադառնալը տոն դարձրեք ամբողջ ընտանիքի համար

  • Փոքրիկի ծննդյան կապակցությամբ տորթ պատվիրեք, որպեսզի ծննդատնից վերադառնալիս նշեք իրադարձությունը:
  • Մեծ երեխայի համար փոքրիկ նվերներ պատրաստեք, որոնք նա կբաժանի մանկապարտեզի կամ դպրոցի իր ընկերներին՝ քույր կամ եղբայր ունենալու կապակցությամբ:
  • Երեխայի ծննդից առաջ մեծ երեխայի հետ փոքրիկի համար նվեր ընտրեք:

Թույլ տվեք երեխային ձեր հսկողությամբ հոգ տանել փոքրիկի մասին

  • Նրան հանձնարարեք փոքրիկի համար պատմություններ պատմել, օրորոցային երգել:
  • Թույլ տվեք, որպեսզի երեխան օրորի փոքրիկին:
  • Փոքրիկի տակդիրը փոխելիս կամ բարուրելիս երեխային խնդրեք, որ օգնի ձեզ:

Աղբյուրը՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook